07.05.2009 | 
Ուսանողական, Հասարակություն
ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻ. ԻՆՉՊԵ՞Ս ԵՎ ԻՆՉՈ՞Ւ
ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻ. ԻՆՉՊԵ՞Ս ԵՎ ԻՆՉՈ՞Ւ
«Մարդիկ մտածում են, թե մենք միայն Ցեղասպանության ճանաչման գործերով ենք զբաղվում: Ո՛չ, այդպես չէ»:

Այսօր ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսեցիների հյուրը Ամերիկայում հայկական համագումարի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանն էր: Այս համագումարն ամենախոշոր լոբբիստական կազմակերպություններից մեկն է ԱՄՆ-ում, որը ներկայացված է նաեւ Սենատում:

 

Հայոց ցեղասպանության ճանաչման, Ղարաբաղին ցույց տրվող հումանիտար օգնության, Հայաստանին ամեն տարի ԱՄՆ բյուջեից հատկացվող ֆինանսական միջոցների եւ նմանատիպ այլ խնդիրների լուծմանն են հետամուտ այդ կազմակերպության անդամները: «Ես միայն որպես ԱՄՆ քաղաքացի կարող եմ ազդել ամերիկացու կարծիքի վրա: Ու թեեւ մենք պետք է ներկայացնենք ամերիկահայերի շահերը, սակայն դա պետք է անենք այնպես, որ ակնհայտ լինի հենց ԱՄՆ-ի շահը,- բացատրեց Արփի Վարդանյանը` օրինակ բերելով Ցեղասպանության ճանաչման գործընթացը.- ինչպե՞ս հիմնավորեմ, թե ինչու ԱՄՆ-ն պետք է ընդունի Հայոց ցեղասպանության իրողությունը:

 

Պատճառը ոչ թե այն է, որ ես հայ եմ եւ ուզում եմ, որ իմ պատմությունն էլ ճանաչվի, չմոռացվի, այլ որովհետեւ այդ դեպքում Ամերիկայի պատմությունն էլ կմոռացվի: Ի վերջո, ԱՄՆ-ն մեծ դեր է խաղացել 1915-23 թթ-ին եւ անգամ դրանից հետո հայերին փրկելու, օգնելու հարցերում»: Ամերիկայում հայկական համագումարի հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 1989 թվականի փետրվարին, երբ կազմակերպության մի շարք անդամներ 1988-ի երկրաշարժից տուժածներին հումանիտար օգնություն ցույց տալու համար ժամանեցին Հայաստան:

 

«Ցեղասպանության խնդրից բացի, կան հարցեր, որոնք Կոնգրեսում մեզ համար օրակարգային են: Դրանցից մեկը Ղարաբաղին ԱՄՆ-ի կողմից ցույց տրվող նյութական օգնությունն է: Այդ հարցի համար մենք պայքարել են 3 տարի: Իսկ դա դժվար գործ էր, քանի որ ԱՄՆ-ն չէր ճանաչում Ղարաբաղը: Մենք կարողացանք համոզել, որ սա ոչ թե քաղաքական հարց է, այլ մարդկանց գոյության խնդիր, եւ որ Ղարաբաղում իսկապես այդ գումարի կարիքն անսահման շատ էր զգացվում»,- պատմեց բանախոսը: Երբ արդեն որոշվել էր, որ ԱՄՆ-ն Ղարաբաղին ֆինանսական օգնություն է տրամադրելու, մի քանի կոնգրեսականներ եւ աշխատակիցներ այցելեցին Հայաստան: 1999 թ-ի դեկտեմբերն էր:

 

«Գնացինք Գյումրի, որից հետո ես պետք է նրանց ուղեկցեի նաեւ Ղարաբաղ: Այդ տարի սարսափելի ցուրտ էր: Այն ժամանակ Ղարաբաղում հյուրանոցներ գրեթե չկային: Մի երկու տեղ կարողացանք բոլորին տեղավորել»,- ասաց Արփի Վարդանյանը: Հյուրերի համար ապահովեցին հնարավոր «լավագույն» պայմանները` մեքենայից հանված տաքացուցիչներ, փայտե վառարան, մի քանի տաք վերմակ եւ այլն: Հաջորդ առավոտյան` նախաճաշի ժամանակ, բոլորը մրսում էին. մեկը ձեռնոցով էր, մեկը` գլխարկով, մյուսը` ծածկոցով փաթաթված: Սեղանի մի ծայրին երկու աղջիկ բողոքում էին ցրտից: «Ես լուռ լսում էի:

 

Քիչ անց վեր կացա, ասացի. «Շատ եմ ցավում, որ դուք մրսում եք: Շատ վատ եմ զգում, որ ցրտին դիմակայելու պայմաններ չենք կարող ձեզ առաջարկել: Բայց մյուս կողմից էլ` ուրախ եմ, որ դուք ձեր մաշկի վրա եք զգում այն, ինչ մարդկանց ու հատկապես այստեղ մեծացող փոքրիկների առօրյան է»»,- հիշում է հայկական լոբբիի ակտիվ անդամը: Օրվա ավարտին բոլորը Արփի Վարդանյանից ներողություն էին խնդրում թերահավատության համար: Ու հիմա այդ մարդիկ հայերի ամենամեծ դաշնակիցներն են Կոնգրեսում:

Այլ նորություններ
«ԱՆԵԼՈՒ ԵՄ ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐՊԵՍԶԻ ԲՈՒՀԻ ՄԹՆՈԼՈՐՏԸ ՓՈԽՎԻ». ԵՊՀ ՌԵԿՏՈՐԻ ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսoր ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը համալսարանականներին ներկայացրեց ԵՊՀ ռեկտորի նոր ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանին:
«ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԴՈՄԻՆԱՆՏ ԱՌԱՐԿԱՆ ԱՅԼԵՎՍ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՀԻՄՔԸ ՉԷ». ԼԻԼԻԹ ՇԱՔԱՐՅԱՆ
ԵՊՀ սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Լիլիթ Շաքարյանը հրատարակել է իր երկրորդ՝ «Հաղորդակցության մարտահրավերները տեղեկատվական հասարակությունում» գիրքը, որտեղ դիտարկվել են տեղեկատվական հեղափոխության դերն ու նշանակությունը մարդկության և հասարակական ոլորտների զարգացման գործընթացում: Տիկին Շաքարյանի հետ զրուցել ենք գրքի, դրանում արծարծված թեմաների ու առաջիկա ծրագրերի մասին: