11.12.2008 | 
Ուսանողական, Հասարակություն
ԼԵՀԱՍՏԱՆԸ ԵՎ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ
ԼԵՀԱՍՏԱՆԸ ԵՎ ԴԵՄՈԿՐԱՏԻԱՆ
«Արդյո՞ք Լեհաստանը դեմոկրատական երկիր է: Գրեթե: Բայց մենք ճիշտ ճանապարհին ենք»:

Լեհաստանի Լոձի համալսարանի պրոֆեսոր Անջեյ դե Լազարին նման կարծիք հայտնեց այսօր` ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման ընթացքում: Նա Հայաստան է ժամանել մեկ այլ լեհ փորձագետ, դիվանագետ Մարիան Ստաշեւսկու հետ` «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» ՀԿ-ի հրավերով:

 

Հանդիպմանը ներկա էր նաեւ ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպան Տոմաշ Կնոտհեն: Ապագա քաղաքագետների եւ դիվանագետների հետ հյուրերը զրուցեցին «Միջազգային կազմակերպությունները եւ Հարավային Կովկասի հակամարտությունները» թեմայով: Մարիան Ստաշեւսկին մինչեւ 2006 թվականը եղել է ԵԱՀԿ-ի ներկայացուցիչը Աբխազիայում, մասնակցել է տարբեր գործընթացների, բանակցությունների, որոնք վերաբերում էին խնդրի կարգավորմանը:

 

Նա ուսանողներին պատմեց Վրաստանում առաջացած հակամարտության նախապատմության եւ զարգացումների ընթացքի մասին: Միջազգային կազմակերպությունների ազդեցությունը հակամարտությունների կարգավորման վրա պարոն Ստաշեւսկին համարում է հնարավոր, եթե այդ կառույցներում ավելի շատ ստրատեգներ լինեն, ովքեր չեն վախենա այս կամ այն երկրի կամ ուժի գործողությունների հանդեպ անհամաձայնություն արտահայտել: Նա չմոռացավ հիշեցնել դիվանագետի պահվածքի առանձնահատկությունը` այդպիսով հիմնավորելով իր պատասխանների որակը:

 

«Դիվանագետը չպետք է ավելորդ խոսի, ելույթներ ունենա. նա պետք է աշխատի արդյունքի վրա: Այդ իսկ պատճառով լավ դիվանագետը սովորաբար լսարանի հետ շփման հմտություններ չի ունենում»,- ասաց պարոն Ստաշեւսկին: Լոձի համալսարանի պրոֆեսոր Անջեյ դե Լազարին ուսանողներին պատմեց ազգերի ծրագրավորման մասին` դրանք բացատրելով հիմնականում մշակութային առանձնահատկություններով: Ի՞նչ անել, որ տարբեր մշակութային միջավայրերում ապրող մարդիկ հասկանան իրար, ընդհանուր լեզու գտնեն: Պրոֆեսորը հավաստեց, որ ժողովուրդներին միավորող ուժը, որքան էլ ցավալի է, քրիստոնեությունը չէ: «Նրանց միավորող չափանիշը համընդհանուր իրավունքն է»,- ասաց դե Լազարին:

 

Նա կարեւորեց քաղաքացիական հասարակություն ձեւավորելու փաստը, առանց որի ավելորդ է խոսել դեմոկրատական արժեքների մասին: «Ցավոք, մեր երկրում դեռ շատ ուժեղ է նացիոնալիզմը, ինչը մեր երկրում ավելի զգալի է, քան այլ երկրներում: Բայց քաղաքացիական հասարակությունը մեզ մոտ արդեն ստեղծվում է: Կարծում եմ` դա հրաշալի դրսեւորվեց մեր վերջին ընտրություններում: Հանրությանը, նախ եւ առաջ` երիտասարդությանը, այնքան էր բարկացրել նախկին իշխանությունների վարած քաղաքականությունը, որ նրանք մասսայաբար գնացին ընտրությունների եւ քվեարկեցին փոփոխությունների օգտին»,- ասաց պրոֆեսորը:

 

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը թեեւ նշեց, որ ներկայացված տեսակետների մեջ ԵՊՀ ուսանողների համար գրեթե նորություն չկար, բայց հավաստիացրեց, որ նրանց համար օտարերկրյա դիվանագետների եւ փորձագետների հետ շփումն անսահման կարեւոր է. «Նրանք կհամադրեն մեր եւ օտարերկրյա մասնագետների կարծիքները եւ սեփական եզրահանգումներ կանեն»:

Այլ նորություններ
«ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ԿԵՐՊԱՐԸ XX ԴԱՐԻ ԵՎ ԱՐԴԻ ՀԱՅ ԱՐՎԵՍՏՈՒՄ» ԳԻՐՔԸ ՀՈԳԵՎՈՐ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ՄՈՏԵՆԱԼՈՒ ՆՈՐ ՈՒՂԵՆԻՇ
ՀՀ նկարիչների միության մեծ սրահում այսօր տեղի են ունեցել ԵՊՀ հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Սաթենիկ Վարդանյանի «Հիսուս Քրիստոսի կերպարը XX դարի և արդի հայ արվեստում» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև հայ արդի նկարիչների թեմատիկ ստեղծագործությունների ցուցահանդեսը:
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՄԱՆՈՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԾԱՂԿԱՁՈՐԻ ՈԻՍՈԻՄՆԱԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅՈՒՄ
Այս տարի ևս ԵՊՀ հիմնական աշխատակիցներն ու բոլոր ցանկացողներն իրենց ամանորյա տոները 31.12.2020-06.01.2021 թթ. ընկած ժամանակահատվածում կարող են անցկացնել Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում։