03.04.2009 | 
Ուսանողական
ՌԱԴԻՈՖԻԶԻԿՈՍՆԵՐԻ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
ՌԱԴԻՈՖԻԶԻԿՈՍՆԵՐԻ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ
Մայր բուհի 90-ամյակին նվիրված վոլեյբոլի մրցումների հաղթողը Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի հավաքականն է:

Երեւանի պետական համալսարանի ֆիզիկական դաստիարակության եւ սպորտի ամբիոնը շարունակում է ԵՊՀ 90-ամյակին նվիրված մրցումներ անցկացնել: Մարտի 11-ին մեկնարկեց վոլեյբոլի համահամալսարանական առաջնությունը, որն ավարտվեց ապրիլի 2-ին: Մասնակցում էին 13 ֆակուլտետների թիմեր: Այն ֆակուլտետները, որտեղ տղաներ քիչ կան (Հայ, Ռուս եւ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետներ), հանդես էին եկել մեկ միասնական թիմով:

 

Սա միակ թիմն էր, որտեղ աղջիկները գերազանցում էին տղաներին` 6 մասնակցից ընդամենը մեկ տղա` հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող Լեւոն Խաչատրյանը: Ի դեպ, թիմը բավականին հաջող հանդես եկավ` մրցաշարում զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Իսկ 13 թիմերի ցուցակը եզրափակում էր Իրավագիտության ֆակուլտետի թիմը: Վոլեյբոլի այս մրցումներն առանձնահատուկ էին նրանով, որ թիմերին թույլատրվել էր մասնակցել խառը կազմով` տղաներ եւ աղջիկներ, դասախոսներ եւ ուսանողներ: Միակ պայմանը նույն ֆակուլտետի ներկայացուցիչ լինելն էր:

 

Պաշտոնական մրցումներում խառը մրցաշարեր չեն լինում: ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր աշխատող Սարգիս Սանթրոսյանը բացատրեց, որ վոլեյբոլի այս մրցումներն անցկացվել են օլիմպիական եղանակով, բայց երկու պարտությունից դուրս գալու պայմանով, որպեսզի ամենաթույլ թիմերը դուրս չգային հաջորդ փուլ: «Մրցումների ընթացքում մի քանի թիմեր խաղադաշտում հանդիպեցին երկու անգամ: Այդպես էր, օրինակ, Քիմիայի ու Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի հավաքականների դեպքում: Առաջին հանդիպման ժամանակ 2:1 հաշվով հաղթեց ԻԿՄ թիմը, իսկ արդեն երկրորդ խաղի ժամանակ առավելության հասավ Քիմիայի ֆակուլտետի թիմը` գրավելով մրցաշարի 3-րդ հորիզոնականը»,- ասաց պարոն Սանթրոսյանը` հավելելով, որ այդ խաղն այնքան հետաքրքիր ու լարված էր, որ ավարտվեց 38:36 հաշվով:

 

Նույնատիպ վիճակահանության արդյունքում մրցաշարի ամբողջ ընթացքում որեւէ պարտություն չարձանագրած Աստվածաբանության ֆակուլտետի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց մեկ պարտություն ունենող Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի թիմին: Իսկ երբ նույն թիմերը հանդիպեցին եզրափակիչում` չեմպիոնի կոչման համար պայքարում, Ռադիոֆիզիկայի ֆակուլտետը ռեւանշ վերցրեց` հաղթելով 2:0 հաշվով: «Սա մեր այն եզակի մրցումներից էր, որ շատ ակտիվ եւ աշխույժ անցավ` երկրպագուներ, պաստառներ, վանկարկումներ...,- ուրախությամբ նկատեց Ֆիզդաստիարակության եւ սպորտի ամբիոնի վարիչ Հենրիկ Թումանյանը:

 

- Ի վերջո, մեր հիմնական նպատակը սպորտային մրցումներում հնարավորինս շատ ուսանողներ ընդգրկելն է, մտավոր լարվածությունը թուլացնելը: Բացի այդ, այստեղ բազմաթիվ ուսանողներ են ընկերանում»: Ի դեպ, Ֆիզդաստիարակության եւ սպորտի ամբիոնի դասախոսները շատ շնորհակալ էին ԵՊՀ ուսանողական խորհրդի սպորտի հարցերի պատասխանատու Արսեն Ազարյանին` մրցումների անցկացմանը մեծապես աջակցելու համար:

Այլ նորություններ
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՅԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՆ ՍՏԱՑԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում տեղի ունեցավ ֆակուլտետի իրավաբանական կլինիկայում որպես կամավոր ընդգրկված 28 ուսանողների վկայականների հանձնման արարողությունը:
ԳԵՎՈՐԳ ԱՐՇԱԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԻՏԵԼԻՔԻ ԴՊՐՈՑԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ ՍՏԱՑԱՆ
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Գիտելիքի դպրոց»-ի շրջանավարտների ավարտական արարողությունը, որի ընթացքում ներկայացվեցին դպրոցի գործունեությունը, կատարված աշխատանքներն ու գրանցած հաջողությունները: Դպրոցի շրջանավարտներին հանձնվեցին հավաստագրեր և շնորհակալագրեր: