16.11.2007 | 
Հասարակություն
ԱՊՐԵԼ «ԹԱԹՈՒԼԱԲԱՐ»
ԱՊՐԵԼ «ԹԱԹՈՒԼԱԲԱՐ»
«Հայրենասիրական ալիքը սկիզբ է առնում համալսարանում, անպայման եւ միշտ համալսարանում»:

Արցախյան ազատամարտի մասնակից Իգոր Սարգսյանը, որ Երեւանի պետական համալսարանի երկրաբանության ֆակուլտետի շրջանավարտ է, վստահ է, որ հենց Մայր բուհում պիտի ձեւավորվեր հերոսը: 

Նոյեմբերի 16-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետում վերաբացվեց Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի անվան լսարանը: «Այս լսարանն առաջինն էր, որ անվանակոչվեց ազատամարտիկի անունով: Հիմա այն վերանորոգված ու նորովի է ներկայանում մեզ»,- ասաց ԵՊՀ ռեկտոր, Թաթուլի դասախոս Արամ Սիմոնյանը: Նրա խոսքով` հերոսների հիշատակին նվիրված լսարաններ ունենալը շատ փոքր, բայց կարեւորագույն քայլ է, որ դաստիարակչական մեծ նշանակություն ունի նոր սերնդի համար: 

Արցախյան հերոսամարտի կենդանի լեգենդ Արկադի Տեր-Թադեւոսյանը նույնպես եկել էր` խոնարհվելու Թաթուլի ծնողների առջեւ. «ԽՍՀՄ փլուզման տարիներին, երբ մի շարք երկրներ անկախանում էին, մեզ մի քիչ ազատություն տվեցին: Բայց մեր հարեւանները մտածեցին, որ կարելի է մի քիչ Սեւանից վերցնել, Զանգեզուրին տիրանալ… Առաջինը, ով խիզախություն ցուցաբերեց, ումից կարող ենք բոլորս էլ սովորել, մեր սիրելի Թաթուլն էր»: 

Թաթուլն ուժեղ էր ֆիզիկապես, գաղափարապես, ուներ երկրի ապագայի մասին իր հստակ պատկերացումները: «Նա մեր դրոշն է: Ու այս լսարանում պետք է միշտ հերոսի ոգին թեւածի»,- ասաց Կոմանդոսը: 

Թաթուլի ընկերը` Միհրան Մանուկյանը, մինչ օրս չի կարողանում հասկանալ Թաթուլի ֆենոմենը. «Ուղղաթիռներ, ինքնաթիռներ, գնդացիրներ, վայնասուն, լաց, կոտորած… Ու հանկարծ այդ պահին Թաթուլը: Ի՞նչ անցավ նրա մտքով, որ կարողացավ ռուսական բանակի հրամանատարին գերի վերցնել»: Ընկերը հպարտ է, որ կարողացել է «թաթուլաբար» ապրել: Ու երիտասարդներին էլ հորդորեց կյանքի ճիշտ ուղի ընտրել, որ Թաթուլն ու իր նմանները չնեղանան: 

Նույն այդ լսարանում բացվեց Թաթուլ Կրպեյանի կիսանդրին: Հեղինակը Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ֆակուլտետի ուսանող Լեւոն Առաքելյանն է, եւ այդ կիսանդրին նրա դիպլոմային աշխատանքն է: «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ, ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական ակումբի եւ ԵՊՀ ղեկավարության աջակցությամբ տեղադրված կիսանդրին, սակայն, մեծ աղմուկի առիթ էր դարձել: 

Հոկտեմբերի 17-ին, երբ ՆԱՈՒՄ-ը որոշել էր արձանը տեղադրել, իսկ համալսարանի ղեկավարությունը մերժել էր, քանի որ լսարանը դեռ վերանորոգված չէր, ուսանողական միության անդամները դա համարել էին «ապազգային որոշում»: Այսօր, սակայն, մասնակիցները համոզվեցին, որ համալսարանն իր հերոսներին հիշում է:

Այլ նորություններ
«ՈՒԺԵՂ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԻՄՔՈՒՄ ՀԶՈՐ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ Է». ՄՀԵՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մհեր Խաչատրյանը ԿԳՄՍ նախարարության կազմակերպած «Հանրապետության լավագույն ուսանող-2020» մրցույթի հաղթողներից է: Մեքենայական ուսուցման ոլորտում մասնագիտացող Մհերի հետ զրուցել ենք մասնագիտության ընտրության, դրա հեռանկարների, կրթության ու գիտության զարգացմանն ուղղված քայլերի մասին:
ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՂ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՄՏԵԼ ԵՆ ԵՊՀ
Արդեն մի քանի օր է՝ «Հայրենիքի փրկության շարժումը» վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Այսօր շարժման ներկայացուցիչները մտել են ԵՊՀ, հանդիպել ռեկտորի հետ և կոչով դիմել ուսանողներին ու դասախոսներին։