04.03.2007
Եգիպտագիտությունը Երևանի պետական համալսարանում
Եգիպտոսում այսօր պեղումներ է կատարում 30 երկիր, Հայաստանը կդառնա երեսունմեկերորդը:

Հին Եգիպտոսը որպես միասնական պետություն առաջացել է մ.թ.ա. 3000-ին եւ գոյատեւել մինչեւ մ.թ.ա. 300 թվականը: Ժամանակակից եգիպտագիտության սկիզբը համարվում է 1822 թվականը, երբ Ժան Ֆրանսուա Շամպոլյոնը հայտարարեց, թե վերծանել է եգիպտական հիերոգլիֆների համակարգը: Ինչպես նկատում է «Աստվածներ, դամբարաններ, գիտնականներ» գրքի հեղինակ Կ. Մարեկը «Շամպոլյոնը հայտնագործեց եգիպտական գրերի գաղտնիքը: Այժմ կարող էր իր իրավունքների մեջ մտնել բրիչը»:

 

Այսօր աշխարհում եգիպտագիտությունն ուսումնասիրվում է 150 ամբիոններում եւ կենտրոններում: Միայն Գերմանիայում կա այդպիսի 25 գիտական կենտրոն: Նկատենք, որ մեկ լիարժեք եգիպտագետ պատրաստելու համար անհրաժեշտ է 56 տարի: Միայն դրանից հետո նրան կարող են թույլատրել պեղումներ կատարել: Եգիպտոսում այսօր պեղումներ է կատարում 30 երկիր, Հայաստանը կդառնա երեսունմեկերորդը:

 

Անցած տարվա դեկտեմբերին ԵՊՀ ռեկտորատին կից բացվել է եգիպտագիտության գիտահետազոտական կենտրոն:

 

Ֆրանսահայ եգիպտագետ, Մոնպելյեի համալսարանի եգիպտագիտության գիտահետազոտական կենտրոնի անդամ Քրիստիան Թութունջյան դը Վարդավանը մի քանի տարի առաջ ֆանտաստիկ մի միտք էր հղացել` գալ հայրենիք եւ Երեւանում բացել Եգիպտագիտության կենտրոն: Այն իրականություն դարձավ համալսարանի ղեկավարության համաձայնությամբ եւ աջակցությամբ:

 

Քրիստիանը Լոնդոնի Համալսարան Քոլեջի (University College London) հնաբանության ինստիտուտի շրջանավարտ է, հինգ մենագրությունների եւ բազմաթիվ հոդվածների հեղինակ: «Եգիպտոսի հանդեպ իմ հետաքրքրությունը ծագել է վաղ մանկությունից: Փարիզի մեր տանը շրջապատված էի այդ առեղծվածային երկրի ճարտարապետական կոթողները, արվեստի նմուշները պատկերող նկարներով, բացիկներով»,-  հիշում է Քրիստիանը:

 

Թութանհամոնի դամբարանի հնաբուսաբանական նյութի սենսացիոն հայտնաբերումը Լոնդոնի Թագավորական բուսաբանական այգում 1988-ին, երբ քսաներեք տարեկան էր, նրա առաջին գիտական հաջողությունն էր: Երիտասարդ գիտնականի համար մեծ հպարտություն էր այդ մասին պատմող հոդվածը տեսնել հանրահռչակ Թայմզի առաջին էջում:

 

«Այս մասին տեղեկությունները փոխանցվեցին եգիպտական, ֆրանսիական, անգլիական կառավարություններին»,-  հպարտությամբ նշում է գիտնականը: Սրա շնորհիվ էր, որ եգիպտական պետական մարմինների կողմից բացառիկ թույլտվություն ստացավ 1989-1994 թվականներին Թութանհամոնի դամբարանի բուսաբանական նյութի ուսումնասիրություններ կատարելու Կահիրեի թանգարանում:

 

Հետազոտության պտուղներն առատ էին. Եգիտոսի բուսական աշխարհի նոր տեսակների հայտնաբերում, այս երկրի գյուղատնտեսության պատմության համար շրջադարձային նշանակություն ունեցող բույսերի, սննդի համաշխարհային պատմության մեջ նոր էջ բացած բույսերի հայտնագործում: Վերջինիս մասին վկայում է 2000 թվականին հրատարակված «Քեմբրիջի սննդի համաշխարհային պատմությունը» հանրագիտարանային աշխատությունը:

 

Բացի այդ արվեցին մի քանի նշանակալից այլ գյուտեր: Այսպես, օրինակ, հացահատիկների եւ մրգերի կողովներում այլ բուսական տեսակներով «վարակվածության» երեւույթի հայտնագործումը նոր հեռանկարներ էր բացում Հին Եգիպտոսի հնաբուսաբանության բնագավառում: Քրիստիան Թութունջյան դը Վարդավանը մանրամասնում է. «Մի շարք բույսերի հայտնագործումը առաջին անգամ հնարավորություն տվեց համակարգչով գիտականորեն վերականգնել Հին Եգիպտոսի դաշտավայրերի կազմությունն ու տեսքը, այսպիսով նախադեպ ստեղծելով Հին Աշխարհի այլ շրջանների եւ երկրների դաշտերի նմանատիպ վերակազմության համար»: Գիտնականը նաեւ մշակեց եւ կիրառեց նոր մեթոդներ հնագիտության եւ հնաբուսաբանության մեջ:

 

1995 թվականին որպես Վենետիկի Սբ. Ղազարի Մխիթարյան միաբանության թանգարանում պահպանվող մումիայի հետազոտության ծրագրի ղեկավար կազմել էր հետազոտողների միջազգային թիմ (ֆրանսիացի, իսպանացի, իտալացի, հայ մասնագետներ): Քրիստիանը խնդրում է հատուկ նշել այն հանագամանքը, որ «աշխատանքները հովանավորել էին գիտական եւ մասնավոր ընկերությունները` Փարիզի Ռոտշիլդի ակնաբուժության ինստիտուտը, Sony և Olimpus ընկերություններն, որոնք տրամադրել էին 90 հազար եվրո արժողությամբ համապատասխան սարքավորում, ինչպես նաեւ ֆրանսիական Geo Magazine ամսագիրը»: Ի դեպ, ֆրանսիական հեռուստատեսությունն այս մասին պատմող կինոնկարը հեռարձակեց աշխարհով մեկ` հայերենին անցնելով ավելացնում է եգիպտագետը:

 

Ուշագրավ է նրա մեկ այլ աշխատանք: 1998-ին Քրիստիան Թութունջյան դը Վարդավանը առաջին անգամ գիտականորեն հավաքագրեց եւ դասակարգեց Հին Եգիպտոսի բուսական աշխարհը:

 

Երեւանի պետական համալսարանի եգիպտագիտության գիտահետազոտական կենտրոնի ապագա աշխատանքների մասին խոսում է ոգեւորությամբ: Կինը` Նազենի Ղարիբյանը, որը արվեստագիտության դոկտոր է, Երեւանի թատերական ինստիտուտի եւ Սորբոնի համալսարանի շրջանավարտ, անընդհատ միանում է մեր զրույցին:

 

«Ներկայացրել ենք հինգ տարվա ծրագիր»,-  ասում է նորաբաց կենտրոնի ղեկավարը: Առաջինը մումիֆիկացիայի` դիազմռսման աշխատանքներ է նախատեսում Կահիրեի մեր գործընկերների հետ համատեղ: Երկրորդ նպատակը «Հին Եգիպտոսի բուսական աշխարհը» գրքի հրատարակումն է: Երրորդը բուն Եգիպտոսում Ֆրանսիայի գիտահետազոտական ազգային կենտրոնի (CNRS) հետ համատեղ հայֆրանսիական թիմով պեղումներ անցկացնելն է: Եվ վերջապես, ծրագրում նախատեսվում է նաեւ «Եգիտագիտության առաջընթաց» հանդեսի հրապարակումը:

 

Մեր աշխատանքներն, այսպիսով, Հայաստանում եգիպտագիտության դպրոցի հիմնադրման սկիզբը կլինեն,  եզրափակում է Քրիստիանը եւ հայտնում, որ համալսարանին է նվիրելու իր գրադարանը, սարքավորումների մեծ մասը, ինչպես նաեւ` Եգիպտոսի հին գրավյուրներ:

 

Հետաքրքիր էր պարզել հայերիս առնչությունը Հին Եգիպտոսի հնաբանությանը: Դեռ 1850-1860-ականներին Եգիպտոսի պալատական նախարար Հեքեքյան բեյը պեղումներ էր կատարել այդ երկրում: Եգիպտական փարավոնների 30 դինաստիաների պատմությունն ընդգըրկող միակ հեղինակը եգիպտական քուրմ Մանեթոնն է (մ.թ.ա. 6րդ դար), որը երկու Պտղոմեոսների ժամանակ հունարեն լեզվով գրեց «Aegyptica» աշխատությունը: Այն, ցավոք սրտի, չի պահպանվել, իսկ Եգիտոսի պատմության եւ գրքի բովանդակության մասին մենք կարող ենք իմանալ մի քանի հեղինակների` Հուլիոս Աֆրիկացու, Եվսեբիոսի, ինչպես նաեւ, հրեա պատմիչ Հովսեփ Ֆլավիուսի վերաշարադրմամբ: Վերջինիս ամենահին տարբերակը` հայերեն թարգմանությամբ, պահպանված է Մատենադարանի ձեռագրերից մեկում:

 

Լիանա Այվազյան

Տարվա այլ հրապարակումներ