14.11.2022 | 
Կրթություն, Գիտություն
ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ «CRC PRESS»-Ի ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ԳՐՔԻ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄՈՒՄ Է
ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ «CRC PRESS»-Ի ՀՐԱՏԱՐԱԿԱԾ ԳՐՔԻ ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԿԱԶՄՈՒՄ Է
Համաշխարհային գիտատեխնոլոգիական և բժշկական առաջատար հրատարակչություններից մեկը՝ «CRC Press»-ը, վերջերս տպագրել է ԵՊՀ կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի «Սնկերի կենսաբանության և կենսատեխնոլոգիայի» լաբորատորիայի վարիչ, կ.գ.դ., պրոֆեսոր Սուսաննա Բադալյանի և նրա միջազգային գործընկերների համատեղ խմբագրությամբ «Սնկերի կենսատեխնոլոգիա. հեռանկարները և ուղղությունները» գիրքը:

Վերոնշյալ գիրքը, որը բաղկացած է 450 էջից, ներառում է սնկերի գենոմիկայի, սնկային ծագման կենսանյութերի և մետաբոլիտների բժշկական ու սննդային նորարարական կիրառությունների վերաբերյալ, ինչպես նաև սնկերի՝ որպես կենսավառելիքի աղբյուրի մասին տեղեկատվություն:

 

 

Սնկերը պարզ էուկարիոտ կյանքի ձևեր են, որոնք մարդկությունը կիրառել է հնագույն ժամանակներից զանազան կենսատեխնոլոգիական գործընթացներում (հացաթխում, գինեգործություն, բժշկություն, դեղագործություն, սննդի արտադրություն և այլն): Սնկերի կենսատեխնոլոգիական բազմաոլորտ կիրառման հեռանկարները մեծ են, որոնք կախված են այս օրգանիզմների կենսաբանական՝ մորֆո-էկոլոգիական, ֆիզիոլոգիական, գենետիկական և այլ առանձնահատկությունների բազմակողմանի ուսումնասիրությունից:

 

Մեզ հետ զրույցում պրոֆեսոր Բադալյանը ներկայացրեց ԵՊՀ-ում դեռևս 80-ականներից սկսած՝ սնկերի կենսաբանության և կենսատեխնոլոգիայի ուղղությամբ հիմնարար հետազոտությունների նախաձեռնման ու իրականացման պատմությունը: Նա փաստեց, որ այսօր էլ այդ ոլորտները գրավում են գիտնականների ուշադրությունը թե՛ հիմնարար, թե՛ կիրառական հետազոտությունների տեսանկյունից, որոնք արդիական են, խոստումնալից և հեռանկարային:

 

Ս. Բադալյանը, անդրադառնալով գրքի կառուցվածքին և բովանդակությանը, նշեց, որ գրքի 16 գլուխները ներառում են սնկերի կենսատեխնոլոգիայի բնագավառում միջազգային ճանաչում ունեցող 38 գիտնականների հետազոտական աշխատանքների արդյունքները և տեսական վերլուծությունները:

 

 

ԵՊՀ-ում նշված ուղղություններով գիտական հետազոտությունները մեր օրերում կատարվում են միջազգային բարձր մակարդակով, ինչի վկայությունն են Ս. Բադալյանի և նրա միջազգային գործընկերների մասնակցությամբ ազդեցության գործակցով բազմաթիվ պարբերականներում տպագրված հոդվածները, միջազգային գիտաժողովներին ներկայացված զեկուցումները, համաշխարհային առաջատար գիտատեխնոլոգիական ու բժշկական «Springer» և «CRC Press» հրատարակչությունների՝ արդեն յոթերորդ գրքի հրատարակումը: Պրոֆեսոր Բադալյանի խոսքով՝ ագարիկոմիցետային սնկերի կենսացիկլում անսեռ բազմացման, նրանց կենսատեխնոլոգիական և դեղաբանական ներուժի բացահայտման նպատակով գենետիկական տեղեկատվության ուսումնասիրման, ինչպես նաև սնկային ծագման տարբեր կենսատեխարտադրանքների ստացման հեռանկարներին վերաբերող «Springer»-ի և «CRC Press»-ի հրապարակումները մեծ ներդրում են սնկերի կենսատեխնոլոգիայի բնագավառում առկա գիտելիքների լրացման ու կիրառման տեսանկյունից: Ս. Բադալյանը նշեց, որ ներկայում նշյալ ոլորտներում միջազգային համագործակցությամբ ներկայացված չորս գրքերի առանձին գլուխները «Springer» և «CRC Press» հրատարակչություններում տպագրության փուլում են:

 

 

 

ԵՊՀ-ում սնկերի կենսատեխնոլոգիայի բնագավառում գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման նպատակով պրոֆեսոր Բադալյանի լաբորատորիայում ստեղծվել և պահպանվում է շուրջ 180 տեսակի 580 շտամների գենետիկորեն նույնականացված մաքուր կուլտուրաների հավաքածու:

 

«Շուրջ մի քանի տասնամյակ ԵՊՀ-ում սնկերի կենսատեխնոլոգիայի ոլորտում հաջողությամբ կատարվող հետազոտությունները և հրապարակված գրքերը մեծ ներդրում են մայր բուհի միջազգային վարկանիշի բարձրացման ուղղությամբ»,- հավելեց պրոֆ. Բադալյանը:

 

Լույս տեսած գրքերը կհետաքրքրեն հատկապես սնկերի կենսաբանության և կենսատեխնոլոգիայի, սնկերի գենետիկայի, մոլեկուլային կարգաբանության և ֆիլոգենիայի ուղղություններով մասնագիտացող մագիստրատուրայի ուսանողներին ու ասպիրանտներին:

Այլ նորություններ
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում Տվենտեի համալսարանի պրոֆեսոր, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար Ալեքսանդր Գոլուբովն անցկացրեց «Քվանտային տոպոլոգիայի ֆենոմենը գերհաղորդական համակարգում» թեմայով սեմինար:
ՏԱՐԻՆ ՉԱՐԵՆՑՅԱՆ Է. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՐԴՈՒՄ ԵՆ ՊՈԵՏԻ ԵՐԿԵՐԻ ՌՈՒՍԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ «Եղիշե Չարենցը ռուս պոետների թարգմանություններում» խորագրով միջոցառում՝ նվիրված մեծ գրողի 125-ամյակին: