14.04.2011 | 
Կրթություն
ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՄԲԻՈՆԻ ԱՌԱՋԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
ՄԵԿՆԱՐԿԵՑ ԱՄԲԻՈՆԻ ԱՌԱՋԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԸ
«Մտածել, որ տիրապետելով երկու լեզվի` կարելի է համարվել թարգմանիչ, նույնն է, թե մտածել, որ ունենալով միայն երկու ձեռք` կարելի է դաշնամուր նվագել»:

Կանադացի պաշտոնյաներից մեկի`ժամանակին արված այս արտահայտությունն այսօր Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում մեկնարկած «Թարգմանության տեսական եւ գործնական հարցեր» խորագրով գիտաժողովի ընթացքում մեջբերեց Թարգմանության տեսության եւ պրակտիկայի ամբիոնի վարիչ Կարո Կարապետյանը: Երկօրյա գիտաժողովն ամբիոնի կողմից կազմակերպված առաջին հանրապետական գիտաժողովն է, որի ընթացքում կհնչեն շուրջ 30 զեկուցումներ: Եվս 9 զեկուցումներ կհնչեն այս գիտաժողովի երրորդ նստաշրջանում` ապրիլի 22-ին. կքննարկվեն բացառապես Շեքսպիրի եւ Բայրոնի ստեղծագործությունները:

 

ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների եւ հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանի` իր բնորոշմամբ ոչ մասնագիտական կարծիքով` այսօր մեր երկրում թարգմանության հետ կապված լուրջ խնդիրներ կան: Այդ խնդիրների լուծման ճանապարհը ԵՊՀ պրոռեկտորը երկու ուղղությամբ է տեսնում` ունենալ հնարավորինս շատ օտար լեզուների տիրապետող մասնագետներ եւ խթանել թարգմանության զարգացումը: «Երկուսի համար էլ պատասխանատու է Ձեր ֆակուլտետը»,- նկատեց Ռուբեն Մարկոսյանը: «Մեր ժողովրդի գրական մշակույթի պատմության մեջ թարգմանությունը կարեւորագույն ուղղություն է եղել:

 

Պատահական չէ, որ մենք ունենք նաեւ Թարգմանչաց տոն: Ժամանակի լավ գրողները նաեւ լավ թարգմանիչներ են եղել, քանի որ գիտակցել են այդ գործի ռազմավարական նշանակությունը»,- ընդգծեց ԵՊՀ գիտական քարտուղար Վահրամ Պետրոսյանը, ում կարծիքով` Թարգմանության տեսության եւ պրակտիկայի ամբիոնը պետք է լինի ոչ միայն ներֆակուլտետային, այլեւ համահամալսարանական նշանակության ամբիոն: Նշենք, որ գիտաժողովը նվիրվում է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի հիմնադրման 20-ամյակին, իսկ մասնակիցների հետաքրքրական զեկուցումներին կանդրադառնանք «Երեւանի համալսարան» թերթի առաջիկա համարում:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։