04.03.2011 | 
Հասարակություն
ԱՅՍՈՒՀԵՏ ՆԱԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔՈՎ
ԱՅՍՈՒՀԵՏ ՆԱԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔՈՎ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եւ ՀՀ Ազգային ժողովի միջեւ այսօր համագործակցության հուշագիր ստորագրվեց:

ՀՀ ԱԺ-ի եւ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի` մի քանի տարվա պատմություն ունեցող հարաբերություններն այսուհետ ոչ միայն բարեկամական, այլեւ իրավական հիմք ունեն: Երկու կառույցների միջեւ համագործակցության հուշագիրը ստորագրեցին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը եւ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը: Ըստ հուշագրի` համագործակցությունը հիմնականում կդրսեւորվի օրինաստեղծ գործընթացին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնակցությամբ: Համալսարանական մասնագետները ստեղծվող նախագծերի վերաբերյալ մասնագիտական եզրակացություններ կներկայացնեն, կիրականացնեն արդեն իսկ գործող իրավական ակտերի մոնիթորինգ:

 

Գագիկ Ղազինյանը շեշտեց, որ իրականում այս գործընթացն այսօր էլ իրականացվում է, եւ հուշագիրը պարզապես արդեն իսկ առկա բարեկամական հարաբերությունները նոր հարթություն է տեղափոխում: Հուշագրով կշարունակվի նաեւ ԵՊՀ-ի կողմից ԱԺ գրադարանը մասնագիտական գրականությամբ համարելու գործընթացը, որն իրականացվում է արդեն երկու տարի: «Հուշագրի հիմնական նպատակն է ԵՊՀ-ի ռեսուրսներով աջակցել, որ ԱԺ-ում ընդունվող օրենքները լինեն հնարավորինս որակյալ: Մենք այդ հարցում շահագրգիռ ենք, որովհետեւ մենք անընդհատ առնչվում ենք դրանց ինչպես դասավանդման ընթացքում, այնպես էլ պրակտիկ դաշտում»,- նշեց Գագիկ Ղազինյանը` հույս հայտնելով, որ հուշագիրը նաեւ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին ԱԺ-ում պրակտիկա անցնելու իրական հնարավորություն կստեղծի: «Կարծում եմ` համագործակցությունը երկուստեք արդյունավետ կարող է լինել: Օրենքները մինչեւ վերջնական տեսք ստանալը երկար ճանապարհ են անցնում, եւ Իրավագիտության ֆակուլտետի ունեցած փորձն այդ ճանապարհին կարող է խիստ օգտակար լինել ԱԺ-ի համար»,- ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը:

Այլ նորություններ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ․ ՄԱՍ 2-ՐԴ
Համալսարանականները շարունակում են ամփոփել անցնող տարվա ընթացքում կատարած աշխատանքներն ու գրանցած հաջողությունները։ Տարին մշակութային էր, ԵՊՀ ուսանողների և շրջանավարտների համար՝ հագեցած աշխատանքի առաջարկներով։
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՆ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ. ՄԱՍ 1-ԻՆ
Ավարտվում է 2022 թվականը, և համալսարանականները ներկայացնում են անցնող տարվա ընթացքում գրանցված հաջողություններն ու ձեռքբերումները, ինչպես նաև անդրադառնում ապագայի ծրագրերին։ Հաջողությունները եղել են բոլոր ուղղություններով՝ գիտականից մինչև ֆինանսական։