07.05.2009 | 
Ուսանողական, Կրթություն, Մշակույթ
ԱՐՎԵՍՏԸ ԲՈՒԺՈՒՄ Է ՀՈԳԻՆ
ԱՐՎԵՍՏԸ ԲՈՒԺՈՒՄ Է ՀՈԳԻՆ
ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնում իրականացվում են հոգեթերապեւտիկ տարբեր ուղղությունների թրեյնինգային ծրագրեր:

Մայիսի 7-ին ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի արտ-թերապիայի բազային տեխնիկաներ թրեյնինգային դասընթացներ անցած ուսանողները կազմակերպել էին ցուցահանդես, որտեղ ներկայացրել էին դասընթացի ընթացքում ստեղծված իրենց անհատական եւ խմբակային նկարները, ինչպես նաեւ կենցաղային իրեր, որոնք պատրաստել էին կավի միջոցով:

 

Արտ-թերապիայի բազային տեխնիկաներ թրեյնինգային դասընթացների ընթացքում մասնագետը ստեղծագործական ակտիվացման միջոցով ձեռք է բերում ինքնազարգացման, ինքնաճանաչման, ինքնաարտահայտման հմտություններ, անդրադառնում սեփական ներհոգեկան հույզերի եւ ապրումների բացահայտմանը, ինչը նպաստում է անձի զարգացմանը:

 

Կիրառական հոգեբանության կենտրոնը գործում է 2008 թ-ի հոկտեմբերից եւ նպատակ ունի բնակչությանը մատուցելու խորհրդատվական բնույթի ծառայություններ, աջակցելու Հայաստանում կիրառական հոգեբանության զարգացմանը ու որակի բարձրացմանը եւ հոգեբանությամբ մասնագիտացող ուսանողների մասնագիտական կրթության որակի բարելավմանը: «Գաղտիք չէ, որ Հայաստանում կիրառական հոգեբանությունն այդքան էլ զարգացած չէ, եւ մենք կարիք ունենք արհեստավարժ հոգեբանական աջակցության եւ հոգեբան մասնագետներին պրակտիկ գիտելիքների տրամադրման:

 

Մեր կենտրոնում իրականացվում են հոգեթերապեւտիկ տարբեր ուղղությունների տեսական գիտելիքների եւ գործնական հմտությունների ձեւավորման ու զարգացման թրեյնինգային ծրագրեր»,- ասում է ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի տնօրեն Դավիթ Գեւորգյանը: Դավիթ Գեւորգյանը պատմում է, որ դասընթացներն անցկացվում են 8-12 հոգուց բաղկացած խմբերով, որոնց մասնակցում են հոգեբանության ոլորտում մասնագիտացող ուսանողները, հոգեբան մասնագետները, ինչպես նաեւ հարակից ոլորտների մասնագետները, օրինակ` բժիշկներ, սոցաշխատողներ եւ այլն: Ներկայումս կենտրոնում իրականացվում են թրեյնինգային հետեւյալ դասընթացները` հոգեդինամիկ հոգեթերապիա, հեքիաթաթերապիա, խաղային հոգեթերապիա, կրեատիվության թրեյնինգ, ինքնավերլուծության հմտությունների զարգացում, արտ-թերապիայի բազային տեխնիկաներ եւ այլն:

 

Թրեյնինգային եւ խորհրդատվական աշխատանքներն իրականացվում են կենտրոնի` դասավանդման, հոգեբանական խորհրդատվության եւ խմբակային աշխատանքների ոլորտում փորձ ունեցող եւ վերապատրաստված հմուտ մասնագետների եւ դասախոսների կողմից: ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնում նախատեսվում է նաեւ իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ կիրառական հոգեբանության տարբեր ոլորտներում, մասնավորապես` բիզնեսի, քաղաքական հոգեբանության, հոգեախտորոշման, HR- եւ PR-մենեջմենթի եւ այլն:

Այլ նորություններ
ԻՐԱՎԱԳԵՏՆԵՐԻ ԲԱՆԱՎԵՃԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱԿՈՒՄԲԻ ԱՌԱՋԻՆ՝ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՓՈՒԼՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործող բանավեճի մասնագիտացված ակումբն իր գործունեության շրջանակում երկրորդ տարին անընդմեջ կազմակերպում է մեկշաբաթյա դասընթացներ, որոնց հաջորդում է բուն առաջնության փուլը:
ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՅԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՊՐՈՑ
Հայաստանի Հանրային ռադիոյում այսօր տեղի է ունեցել Հանրային ռադիոյի և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի համատեղ կազմակերպած «Ռադիոլրագրության վարպետություն» աշնանային դպրոցի բացման արարողությունը: