Ըստ Հանրապետական ընդունող հանձնաժողովի հաշվիչ կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանի ներկայացրած վիճակագրական տվյալների` 2005թ.-ի համեմատ դիմորդների ընդհանուր թիվն աճել է` 12093-ից հասնելով 12686-ի: Ընդհանուր առմամբ, նշանակվել է 34387 քննություն, որոնցից դիմորդները ներկայացել են 31277-ին: Այս տարի 18-20 միավոր ստացողների թիվը 8342 է, անբավարար ստացողներինը` 4056, իսկ 20 միավոր այս տարի հավաքել են 1433 դիմորդ:
Դիմորդների շարժն ըստ մասնագիտությունների անցած տարվա համեմատ էական փոփոխություն չի կրել: Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ուղղությամբ մասնագիտանալ ցանկացողների թիվն այս տարի աճել է ընդամենը 10-ով: 2005թ.-ի համեմատ այս տարի մոտ 200-ով ավելացել է անգլերեն քննություն հայտագրածների թիվը: Ըստ նախարարության ներկայացրած տվյալների` աճն առավել լավ է երեւում ԵՊՀ-ում:
Ըստ մասնագիտությունների նախընտրության` ամենաշատն աճել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի վարկանիշը. այս տարի ֆակուլտետում դիմորդների թիվը համարյա կրկնապատկվել է` 122-ից հասնելով 206-ի: