09.04.2009 | 
Ուսանողական, Հասարակություն, Մշակույթ
ՓԱՍՏԵՐԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՎԿԱՅՈՒՄ
ՓԱՍՏԵՐԸ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ ՎԿԱՅՈՒՄ
Ապրիլի 9-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնը Հայոց մեծ եղեռնի 94-ամյակի տարելիցի կապակցությամբ կազմակերպել էր ֆիլմի ցուցադրություն:

Ռեժիսոր Կարեն Գեւորգյանի`«Ցեղասպանություն առանց մեկնաբանության» վերնագրով ֆիլմի հիմքում ընկած են Լեփսիուսի արխիվային նյութերը, որոնք ներառում են գերմանացի ականատեսների փաստացի վկայությունները 1915 թվականին Թուրքիայի կողմից իրականացրած հայկական ցեղասպանության, հայերի տեղահանության, հայ ժողովրդի ինքնության բնաջնջման, պատմության մութ էջերի բացահայտման վերաբերյալ:

 

Ֆիլմի ստեղծման գաղափարի եւ սցենարի հեղինակ Գագիկ Հարությունյանը նշեց, որ «Ցեղասպանություն առանց մեկնաբանության» վերնագրով ֆիլմը տարբերվում է վավերագրական ժանրի ֆիլմերից, քանի որ իրենք զերծ են մնացել հեղինակային մեկնաբանություններից` նպատակ ունենալով պահպանել լիակատար չեզոքություն:

 

«Այսօրինակ ֆիլմ ունենալու գաղափարը հղացավ, երբ Ցեղասպանության թանգարանի փոխտնօրեն Ստեփան Ստեփանյանը գերմաներենից ռուսերեն թարգմանեց գերմանացի լրագրող Վոլֆգանգ Գուստի` հայերի ցեղասպանության մասին պատմող փաստագրական գիրքը»,- ավելացնում է Գագիկ Հարությունյանը: Ֆիլմում գերմանացի լրագրող Վոլֆգանգ Գուստը Գերմանիայում ապրող հայ ծրագրավորող Վաղարշակ Լալայանին մանրամասնորեն ներկայացնում է իր կողմից ուսումնասիրած հայերի` բռնի կերպով հայկական համայքներից` Էրզրում, Բիթլիս, Մուշ եւ այլն, տեղահանման, կոտորածի եւ հրեշավոր սպանությունների մասին պատմող փաստերն ու նամակները: Խոսվում է նաեւ այն հոդվածների, որոշումների մասին, որոնք անգամ քննարկվել են Բունդեսթագում, սակայն, երբեք, չհիշատակելով «ցեղասպանություն» բառը:

 

«Ցեղասպանություն առանց մեկնաբանության» ֆիլմն ունի ինչպես գերմաներեն, այնպես էլ հայերեն ու ռուսերեն տարբերակները: Ի սկզբանե ֆիլմը նկարահանվել է գերմաներենով` նպատակ ունենալով նախ գերմանացի ունկնդրին ապացուցելու պատմական մեծ ճշմարտության` հայկական ցեղասպանության իրական հիմքերը եւ դրանց ճանաչման կարեւորությունը: Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին ԵՊՀ արեւելագիտության, միջազգային հարաբերությունների, պատմության եւ իրավագիտության ֆակուլտետների ուսանողները, ովքեր մասնակցեցին ցուցադրության վերջում կազմակերպված ֆիլմի քննարկմանը:

 

Արեւելագիտության ֆակուլտետի ուսանող Հայկ Խոջագուլյանը համոզված է, որ այս հիանալի ֆիլմի արձագանքները դեռեւս լսելի կլինեն արեւմուտքից, եւ «ցեղասպանություն» բառի հիվանդությամբ տառապող շատ գերտերություններ կճանաչեն Հայոց ցեղասպանությունը: Իսկ «Ցեղասպանություն առանց մեկնաբանության» ֆիլմի ստեղծման գաղափարի եւ սցենարի հեղինակ Գագիկ Հարությունյանը համոզված է` հասունացել է ժամանակը, որ պատմությունը դրական իմաստով զենք դարձնենք:

Այլ նորություններ
ԻՍՊԱՆԱՑԻ ԳՐՈՂ, ԵՊՀ ՊԱՏՎԱՎՈՐ ԴՈԿՏՈՐ ԳՈՆՍԱԼՈ ԳՈՒԱՐՉԻ ԲԱՑ ՆԱՄԱԿՆ ԱՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ
Ղարաբաղի Հանրապետության նախագահ մեծարգո պարոն Արայիկ Հարությունյանին
ԵՊՀ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԱՀԱՎԱՔ-ԱՐՇԱՎԻՆ՝ ՓՈԽԱՆՑԵԼՈՎ ԱՎԵԼԻ ՔԱՆ 55 ՄԼՆ ԴՐԱՄ
ԵՊՀ-ն հատուկ բացված հաշվեհամարին փոխանցել է ևս 30 մլն դրամ, Իջևանի մասնաճյուղը՝ 5.5 մլն դրամ, իսկ աշխատակիցները՝ ավելի քան 20 մլն դրամ։