08.07.2022 | 
Կրթություն, Գիտություն
«ՃԱՆԱՊԱՐՀ ՀԱՐԹԵԼՈՎ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԿԱՅՈՒՆ ԿԵՆՍԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ». ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՐԿՕՐՅԱ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
«ՃԱՆԱՊԱՐՀ ՀԱՐԹԵԼՈՎ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԿԱՅՈՒՆ ԿԵՆՍԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ». ԵՊՀ-ՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ԵՐԿՕՐՅԱ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում մեկնարկեց երկօրյա աշխատաժողով, որին մասնակցում են ականավոր մանրէաբան, Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի կենսալուծումների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանը և ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի հետազոտողների թիմը:

Աշխատաժողովն անցկացվում է ԵՊՀ-ի և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի («FAST») համագործակցությամբ գործող  «ADVANCE» դրամաշնորհային ծրագրի շրջանակում, որն ուղղված է միջազգային ճանաչում ունեցող գիտնականների և հայաստանյան հետազոտողների միջև կապերի հաստատմանն ու ամրապնդմանը։

 

 

 

Կարևորելով Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հետ համագործակցության դերը և աշխատաժողովում Կարապետ Անդրանիկյանի ներգրավվածությունը՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն իր խոսքում հույս հայտնեց, որ հետագա տարիներին ևս նմանօրինակ ծրագրերի շնորհիվ համագործակցության շրջանակը կընդլայնվի:

 

«Ուրախ եմ, որ մեծ թվով երիտասարդներ են ներկա այս աշխատաժողովին: Կարծում եմ՝ ԵՊՀ-ն գիտական լուրջ պոտենցիալ ունի, և այստեղ գտնվող երիտասարդները գիտության մեջ ունենալու են իրենց դերն ու ավանդը: Տեսնելով պարոն Անդրանիկյանի նվիրվածությունը սեփական աշխատանքին՝ վստահաբար կարող եմ ասել, որ մեզ սպասվում են մեծ հաջողություններ»,- ասաց Հ. Հովհաննիսյանը:

 

 

«ADVANCE» դրամաշնորհային ծրագրի կենսատեխնոլոգիաների հետազոտական թիմի ղեկավար Կարապետ Անդրանիկյանը, խոսելով ԵՊՀ-ում անցկացվող «Ճանապարհ հարթելով կենսաբազմազանությունից դեպի կայուն կենսատնտեսություն» խորագրով աշխատաժողովի կարևորությունից, ընդգծեց. «Շատ հարցեր կան, որ իսկապես կարևոր են հասարակության համար, և անհրաժեշտ է նոր տեխնոլոգիաներ կիրառել: Կարևորն այն է, որ հայ երիտասարդներն իմանան՝ ինչ տեխնոլոգիաներ կան կենսատնտեսության մեջ: Առանց կենսատեխնոլոգիայի՝ ապագայում դժվարություններ կլինեն: Այս ծրագրերն ապագայում պետք կգան նաև միջառարկայական կրթության զարգացման հարցում: ԵՊՀ-ն գիտնականների շատ մեծ ներուժ ունի, և մենք պետք է մի քանի նախագծերի շուրջ աշխատենք՝ կենտրոնացնելով այդ ներուժը մեկ տեղում»:   

 

 

ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանը, անդրադառնալով աշխատաժողովի կազմակերպման ընթացքին, ասաց. ««FAST»-ի հետ մեր համագործակցությունն իրականացվում է բարձր մակարդակով, և դրա վկայությունը այս աշխատաժողովն է։ Այսպիսի միջոցառումները հայ հետազոտողներին նաև միջազգային համագործակցության լայն հնարավորություն են ընձեռում»:

 

 

Դոցենտ, կ.գ.թ, Հովիկ Փանոսյանը, խոսելով աշխատաժողովի նպատակից, փաստեց. «Աշխատաժողովի խմբի անդամներն ընդգրկված են գիտական հետազոտության մեջ, որի նպատակներն են՝ կենսաբազմազանությունը ծառայեցնել՝ ի շահ տնտեսության, ինչպես նաև երիտասարդ սերնդին հաղորդ դարձնել այն նկրտումներին, որոնք ուղղվելու են գիտության և արտադրության միջև երկխոսության կայացմանը: Պրոֆեսոր Անդրանիկյանը միջազգային ճանաչում ունեցող մասնագետ է և կարող է նպաստել Հայաստանում գիտության զարգացմանը»:

 

 

Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կ.գ.դ., դոցենտ Աննա Փոլադյանը մեզ հետ զրույցում անդրադարձավ աշխատաժողովին ուսանողների ներգրավվածությանը․ «Կարապետ Անդրանիկյանը մեծ փորձ ունի նմանատիպ միջոցառումների կազմակերպման հարցում։ Բացի դրանից՝  այն ոլորտները, որոնց անդրադառնալու ենք աշխատաժողովի ընթացքում, շատ զարգացած են Գերմանիայում: Պրոֆեսորն իր գիտական խմբով մեծ ներդրում ունի թափոնների մշակման, մանրէներից արժեքավոր նյութերի ստացման գործում: Սա ականավոր մանրէաբանին լսելու և նոր գիտելիքներ ստանալու համար լավագույն հնարավորությունն է: Ներկաները պարզապես ունկնդրի դերում չեն լինելու․ նրանք ներգրավվելու են աշխատաժողովի աշխատանքներում՝ բաժանվելով չորս խմբերի և ներկայացնելով ընտրված թեմայի շուրջ իրենց աշխատանքները, իսկ վերջում նրանց կտրվեն հավաստագրեր»:

 

 

Նշենք, որ «ADVANCE» դրամաշնորհային ծրագիրը գործում է 2020 թվականից, ներկայումս ընթանում է հետազոտական երեք նախագիծ կենսատեխնոլոգիաների, մեքենայական ուսուցման և նեյրոգիտության ոլորտներում, որոնցում ներգրավված են ավելի քան տասը տեղացի գիտաշխատողներ։ Ծրագրի կարևոր բաղադրիչներից են բուհերի հետ համագործակցությունն ու ականավոր գիտնականների ակտիվ ներգրավումը դասավանդման գործընթացում, որպեսզի հնարավոր լինի երիտասարդ սերնդին հաղորդակից դարձնել առաջատար փորձին։

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԴԻՏԵՑԻՆ «…ԵՎ ՆՈՐԻՑ ԳԱՐՈՒՆ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ
ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոնում դիտեցին ներկայացում, որի ավարտին տեղի ունեցավ քննարկում ներկայացման ստեղծագործական և դերասանական կազմի հետ:
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՄԻՏՔՆ ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԵՊՀ ՈՒԳԸ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ԺՈՂՈՎԱԾՈՒԻ» ՏՊԱԳԻՐ ՀԱՏՈՐՆԵՐՈՒՄ. ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածու» երիտասարդական գիտական պարբերականի Բնական և ֆիզիկամաթեմատիկական գիտությունների՝ 1.1 (35), Հումանիտար և հասարակական գիտությունների 1.2 (36) համարների շնորհանդեսը: