04.12.2008 | 
Հասարակություն
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Այսօր կլոր սեղանի շուրջ էին հավաքվել միջազգային իրավունքի մասնագետներն ու ապագա դիվանագետները`քննարկելու ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը:

ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում անցկացվող գիտագործնական սեմինարը կրում էր «Ազգերի եւ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքն ու դրա կիրառման հիմնախնդիրները ժամանակակից միջազգային իրավունքում» վերնագիրը:

Իրավագիտության ֆակուլտետի եվրոպական եւ միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը մինչ զեկուցողներին խոսք տրամադրելը ողջունեց մասնակիցներին եւ կարեւորեց նմանաբնույթ քննարկումները. «Այսօրվա մեր թեման առավել քան հրատապ է, քանի որ ազգերի ինքնորոշման սկզբունքը եւ իրավունքն անմիջականորեն անդրադառնում է մեր պատմական տարածքների, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծմանը»: 

Իրավագիտության ֆակուլտետի դասախոս, ի.գ. թեկնածու, դոցենտ Արմեն Զալինյանը ներկայացրեց «Լեռնային Ղարաբաղ. իրավակա՞ն, թե՞ քաղաքական հակամարտություն» թեմայով զեկույցը` ԼՂ օրինակով մանրամասն վերլուծելով ազգային ինքնորոշման պատմական եւ իրավական սկզբունքները: 

Այնուհետեւ իր զեկույցով հանդես եկավ նաեւ Վիգեն Քոչարյանը, ով մասնակիցների համար ընթերցեց «Ազգերի եւ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման ակզբունքի ձեւավորումը, զարգացումը եւ արդի բովանդակությունը»:

Ուսանողները, անկասկած, պասիվ լսողի դերում չէին. նրանք նույնպես հետաքրիր եւ ընդգրկուն զեկույցներ էին պատրաստել` «Ինքնորոշման իրավունքի իրացման առանձնահատկություններն ապագաղութացման գործընթացից դուրս», «Ազգերի եւ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման ակզբունքի` որպես միջազգային իրավունքի իմպերատիվ (jus cogens) նորմի առանձնահատկությունները», «ԼՂՀ ժողովրդի` միջազգային ճանաչված ինքնորոշման իրավունքի իրացման արծարծումը միջազգային իրավական փաստաթղթերում» եւ «Արտաքին ինքնորոշման իրավունքի եւ uti posidetis-ի հարաբերակցությունը «ժողովուրդ» հասկացության բնորոշման համատեքստում»: 

Զեկույցներից հետո թեմաների շուրջ ծավալվեցին ակտիվ քննարկումներ:

Այլ նորություններ
ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ  ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻՆ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ, Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի աջակցությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ:
ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԱՊԱՑՈՒՅՑՆԵՐԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԴԵՊԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Ապացույցների թույլատրելիության ինստիտուտի զարգացումը ՀՀ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում» խորագրով սեմինար-քննարկում։