22.10.2010 | 
Կրթություն
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ «ԿԱՆԱՉ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ» ՇՈՒՐՋ
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ «ԿԱՆԱՉ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ» ՇՈՒՐՋ
Ապագա աստվածաբաններն ու աշխարհագրագետներն այսօր փորձում էին գտնել Աստվածաշունչ-բնություն կապի դրսեւորումները:

ԵՊՀ աստվածաբանության ու աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետների ուսանողական գիտական ընկերությունների նախաձեռնությամբ այսօր կայացավ «Կանաչ Աստվածաշունչ» խորհրդանշական խորագրով սեմինար-քննարկում, որին մասնակցում էին երկու ֆակուլտետների ուսանողները: «Բնության մեջ բոլոր արարածները հարմարվում են միջավայրին, իսկ մարդը միշտ փորձում է վերափոխել այն: Այսօր մեզանում բազմաթիվ բնապահպանական միջոցառումներ են իրականացվում, բայց արդյունքը, ցավոք սրտի, զրո է»,- ուսանողներին ուղղված իր խոսքում նշեց աշխարհագրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դասախոս Սեյրան Սուվարյանը: Վազգենյան հոգեւոր դպրանոցի փոխտեսուչ Տեր Մինաս քահանա Մարտիրոսյանի կարծիքով` բնապահպանական բոլոր չարիքների պատճառը մարդու` աստվածության ձգտելու մոլուցքն է: «Մարդը փորձում է աստվածանալ` շրջանցելով Աստծուն, այնինչ փոխարենը պիտի մոտենա Արարչին: Պատճառներից մեկն էլ կիրքն է:

 

Հենց կրքերի ու հպարտության չարաշահումն էլ հանգեցնում է բացասական երեւույթների»,- ընդգծեց Տեր Մինասը: Սեմինար-քննարկման ընթացքում ուսանողները հանդես եկան նաեւ զեկուցումներով, որոնցից մեկը ներկայացնում էր Պատմության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Միքայել Մալխասյանը: «Մարդու` բնության զարդը լինելու քրիստոնեական հաստատումը ոչ թե շրջակա միջավայրի նկատմամբ զուտ գերիշխող դիրք ունենալու մտադրությունների արտահայտությունն է, այլ աստվածապարգեւ ազատության շնորհիվ շրջակա միջավայրի պահպանման ու բարելավման գիտակցումը եւ մեխանիզմների ստեղծումն ու կիրառումը»,- մարդու աստվածապարգեւ ազատության եւ շրջակա միջավայրի մասին իր զեկույցում նշեց Միքայել Մալխասյանը: Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի ՈԻԳԸ նախագահ Գոռ Ալեքսանյանը, ով այս միջոցառման հիմնական կազմակերպիչներից էր, համոզված է, որ բնապահպանական ճգնաժամերը հնարավոր կլինի հաղթահարել միայն այն դեպքում, երբ փոփոխենք մեր մտածելակերպն ու վերաբերմունքը բնության նկատմամբ: Տեր Մինաս քահանա Մարտիրոսյանն էլ իր հերթին հիշեցնում է աստվածաշնչյան հայտնի տողերը`«Ավելի լավ է տալը, քան առնելը», ու հորդորում ուսանողներին ծառայել իրենց կոչմանը, այն է` նյութական աշխարհի ոգեղենացումը:

Այլ նորություններ
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ. ԵՊՀ-ՈՒՄ ԱՎԱՐՏՎԵԼ Է ԲԱԿԱԼԱՎՐԻԱՏԻ 2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ԱՌՑԱՆՑ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
ԵՊՀ-ում հունիսի 15-ին ավարտվել է 2020-2021 ուսումնական տարվա դիմորդների դիմում-հայտերի առցանց ընդունման առաջին փուլը, որին հայտագրվել է 4060 դիմորդ:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐՆ ԸՆԴՈՒՆՎՈՒՄ ԵՆ ԱՌՑԱՆՑ
ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց: