22.04.2007
Նորայր Սիսակյան - 100
UNESCO-ն 2007թ. հայտարարել է Նորայր Սիսակյանի Տարի:

Նորայր Սիսակյանը ծնվել է 1907 թ. հունվարի 25-ին Աշտարակում, գյուղացու ընտանիքում: 1928թ. ընդունվում է Երևանի պետական համալսարան: Հետագայում տեղափոխվում է Մոսկվա՝ ուսումը շարունակելու Տիմերյազևի անվան գյուղատնտեսական ակադեմիայում:


Խմբավորելով նրա կողմից իրականացված գիտահետազոտական աշխատանքները, կարելի է առանձնացնել հետևյալ հիմնական ուղղությունները՝ նյութափոխանակությունը կենդանի օրգանիզմում, տեխնիկական կենսաքիմիա, ենթաբջջային կառուցվածքների ֆունկցիոնալ կենսաքիմիա և տիեզերական կենսաբանություն:


Գիտական գործունեության սկզբնական տարիները գիտնականը նվիրել է բույսերի կենսաքիմիայի և ֆիզիոլոգիայի մի շարք կարևորագույն հիմնարար և գործնական խնդիրներին, այն է՝ շաքարանյութերի նյութափոխանակության,  իսկ այնուհետև բույսերի երաշտադիմացկանության օրինաչափությունների ուսումնասիրմանը: Ստացված  արդյունքները նորամուծություն էին գիտության այս բնագավառում և բույսերի նոր երաշտադիմացկուն սորտերի սելեկցիայի հիմք հանդիսացան:


Գիտնականի աննախադեպ նվաճումները ենթաբջջային գոյացությունների ուսումնասիրման բնագավառում սկիզբ դրեցին գիտության այդ նոր ուղղության զարգացման ինչպես նաև կարևորագույն նախապայման հանդիսացան մոլեկուլյար կենսաբանության ու կենսաքիմիայի նոր ուղղությունների զարգացման համար։


Շնորհիվ կենսաբանության բնագավառում ունեցած խոր և բազմակողմանի գիտելիքների ակադեմիկոս Սիսակյանին «կոսմիկական դարաշրջանի» նախաշեմին հաջողվեց լինել տիեզերագնացության զարգացման հիմքերն ու ուղղությունները նախանշող գիտնականների առաջին շարքերում: Նա կարողացավ կանխատեսել ընդհանուր կենսաբանական գիտական ու գործնական բժշկության զարգացման հեռանկարները:


Նորայր Սիսակյանի նախաձեռնությամբ սկսվեցին և իրականացվեցին բազմաթիվ մանրակրկիտ ուսումնասիրություններ տիեզերքի անսովոր, յուրօրինակ գործոնների՝ անկշռելիության, երկրի ձգողականության (գրավիտացիայի), ճառագայթման, փակ համակարգերի էկոլոգիայի, տիեզերագնացների պատրաստման ու ընտրության հիմունքների, օրգանիզմների նյութափոխանակության և շատ այլ հարցերի ուղղությամբ: Մշակվեց երկարատև տիեզերական թռիչքների պայմաններում տիեզերագնացների անվտանգությունն ապահովող միջոցների համալիր: Ակադեմիկոս Գազենկոն Սիսակյանին նվիրված իր հոդվածներից մեկում նշում է, թե Ն. Սիսակյանն այն գիտնականներից և ղեկավարներից մեկն էր, որի կարծիքն որոշիչ էր այս կամ այն տիեզերագնացի թռիչքի համար:


Տիեզերական կենսաբանության ու բժշկության կազմակերպման ու զարգացման բնագավառներում անգնահատելի ծառայությունների համար նա ընտրվում է Միջազգային աստղագնացության ակադեմիայի փոխպրեզիդենտ, Միջազգային աստղագնացության ֆեդերացիայի կենսաաստղագնացության կոմիտեի նախագահ: Նշենք նաև, որ գնահատելով նրա ծառայությունները տիեզերքի նվաճման բնագավառում Լուսնի վրա մի մեծ աշխարհագրական տեղամաս «Սիսակյանի ծով» անվանումն է ստացել:


Ապրելով հեռու իր հայրենիքից և լինելով գերզբաղված` նա մշտապես հետաքրքրվում էր իր ժողովրդի կյանքով և հատկապես գիտության զարգացման հարցերով: Ն. Սիսակյանը բազում տարիների գիտական գործունեության ընթացքում մշտապես առաջնային խնդիրներից մեկն է համարել տեսական հարցերի սերտ կապը կենսական անհրաժեշտ խնդիրների լուծման հետ և այդ վարքագիծն ուղեկցել է նրան իր ողջ կյանքի ընթացքում: Այդ իսկ պատճառով նա մշտապես զբաղվել է նաև տեխնիկական կենսաքիմիայի հարցերով: Մեծ էր նաև նրա մասնակցությունը հայրենական գինեգործության ու կոնյակի ստացման գիտական հիմունքների մշակման գործում: Գիտնականը մեծ սիրով շատ ժամանակ էր տրամադրում Հայաստանի խաղողի տարբեր սորտերի ուսումնասիրմանը՝ նպատակ ունենալով հայտնաբերել այն առանձնահատկություններն ու հնարավորությունները, որոնց ճիշտ օգտագործման դեպքում կարելի է ստանալ բարձր որակի գինիներ ու կոնյակներ: Նրա նախաձեռնությամբ Հայաստանում այգեգինեգործության և պտղաբուծության ինստիտուտում կազմակերպվում է գինու և խաղողի կենսաքիմիայի լաբորատորիա, որի ղեկավարն ու խորհրդատուն էր երկար տարիներ: Ուսումնասիրելով Հայաստանի աշխարհահռչակ կոնյակների, ինչպես նաև խերեսային գինիների ու շամպայնի ստացման կենսաքիմիական փոփոխություններն, ի հայտ բերվեցին նոր օրինաչափություններ և կատարելագործվեցին եղած տեխնոլոգիաները:


Նա տողերիս հեղինակի հետ  ուսումնասիրում է Հայաստանի ցորենի տարբեր սորտերի կենսաքիմիական առանձնահատկությունները, ի նկատի ունենալով նաև այն, որ Հայաստանը համարվում է կուլտուրական ցորենների ծագման կենտրոններից մեկը: Նշված ուսումնասիրությունները նույնպես առաջին քայլերն էին այս բնագավառում: Գիտնականի հետազոտությունները Հայաստանում հիմնարար և կիրառական կենսաքիմիայի զարգացման սկիզբ դրեցին:


Հայ ժողովուրդը արժանավույնս է գնահատել իր տաղանդավոր զավակին` բացելով տունթանգարան հայրենի Աշտարակում, կանգնեցնելով նրա արձանը, դպրոց ու փողոցներ անվանելով Աշտարակում ու Երևանում: Հայաստանի կառավարության որոշմամբ Երևանի պետական համալսարանի լավագույն ուսանողների համար  սահմանվել է Նորայր Սիսակյանի անվան անվանական կրթաթոշակ:  Ակադեմիկոս Նորայր Սիսակյանն  արտակարգ ընդունակություններ է ցուցաբերել տարբեր բնագավառներում: Լինելով խոշոր գիտնական, որը  հիմնադրեց և զարգացրեց նոր ուղղություններ, դաստիարակեց ճանաչված հետազոտողների մի հոծ բանակ, որն անվանվեց սիսակյանական դպրոց, նա միաժամանակ գիտության տաղանդավոր կազմակերպիչ էր: Ընտրվելով ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի կենսաբանական բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, այնուհետև` գլխավոր գիտական քարտուղար, Բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահի տեղակալ, պետական մրցանակների կոմիտեի անդամ, իր տաղանդին հատուկ հմտությամբ մեծ աշխատանք ծավալեց գիտության կազմակերպման ու զարգացման բնագավառում: Ակադեմիկոսը հանդիսացել է մի շարք գիտական ամսագրերի գլխավոր խմբագիրը:


Մեծավաստակ գիտնականը խիստ կարևորում էր երիտասարդ գիտական կադրերի պատրաստումը: Լինելով գերծանրաբեռնված, նա ժամանակ էր գտնում դասախոսություններ կարդալ ԵՊՀ-ում, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանում, ինչպես նաև տարբեր երկրների  առաջատար բուհերում:  Միջազգային գիտական հասարակության կողմից բարձր են գնահատվել Սիսակյանի գիտական նվաճումները` արժանացնելով անվանական բազմաթիվ մեդալների ու պարգևների:


Նշանակալի է նրա գործունեությունը ՄԱԿ-ի մշակույթի, կրթության  և գիտական կապերի տարածման ու հաստատման կոմիտեում (UNESCO): 1956 թվականից գործադիր և խորհրդատվական կոմիտեների անդամ էր, իսկ 1964-ին միաձայն ընտրվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի 13-րդ նստաշրջանի գլխավոր քարտուղար:


Ն.Սիսակյանի հազվագյուտ տաղանդի ու խոշոր անհատականության մասին են վկայում այն փաստերը, որ ԽՍՀՄ գիտությունների, Հայաստանի գիտությունների ազգային, Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիաների, ԵՊՀ-ի և գիտական  այլ կենտրոնների նախաձեռնությամբ, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ սկսած  1967 թ. կազմակերպվել են կենսաքիմիայի և տիեզերական կենսաբանության հարցերին նվիրված միջազգային գիտաժողովներ, սիսակյանական նստաշրջաններ:


Նրա անունը հավերժացվել է նաև Մոսկվայում` Ա.Բախի անվան կենսաքիմիայի ինստիտուտի շենքին փակցվել է հուշատախտակ: Նորայր Սիսակյանի անունը ոսկե տառերով հավերժացվել է Փարիզում, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր մասնաշենքի վրա:


Ակադեմիկոս Սիսակյանն իր ամբողջ կյանքը նվիրեց գիտությանը և մարդկության բարօրությանը: Նա աշխատեց մինչև իր կյանքի վերջին րոպեն, բառիս բուն իմաստով: Նրա կյանքն ընդհատվեց 1966 թվականի մարտին: Այսպիսին էր հայ ժողովրդի տաղանդավոր զավակ, ականավոր գիտնական Նորայր Մարտիրոսի Սիսակյանը, որն ապրեց ընդամենը 59 տարի՝ անմնացորդ նվիրվելով գիտությանը, Հայրենիքին ու ժողովրդին:


պրոֆ. Լևոն Մարկոսյան

 

Գիտնականի հետազոտությունները Հայաստանում հիմնարար և կիրառական կենսաքիմիայի զարգացման սկիզբ դրեցին

 

Այն ժամանակ շատ քչերը գիտեին, որ ակադեմիկոս Ն.Սիսակյանը տիեզերական կենսաբանության բնագավառում նույնն էր, ինչ Կորոլյովը տիեզերագնացության տեխնիկայի բնագավառում

 

ՀՀ ԳԱԱ Միկրոբիոլոգիայի ինստիտուտի կենսաքիմիայի լաբորատորիայի վարիչ