01.02.2008 | 
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ԵՊՀ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
Վարչապետ Սերժ Սարգսյանը եւ համալսարանականները ծանոթացան իր բնույթով եզակի ծրագրի իրականացման ընթացքին ու բնակարաններ ձեռք բերելու պայմաններին:
Փետրվարի 1-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մեծ դահլիճում տեղի ունեցավ «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա էին «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը, միավորման նախագահ Արսեն Քարամյանը, շինարարական աշխատանքներն իրականացնող «Գլենդել Հիլզ» ՓԲԸ եւ «Կոնվերս» բանկի ներկայացուցիչները: ԵՊՀ շրջանավարտների միավորման նախաձեռնությամբ եւ միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո իրականացվող այս ծրագիրը նպատակ ունի համալսարանի երիտասարդ դասախոսներին ու գիտնականներին խրախուսելու, նրանց բնակարաններով ապահովելու եւ վերջիններիս ներուժն ի նպաստ համալսարանի եւ Հայաստանի օգտագործելու: «Մեր հիմնական նպատակն է ԵՊՀ պրոֆեսորադասխասական կազմին ապահովել նորմալ սոցիալական պայմաններով, որպեսզի կարողանան լավ սերունդ դաստիարակել: Կարծում եմ, որ այս ծրագիրը պետք է օրինակ ծառայի նաեւ ուրիշ կառույցների համար»,- ասաց Սերժ Սարգսյանը: Բազմաբնակարան շենքը կառուցվելու է Ավան համայնքի Ծարավ Աղբյուր 55ա հասցեին հարող տարածքում` Բուսաբանական այգու հարեւանությամբ: Ի տարբերություն Երեւանում գործող շուկայական գների` 900-1300 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ 1 քմ տարածքի դիմաց, համալսարանականների համար նախատեսված բնակարանները կարժենան 170.000 դրամ (550 ԱՄՆ դոլար) 1 քմ-ի համար: Շենքը կունենա 2,3 եւ 4 սենյականոց բնակարաններ: Արդեն իսկ հայտնի են առաջին փուլով մրցույթը հաղթահարած այն 150 համալսարանականների անունները, ովքեր առաջինը կստանան բնակարանները: 2-րդ փուլով եւս նույնքան մարդ կհայտնվեն շահառուների ցուցակում: Շենքը ապահովված կլինի բոլոր անհրաժեշտ հարմարություններով, կունենա ներքին բարձրակարգ հարդարանք, կանաչապատ գոտի, երեխաների խաղահրապարակ, ավտոկայանատեղի եւ այլն: Ավելացնենք, որ շենքի շինարարությունը կսկսվի 2008թ. մարտին, կտեւի 18-20 ամիս եւ շահագործման կահանձնվի 2010 թվականի առաջին կիսամյակում: