20.10.2008 | 
ԱԶԱՏ ԱՐՑԱԽԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՁԵԶ
ԱԶԱՏ ԱՐՑԱԽԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ՁԵԶ
Ավտոբուս են բարձրանում հերթական արշավախմբի մասնակիցները: Երթուղին` Շուշի-Ստեփանակերտ-Ամարաս-Գանաձասար:
Կես դարից ավելի է, ինչ ԵՊՀ դոցենտ, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ Հարություն Երանոսյանն արշավներ է կազմակերպում տարբեր ուղղություններով: Շուրջ հիսուն համալսարանականներ, համակված Արցախ աշխարհը տեսնելու ոգեւորությամբ, շարժվեցին դեպի հաղթանակած հայրենիք: Ընկեր Երանոսյանն ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է յուրաքանչյուր բնակավայրի ու հուշարձանի պատմություն: Իսկ մասնակիցներից շատերը ավտոբուսի պատուհանից մատնացույց էին անում տարիներ առաջ Արցախ տանող ճանապարհին իրենց տնկած ծառերը, երբ Գուրգեն Մելիքյանի գլխավորությամբ Արցախ էին եկել: Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի մտանք «Խորհուրդ խորինի» եւ «Սուրբ- սուրբի» հնչյունների ներքո, մոմ վառեցինք եւ շարժվեցինք Ստեփանակերտ: Արցախի պետական համալսարանում մեզ էին սպասում տեղի դասախոսներն ու ուսանողները: Հաջորդ օրը` վաղ առավոտյան, պետք է վայելեինք երբեմնի դպրության կենտրոն Ամարասի հոյակերտ հուշահամալիրն ու շրջակա բնաշխարհը: Մեզ ուղեկցում էր Արցախի ազգային արխիվի աշխատակից, աշխարհագրության ուսուցչուհի Կարինե Վարդանյանը: Մեր ճամփան ձգվեց դեպի ազատագրված Աղդամ, հենց այստեղ էր, որ ամբողջությամբ պատկերացում կազմեցինք Արցախյան ազատամարտի դժվարությունների մասին: «Ցանկացած արշավ կազմակերպելիս կարեւորում եմ ռազմահայրենասիրական դաստիարակության հարցը, առավել եւս` Արցախի պարագայում: Մեր պարտքն է երիտասարդներին ցույց տալ իրենց ավագ ընկերների ազատագրած տարածքները»,- ասում է ընկեր Երանոսյանն ու հավելում, որ իր նպատակն իրականացած կարող է համարել, քանի որ այսօր կան երիտասարդներ, որոնք զգում ու գնահատում են նախորդների արած սուրբ գործը, նաեւ պատրաստ են շարունակելու այն: «Արցախը մեր հայրենիքի մարգարիտն է. տեսնելով Գանձասարը` չես կարողանում բաժանվել նրանից, այդ գանձը ձգում է մեզ»,- ասաց ընկեր Երանոսյանը, երբ մոտենում էինք անառիկ Գանձասարին: Արցախյան մեր վերջին ուխտավայրը Գանձասարն էր: Արկի բեկորները պատերի մեջ կրող եկեղեցում դարձյալ պատարագներ են մատուցվում, ուր հավատավոր հոտն ավելի ջերմեռանդորեն էր խաչակնքում, երբ քահանայի շուրթերից հնչում էր «Խաղաղություն ամենեցուն»: Պատերազմ տեսած այս մարդիկ լավ են գիտակցում խաղաղության գինը: Տպավորված Արցախ աշխարհի անկրկնելի բնաշխարհով ու պատմամշակութային վայրերով` վերադառնում ենք Երեւան, եւ արշավորդներն ավտոբուսի մեջ իրենց տպավորություններն են ներկայացնում: «Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ իր կյանքում գոնե մեկ անգամ պետք է այցելի Արցախ: Ինձ համար մեծ ուրախություն էր տեսնել ու հիանալ մեր հինավուրց հայրենիքի ամենաչքնաղ տեսարաններով»,- ասում է Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Աշոտ Առուշանյանը: «Իմ ուսանողական կյանքի լավագույն օրերն անցկացրել եմ արշավների ժամանակ, եւ համալսարանում ստացած տեսական գիտելիքներս ամրապնդվել են պատմամշակութային մի շարք վայրեր այցելելով»,- ասում է Արվեստաբանության բաժնի ուսանող Աստղիկ Գաբրիելյանը: