18.05.2011 | 
Կրթություն, Հասարակություն
ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-Ի ԵՎ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ
ՆՈՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-Ի ԵՎ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Այսօր Երեւանի պետական համալսարանը պայմանագրեր կնքեց երեւանյան հինգ ավագ դպրոցների հետ:

Ըստ պայմանագրերի` Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ, N 114, N 139, N 148, N 184 ավագ դպրոցներում կհիմնվեն նպատակային դասարաններ (հոսքեր): Իսկ ԵՊՀ-ն պարտավորվում է այդ դասարաններում ուսումնառության կազմակերպման նպատակով (անհրաժեշտության դեպքում) ապահովել համապատասխան մասնագետներով, անհրաժեշտ առարկայական ծրագրերով եւ մեթոդական գրականությունով: Պայմանագրերում նշված կետերի համաձայն` ԵՊՀ հետբուհական կրթության վարչության կողմից կկազմակերպվեն դպրոցների ուսուցիչների կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաեւ վերջիններս պարբերաբար կմասնակցեն ԵՊՀ-ում անցկացվող գիտաժողովներին եւ սեմինարներին:

 

Մայր բուհը պարտավորվում է նաեւ վերոնշյալ հինգ դպրոցներին անհատույց աջակցություն ցուցաբերել ուսումնամեթոդական ձեռնարկների տպագրության հարցում, կատարել դասարանների կահավորման աշխատանքներ: Դպրոցներում բարձր առաջադիմություն ունեցող աշակերտների համար կսահմանվեն անվանական կրթաթոշակներ, իսկ ուսուցիչների համար` ամենամյա «Լավագույն ուսուցիչ» մրցանակ: Լավագույն աշակերտների համար ԵՊՀ ուսումնաարտադրական բազաներում կկազմակերպվեն նաեւ ամառային ճամբարներ: Նախկինում ԵՊՀ-ի եւ ավելի քան 30 դպրոցների միջեւ եղել են համաձայնագրեր կրթական գործունեություն ծավալելու վերաբերյալ. աշակերտներին տրամադրվել է խորհրդատվություն մասնագիտական կողմնորոշման հարցում, ինչպես նաեւ պարբերաբար կազմակերպվել են ճանաչողական այցեր ԵՊՀ: Այս ամենը կշարունակվի նաեւ այս պայմանագրերի շրջանակներում, ինչի արդյունքում աշակերտները հնարավորություն կունենան հանդիպելու ԵՊՀ ֆակուլտետների ղեկավարության եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

 

ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ համագործակցության որակական նոր սկիզբ է դրվում. «Այս համագործակցության արդյունքը շատ կարեւոր է երկու կողմերի համար էլ. ԵՊՀ-ի համար կարեւոր է, քանի որ կարիք ունի եւ ցանկանում է ունենալ բարձր որակի դիմորդներ եւ ուսանողներ, իսկ դպրոցները բուհերի հոգածության կարիքն ունեն: Այս պայմանագիրն ու համագործակցությունը ուղղված են մի նպատակի` որակյալ մասնագետներ պատրաստել, կրթել ու դաստիարակել իսկական քաղաքացիներ, պիտանի մարդիկ մեր երկրի վաղվա օրվա համար»,- ասաց Արամ Սիմոնյանը` հավաստիացնելով, որ Երեւանի պետական համալսարանն անկեղծ է իր ցանկության մեջ եւ պատրաստակամ է օգնելու:

 

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն էլ շնորհակալություն հայտնեց ԵՊՀ-ին եւս մեկ անգամ ավագ դպրոցների կարեւորությունը շեշտելու համար: «Ավագ դպրոցների ստեղծումը մեր ամենապատասխանատու բարեփոխումներից մեկն է, ինչը միանշանակ չի ընկալվում դեռեւս մեր հասարակության որոշ մասի կողմից: Եվ հիմա միասին կայացման ճանապարհ ենք անցնում, որպեսզի ավագ դպրոցները դառնան այն հաստատությունները, ինչին ձգտում ենք»,- նշեց Արմեն Աշոտյանը` հավելելով, որ ավագ դպրոցները դեռեւս ձեւավորված չեն, եւ նրանց կայացման մասին խոսելը դեռ վաղ է: Վերջինիս վստահեցմամբ` մեկ ամիս առաջ նման համագործակցություն է սկսել նաեւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը` համաձայնագիր կնքելով Երեւանի N 3 դպրոցի հետ: Պայմանագրերի կնքման արարողությունից հետո հայաստանյան 27 դպրոցների տնօրեններ Մայր բուհի կողմից պարգեւատրվեցին ԵՊՀ դպրոցականների առարկայական օլիմպիադային ակտիվ մասնակցելու եւ բարձր արդյունքներ ապահովելու համար:

Այլ նորություններ
ԵՊՀ-Ն ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ԻՐ ԴԻՐՔԵՐՆ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԲՈՒՀԵՐԻ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ «U-MULTIRANK» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
«U-Multirank»-ը հրապարակել է աշխարհի լավագույն բուհերի վարկանիշային 2021 թվականի ցուցակը, ըստ որի՝ ԵՊՀ-ն տարածաշրջանային 417 բուհերի շարքում բարելավել է իր դիրքերը։
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ՈՒ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ԴԱՏԱԽԱՂԸ
Այսօր մեկնարկել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) համատեղ նախաձեռնությամբ իրականացվող քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված միջբուհական դատախաղի բանավոր փուլը: