Արաբագիտության ամբիոնի ուսանողներն ու պրոֆեսորադասախոսական կազմը հյուրընկալել էր ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վահիդ ադ-դին Իսմայիլ Ջալալին: Հանդիպումն անցացվում էր Եգիպտոսի «նվիրած» Մուբարակի անվան լսարանում եւ բացառապես արաբերեն լեզվով:
Հանդիպման սկզբում միայն հյուրին հայերենով ողջունեց Արեւելագիտության ֆակուլտետի դեկանը: «Համալսարանը շատ երկրների հետ է համագործակցում, սակայն Եգիպտոսի հետ բարեկամությունը մեր ֆակուլտետի համար առանձնահատուկ կարեւորություն ունի: Համալսարանի բարեկամներից քչերն են իրենց երկրում սեփական ծախսերով մեր ուսանողներին ուսանելու եւ դասախոսներին վերապատրաստվելու հնարավորություն տալիս:
Եգիպտոսը այդ քչերից մեկն է»,- ողջունի խոսքում նշեց ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը: Դեսպանին ողջունեցին եւ հայ-եգիպտական հարաբերությունների մասին խոսեցին ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի դասախոսները, իսկ ուսանողներից մի քանիսն ասմունքեցին արաբերենով:
Արաբագիտության ամբիոնի ուսանող Մանուշակ Բաբայանը նշում է, որ այլ զգացողություն ես ունես, երբ քո արաբերեն խոսքը լսում է մեկը, ով ոչ միայն խոսում, այլեւ մտածում է արաբերեն: «Արաբի հետ խոսելիս պետք է հաշվի առնել նաեւ նրա մտածելակերպը, կրոնը, իսկ արաբախոս դասախոսների հետ շփվելիս նման նրբություններ հաշվի չես առնում»: Դեսպանի խոսքից հետո ուսանողները հնարավորություն ստացան հարցեր ուղղելու նրան:
Գուրգեն Մելիքյանը տեղեկացրեց, որ դեսպանի հետ հանդիպումը շարունակություն կունենա. դեսպանին սպասում են նաեւ գարնանը: Վերջում Գուրգեն Մելիքյանը ֆակուլտետի անունից Վահիդ ադ-դին Իսմայիլ Ջալալին նվիրեց 34 հազար հանգույց ունեցող արցախյան զարդանախշ: Ֆակուլտետի դեկանը նշեց, որ տարեկան հինգ ուսանող եւ նույնքան դասախոս հնարավորություն են ստանում սովորելու եւ վերապատրաստվելու Եգիպտոսում:
Պայմանավորվածության համաձայն` մասնակիցների թիվը առաջիկայում կավելանա: Գուրգեն Մելիքյանը կարեւորում է նման հանդիպումները` համարելով դրանք ամենաարդյունավետ միջոցներից մեկը տվյալ լեզվի եւ մշակույթի ուսումնասիրության համար: