09.11.2011 | 
Կրթություն
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԵՑ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԸ
ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐԵՑ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԸ
Համալսարանականների հետ հանդիպման թեման էր «Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը»:

ԵՊՀ միջազգային հարաբերությունների, իրավագիտության, ժուռնալիստիկայի, արեւելագիտության ֆակուլտետների, ինչպես նաեւ մի շարք հետաքրքրասեր համալսարանականների համար երեկ «Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը հայ-թուրքական սահմանի վերաբերյալ. պատմական հենք եւ իրավական գնահատական» թեմայով դասախոսություն կարդաց պատմաբան, արեւելագետ, միջազգային իրավունքի մասնագետ եւ «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

 

Դասախոսության ընթացքում միջազգային իրավունքի մասնագետն անդրադարձավ Վիլսոնի` Հայկական հարցի եւ հայերի վերաբերյալ ունեցած հայացքներին ու քաղաքական մոտեցումներին. «Ըստ ԱՄՆ 28-րդ նախագահի` հայերի կենսական առաջընթացն ու բնական զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ էր իր իրավարար վճռով նախատեսված սահմանների ներսում ապրել, քանի որ առանց այդ հողային տարածքների` հայերի բնական, տնտեսական ու կենսական առաջխաղացումը կհանգեցներ մի շարք խնդիրների»:

 

Արա Պապյանը նշեց նաեւ, որ ի տարբերություն պայմանագրերի` իրավարար վճիռներն անբեկանելի են եւ վաղեմության ժամկետ չունեն. դրանք կարող են անկատար մնալ այս պարագայում, բայց դրանից իրենց ուժը երբեք չեն կորցնում: «Իրավական տեսանկյունից այդ փաստաթուղթն իդեալականորեն է կազմված, սակայն հայ-թուրքական հարաբերություններն այսօր կարգավորվում են քաղաքական դաշտում, այլ ոչ իրավական»,- ասաց պատմաբանը` հավելելով, որ եթե խնդիրների լուծումը տեղափոխվեր իրավական դաշտ, ապա ամեն բան ավելի հեշտ կլիներ. «Քաղաքականությունը խաղի է նման, մինչդեռ իրավական դաշտում խաղեր չկան»:

 

Հանդիպման վերջում Արա Պապյանը պատասխանեց ուսանողների հարցերին` հույս հայտնելով, որ իր դասախոսությունից ազդված համալսարանականները կսկսեն հետազոտություններ կատարել Վիլսոնի իրավարար վճռի եւ Հայկական հարցի վերաբերյալ, ավելին` նա ներկաներին հիշեցրեց, որ այս տարվա մայիսին անգլերենով առաջին անգամ տպագրվել է ԱՄՆ պետական արխիվում պահվող Վիլսոնի իրավարար վճռի ամբողջական օրինակը (այն ունի երկու մաս. առաջին մասը բուն վճիռն է` 86 էջ, երկրորդ մասում հավելվածներ են` 159 էջ: Իրավարար վճիռն ունի նաեւ 5 մեծ քարտեզներ, որոնք վերաբերում են տարբեր հարցերի): Գրքի մի օրինակ նվիրելով համալսարանին` Արա Պապյանը համոզմունք հայտնեց, որ այն մի շարք հետազոտությունների համար ցանկալի աղբյուր կդառնա: «Գալիք տարում սպասում ենք Վիլսոնի իրավարար վճռի հայերեն, ռուսերեն, իսպաներեն, թուրքերեն տարբերակներին, որոնք արդեն թարգմանված են եւ տպագրության են հանձնվել»,- հանդիպման ավարտին հավելեց արեւելագետը:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ ԷՐ ՖԻԶՄԱԹ ՀՈՍՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՈՂՄՆՈՐՈՇՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության նախաձեռնությամբ Երևանի մասնագիտական և ավագ դպրոցների աշակերտները հանդիպեցին Ֆիզիկայի ֆակուլտետի ղեկավարության հետ:
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԹԻՎ 198 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժինն այսօր մասնագիտական կողմնորոշման նպատակով այց է կազմակերպել Երևանի թիվ 198 ավագ դպրոց։