01.06.2007 | 
Կրթություն
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Այս տարվա դիմորդներն ավարտական ու միասնական առաջին քննությունը հանձնեցին նաեւ ԵՊՀ-ում:

Երեւանի պետական համալսարանում հունիսի 1-ին «Հայոց լեզու, գրականություն» առարկայից պետական ավարտական եւ միասնական քննություն հանձնեցին Երեւանի Կենտրոն համայնքի դպրոցների 300 դիմորդներ:

Քննակարգին մանրամասն ծանոթացնելուց հետո բաժանվեց թեստերը լրացնելու կարգը, վիճակահանության միջոցով ընտրվեցին դիմորդների համարներն ու սահմանված կարգի համաձայն` պահոցից հանվեցին քննատոմսերը:

Երեք ժամվա ընթացքում դիմորդները պետք է հասցնեն կատարել հանձնարարված առաջադրանքը, իսկ քննության ավարտին ցանկության դեպքում կարող են պատճենահանել եւ քննասենյակից դուրս բերել իրենց տարբերակները: Մինչ ապագա ուսանողները փորձում էին պատասխանել հայոց լեզվին ու գրականությանը վերաբերող հարցերին, ծնողներն ու դիտորդները տեսախցիկների միջոցով հետեւում էին քննության ընթացքին:

Դիմորդների գրավոր աշխատանքները գնահատվելու են համակարգչային ծրագրի միջոցով, եւ յուրաքանչյուր դիմորդի գնահատականը պարզ է դառնալու իր ձեւաթղթի վրա նշված համարով: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի կարծիքով` համակարգչային ծրագրով թեստային աշխատանքներ ստուգելը դրական մեթոդ է, ինչը ԵՊՀ ռեկտորը չի խրախուսում ստեղծագործական աշխատանքներ ստուգելիս:

«Հայոց լեզու եւ գրականություն» առարկայից ավարտական եւ միասնական քննության ԵՊՀ կենտրոնի ղեկավար Սասուն Մելիքյանը հավաստիացրեց, որ քննությունների հետ կապված որեւէ խնդիր չկա, մտավախությունը կազմակերպչական հարցերն են, քանի որ պետական ավարտական եւ միասնական քննություն անցկացվում է առաջին անգամ, թեպետ փորձնական փուլը հաջողությամբ է իրականացվել:

ԵՊՀ քննասենյակ այցելեց նաեւ վարչապետ Սերժ Սարգսյանը: Նայելով հանձնարարված թեստի մի քանի հարցերի` վարչապետը վստահաբար ասաց. «Եթե դիմորդը անգամ մակերեսային պատկերացումներ ունի հայոց լեզու եւ գրականություն առարկայից, ապա անպայման հաջողությունների կհասնի»:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Գայանե Մանուկյանը տեղեկացրեց, որ հարգելի պատճառներով քննությանը չներկայացած դիմորդների համար նշանակվել է առանձին օր, եւ նրանք «Հայոց լեզու, գրականություն» առարկայի պետական ավարտական եւ միասնական քննությունը նույն քննակարգով կհանձնեն սահմանված օրը:

Այլ նորություններ
ԵՊՀ ԹԻՄԸ ՈՍԿԵ ԵՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՆԵՐ Է ՆՎԱՃԵԼ ՄԱԹԵՄԱՏԻԿԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ
Ավարտվել է Բուլղարիայի Բլագոևգրադ քաղաքում անցկացվող 26-րդ մաթեմատիկական միջազգային ուսանողական օլիմպիադան։ Օլիմպիադային Հայաստանը ներկայացրել է Երևանի պետական համալսարանի թիմը՝ նվաճելով 3 ոսկե և 3 արծաթե մեդալներ։
ԵՊՀ-Ի ԵՎ ՊՈԼ ՎԱԼԵՐԻ ՄՈՆՊԵԼՅԵ 3 ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է
«Erasmus+» ծրագրի շրջանակում Երևանի պետական համալսարանի և Ֆրանսիայի Պոլ Վալերի Մոնպելյե 3 համալսարանի միջև հաստատված համագործակցությունն ամրապնդվում է: Այն շարունակվելու է մինչև 2020 թվականը: