25.09.2009
ԵՊՀ ռեկտորները
ԵՊՀ ռեկտորներից յուրաքանչյուրն իր մարդկային, գիտական ու կազմակերպչական որակներով խորհրդանշել է համալսարանի գործունեության այս կամ այն շրջանը: «Երևանի համալսարան» պաշտոնաթերթը Մայր բուհի հիմնադրման 90-ամյա հոբելյանի առիթով հակիրճ ներկայացնում է համալսարանի նախկին 21 ռեկտորներին:

ՅՈՒՐԻ ՂԱՄԲԱՐՅԱՆ

(ռեկտոր` 1919 հուլիս-1920 դեկտեմբեր)

 

Յուրի Ղամբարյանը ծնվել է 1850 թ-ին Թիֆլիսում, որտեղ և ստացել է միջնակարգ կրթություն: Այնուհետև ընդունվել և ավարտել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 34 տարեկանում դարձել նույն համալսարանի պրոֆեսոր:

1919 թ-ին, երբ հայկական համալսարանի բացման հարցը դրվել էր գործնական հիմքի վրա, և ՀՀ Նախարարների խորհուրդը մայիսի 16-ին Երևանում համալսարան բացելու վերաբերյալ որոշում էր ընդունել, Հայաստանի կրթության նախարար Գ. Մելիք-Ղարագյոզյանը, լավ իմանալով Ղամբարյանին, այդ գործը վստահում է նրան և հատուկ գրություն ուղարկում Թիֆլիս` հայտնելու, որ Ղամբարյանը նշանակվել է Հայաստանի համալսարանի գլխավոր կազմակերպիչ: 1920 թ-ի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում Հայաստանի համալսարանի պաշտոնական բացման արարողության ժամանակ արդեն որպես ռեկտոր բացման խոսքով հանդես է գալիս Յու. Ղամբարյանը: Նա իր պաշտոնավարման կարճ ժամանակահատվածում կատարեց ահռելի գործ և լուծեց համալսարանի առանցքային հիմնահարցերը:

 

ՀԱԿՈԲ ՄԱՆԱՆԴՅԱՆ

(ռեկտոր` 1920 դեկտեմբեր-1921 հոկտեմբեր)

 

Ակադեմիկոս Հակոբ Մանանդյանն անցել է գիտամանկավարժական գործունեության մեծ ու բեղմնավոր ճանապարհ և դարձել դասական հայագիտության հիմնադիրներից մեկը: Նրա կյանքն ու գործը գիտությանն անմնացորդ նվիրումի հազվադեպ օրինակ են:

Հ. Մանանդյանը ծնվել է 1873 թ-ի նոյեմբերի 22-ին Վրաստանի Ախալցխա հայաբնակ քաղաքում: 1893 թ-ին փայլուն ավարտել է Թիֆլիսի առաջին դասական գիմնազիան ու մեկնել Գերմանիա` բարձրագույն կրթություն ստանալու: 1897 թ-ին Մանանդյանը հաջողությամբ ավարտել է Ենայի համալսարանը և, տակավին 24 տարին չլրացած, ստացել փիլիսոփայության դոկտորի գիտական աստիճան: 1899 թ-ին նա գալիս է Հայաստան, իսկ 1921 թ-ի հունվարի 2-ին համալսարանի խորհրդի առաջին նիստում ընտրվում ռեկտոր: Մանանդյանը փայլուն հռետոր էր, խստապահանջ, սրտացավ ու հոգատար մանկավարժ: Պաշտոնավարման շրջանում նա դրսևորեց նաև գիտության կազմակերպչի իր մեծ տաղանդը:

 

ԵՊՀ ռեկտորները

 

ԴԱՎԻԹ ԶԱՎՐՅԱՆ

(ԶԱՎՐԻԵՎ)

(ռեկտոր` 1921 հոկտեմբեր-1922 փետրվար)

 

Դավիթ Զավրյանը ծնվել է Թիֆլիսում: Սկզբնական և միջնակարգ կրթությունը ստացել է նույն քաղաքում, իսկ բարձրագույնը` Պետերբուրգի համալսարանում, որտեղ աշակերտել է Դ. Ի. Մենդելեևին: Դեռևս համալսարանում ուսանելու տարիներին Դավիթ Զավրյանը մեկնում է արտասահման և գիտական հետազոտություններ կատարում Փարիզում` տեղի պրոֆեսորների ղեկավարությամբ: Համալսարանն ավարտելուց հետո նա աշխատանքի է անցնում Պետերբուրգի ճանապարհաշինարարական ինստիտուտում` որպես լաբորատորիայի վարիչ: 1919 թվականին Դավիթ Զավրյանը եղել է Հայաստանի համալսարանի կազմակերպիչներից մեկը և Յուրի Ղամբարյանի հետ նախապատրաստել համալսարանի բացումը:

1921 թ-ի հունվարին Դ. Զավըրյանը Թիֆլիսից տեղափոխվել է Երևան: Սկզբում նա ընտրվել է համալսարանի Բնագիտական, ապա Տեխնիկական ֆակուլտետի դեկան: Հակոբ Մանանդյանից հետո` 1921 թվականի հոկտեմբերից, Դավիթ Զավրյանը կարճ ժամանակով վարել է համալսարանի ռեկտորի պաշտոնը:

 

ՀԱԿՈԲ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

(ռեկտոր` 1922 փետրվար-1930 հուլիս)

 

Գիտության վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր Հակոբ Հովհաննիսյանի անվան հետ են կապված մեր հանրապետությունում բարձրագույն կրթության կազմակերպումը և կենսաքիմիայի զարգացումը:

Նա ծնվել է 1875 թ-ի դեկտեմբերի 7-ին Շուշիում: 1896 թ-ին ավարտելով տեղի թեմական դպրոցը` Հակոբ Հովհաննիսյանը մեկնել է Գերմանիա, ընդունվել Բեռլինի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի քիմիական բաժինը: 1903 թվականին Հայդելբերգի համալսարանի բնագիտական ֆակուլտետում նա պաշտպանել է ատենախոսություն, ստացել դոկտորի գիտական աստիճան: 1921 թ-ին Հակոբ Հովհաննիսյանը տեղափոխվել է Երևան, նշանակվել Հայաստանի ժողովրդական տնտեսության գերագույն խորհրդի նախագահության անդամ: 1922 թվականի փետրվարի 14-ին նշանակվել է Երևանի ժողովրդական համալսարանի ռեկտոր և ծավալել բեղմնավոր գիտամանկավարժական ու կազմակերպչական գործունեություն:

 

 

ԵՊՀ ռեկտորները

 

ՏԻԳՐԱՆ ՄՈՒՇԵՂՅԱՆ

(ռեկտոր` 1933 հուլիս-1935 ապրիլ)

 

Տիգրան Մուշեղյանը ծնվել է 1886 թ-ի օգոստոսի 20-ին Էջմիածնում: Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի գիմնազիայում: 1907 թ-ին ընդունվել է Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի կենսաբանական բաժինը: 1921 թ-ին նա հրավիրվում է Երևանի համալսարան, Կենսաբանության ֆակուլտետում հիմնում կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնը և դասավանդում կենդանիների ֆիզիոլոգիա, բնության դիալեկտիկա ու բնագիտության մեթոդիկա առարկաները: Տ. Մուշեղյանը ֆիզիոլոգիայի անխոնջ հետազոտող էր և դասախոսությունների ընթացքում տեսությունն անմիջապես հիմնավորում էր դրան համապատասխան փորձերի ցուցադըրմամբ: 1933 թ-ին Տ. Մուշեղյանը նշանակվում է համալսարանի ռեկտոր և մեծ եռանդով ձեռնամուխ լինում համալսարանի նոր ֆակուլտետների ու մասնագիտությունների ստեղծման, նոր ուսումնանյութական բազայի ամրապնդման, լաբորատորիաների ու կաբինետների բացման, դասախոսական կադրերի հրավիրման ու պատրաստման գործին:

 

ՎՌԱՄԿՈՍՏԱՆՅԱՆ

(ռեկտոր` 1935 հուլիս-1937 հունվար)

 

Պետականհասարակական գործիչ, մանկավարժգիտնական, պրոֆեսոր Վռամ Կոստանյանը ծնվել է 1899 թ-ի դեկտեմբերի 14-ին Վաղարշապատում: Սկզբնական կրթությունը ստացել է Ալեքսանդրապոլում, ապա Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1929 թ-ից նա բեղմնավոր գիտամանկավարժական գործունեություն է ծավալել Մայր բուհում` վարելով ֆինանսական և տնտեսական քաղաքականության դասընթացներ, ապա կազմակերպել ու ղեկավարել է Էկոնոմիկայի ու պլանավորման ամբիոնը:

 

ՄԻՔԱՅԵԼ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

(ռեկտոր` 1937 հունվար-ապրիլ)

 

Պետական գործիչ, տեսաբանգիտնական Միքայել Ենգիբարյանը ծնվել է 1902 թ-ի օգոստոսի 30-ին Աշտարակի շրջանի Բյուրական գյուղում: Սկզբնական կրթությունը ստացել է Երևանի ռուսական արական գիմնազիայում: 1923-26 թվականներին սովորել է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: 1937 թին Ենգիբարյանը նշանակվում է Երևանի պետական համալսարանի ռեկտոր: Սակայն նրան վիճակված չէր երկար աշխատել: Այդ պաշտոնում նա մնաց ընդամենը 3 ամիս, որից հետո դարձավ անձի պաշտամունքի անմեղ զոհերից մեկը:

 

ՀԵՆՐԻ (ՀԱՐՈՒԹՅՈՒՆ)

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

(ռեկտոր` 1937 ապրիլ-օգոստոս)

 

Հենրի Գաբրիելյանը ծնվել է 1903 թ-ի նոյեմբերի 22-ին Արևմտյան Հայաստանի Վանի նահանգում: Մեծացել է մանկատանը: 1928 թ-ին ավարտելով Երևանի պետական համալսարանի իրավատնտեսագիտական ֆակուլտետը` նա ստացել է տնտեսագետի որակավորում և աշխատանքի անցել համալսարանում` որպես Փիլիսոփայության ամբիոնի ասիստենտ: 1955 թ-ին մրցույթով նա ընտրվել է ԵՊՀ փիլիսոփայության ամբիոնի վարիչ: Հ. Գաբրիելյանը մեծ ավանդ է ներդրել համալսարանում փիլիսոփայության բաժնի, ապա` նաև ֆակուլտետի ստեղծման գործում: 1937 թ-ի ապրիլին նշանակվելով ռեկտոր` Հ. Գաբրիելյանը պաշտոնավարել է շատ կարճ ժամանակահատված:

 

 ԱՆՈՒՇԱՎԱՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

(ռեկտոր` 1937 օգոստոս-սեպտեմբեր)

 

Անուշավան Արզումանյանը ծնվել է 1904 թվականի փետըրվարի 12-ին Կապանի շրջանի Կավարտ գյուղում: Նախնական կրթությունը ստացել է նախ տեղի, այնուհետև Շուշիի ռեալական դպրոցներում: 1928-29 թվականներին Ա. Արզումանյանը սովորել է Մոսկվայի Պլեխանովի անվան ժողովրդական ինստիտուտում, իսկ 1933-1936 թվականներին` Կարմիր պրոֆեսուրայի ագրարային ինստիտուտում: Ա. Արզումանյանը նաև քաղաքատնտեսություն էր դասավանդում Երևանի պետական համալսարանում:

1937 թ-ի օգոստոսի 7-ին նա նշանակվում է Մայր բուհի ռեկտոր: Ծանր մթնոլորտ էր բուհում, հանգիստ չեն թողնում նաև ռեկտորին` նրան մեղադրելով «ազգայնական» լինելու մեջ: Նշանակվելուց ընդամենը մեկուկես ամիս անց Ա. Արզումանյանին ազատում են ռեկտորի պաշտոնից:

 

ՆՈՐԱՅՐ ԴԱԲԱՂՅԱՆ

(ռեկտոր` 1937 հոկտեմբեր-նոյեմբեր)

 

Երևանի պետական համալսարանում մի կարճ ժամանակահատված ռեկտորի պաշտոնը վարել է գրականագետ, պրոֆեսոր Նորայր Դաբաղյանը: Նա ևս քաղաքական հետապնդումների զոհ դարձավ և հնարավորություն չունեցավ դրսևորելու իր կարողությունները:

Նորայր Դաբաղյանը ծնվել է 1904 թվականի օգոստոսի 5-ին Վանում: Մեծացել է որբանոցում: 1921 թվականին ավարտել է երկրորդ աստիճանի դպրոցը, 1922 թ-ին ընդունվել և 1925 թ-ին ավարտել է Մայր բուհի պատմագրական ֆակուլտետը:

 

 

ԿԱՄՍԱՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

(ռեկտոր` 1937 նոյեմբեր-1938 հունվար)

 

Կամսար Առաքելյանի կյանքն ընթացավ իր սերնդակիցներից շատերի նման. նրան ևս վիճակված չէր իրականացնել իր մտորումներն ու երազանքները:

Կ. Առաքելյանը ծնվել է 1900 թ-ի հունվարի 3-ին Լոռու Ծաթեր գյուղում: 1923 թ-ին նա ընդունվում է Հայաստանի համալսարանի բանվորական ֆակուլտետ, որն ավարտում է 1927 թ-ին և ստանձնում բուհի ուսանողական գործադիր բյուրոյի քարտուղարի, իսկ այնուհետև համալսարանի կուսակցական կոմիտեի քարտուղարի պարտականությունները:

 

ԳԱՐԵԳԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

(ռեկտոր` 1938 հունիս-1941 սեպտեմբեր և 1949 hունիս-1957 փետրվար)

 

Կյանքի և աշխատանքային գործունեության երկար ու դժվարին ճանապարհ է անցել Գարեգին Պետրոսյանը: Ծնվել է 1902 թ-ի սեպտեմբերի 10-ին Գորիսում: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում: 1929 թ-ին ավարտել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը, 1930-34 թվականներին սովորել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ասպիրանտուրայում: Վերադառնալով Երևան` համալսարանում դասավանդել է տեսական ֆիզիկա առարկան: 1934-36 թվականներին եղել է Ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի դեկան, միաժամանակ` համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր: 1938-41 թվականներին, ռեկտոր լինելուց բացի, կատարել է նաև Տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչի պարտականությունները: 1949 թ-ին նրա նախաձեռնությամբ համալսարանում բացվել է Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների պատմության ամբիոնը:

 

ՀՐԱՉՅԱ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

(ռեկտոր` 1942 օգոստոս-1946 մայիս)

 

Ականավոր գիտնական ու մանկավարժ, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, գիտության ականավոր գործիչ, պրոֆեսոր Հրաչյա Բունիաթյանը հայկական կենսաքիմիական դպրոցի հիմնադիրն է: Ծնվել է 1907 թ-ի մայիսի 1-ին Նոր Բայազետում: Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի քաղաքում, 1924 թ-ին տեղափոխվել է Երևան և ավարտել Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը: 1930 թ-ին հաջողությամբ ավարտել է ԵՊՀ բժշկական ֆակուլտետը: Որպես ռեկտոր` պաշտոնավարման տարիներին նա կարողացավ բուհի ուսումնագիտական ամբողջ աշխատանքը վերակառուցել ու համապատասխանեցնել պատերազմով թելադրված պահանջներին: Նա իր ունակությունները, գիտնականի ու մանկավարժի կազմակերպչական տաղանդը ներդրեց համալսարանի ամրապնդման ու հետագա բարգավաճման գործում:

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍՅԱՆ

(ռեկտոր` 1947 հունվար-1948 դեկտեմբեր)

 

Հովհաննես Պողոսյանը ծնվել է 1895 թ-ի մարտի 25-ին Թիֆլիսում: Սկզբնական կրթությունը ստացել է Թիֆլիսում: 1916 թ-ին ավարտել է հայտնի Ներսիսյան դպրոցը, ապա մեկնել Էջմիածին և ուսումը շարունակել Գևորգյան ճեմարանում:

Պաշտոնավարման տարիներին մեծ ջանք ու եռանդ է ներդրել բարձրագույն կրթության առջև ծառացած հրատապ խնդիրների լուծման գործում: Օժտված լինելով հռետորի ակնհայտ ձիրքով` Հ. Պողոսյանը մշտապես հանդես է եկել փայլուն դասախոսություններով, որոնց մասին ունկնդիրները հիանալի հիշողություններ են պահպանել:

 

ԳԱԳԻԿ ԴԱՎԹՅԱՆ

(ռեկտոր` 1957 փետրվար-1961 մայիս)

 

Նշանավոր գիտնականագրոքիմիկոս և Հայաստանի ագրոքիմիայի հիմնադիր, ԳԱ ակադեմիկոս, գիտության վաստակավոր գործիչ, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Դավթյանը ծնվել է 1909 թ-ի նոյեմբերի 20-ին Դիլիջանում:

1930 թ-ին հաջողությամբ ավարտելով համալսարանը` գործուղվում է Պարարտանյութերի և ագրոհողագիտության համամիութենական ինստիտուտի Լենինգրադի բաժանմունքի ասպիրանտուրան: Ավարտելուց հետո վերադառնում է Հայաստան և հետազոտություններ ծավալում Հայաստանի հողային ծածկույթի ագրոքիմիական բնութագրման ուղղությամբ: Նա նաև մանկավարժական երկարամյա աշխատանք է կատարել: Ավելի քան 20 տարի ագրոքիմիա է դասավանդել Երևանի պետական համալսարանում:

 

 

ՆԱԳՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

(ռեկտոր` 1961 մայիս-1963 ապրիլ)

 

ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Նագուշ Հարությունյանը` որպես Երևանի պետական համալսարանի ռեկտոր, պաշտոնավարել է կարճ ժամանակահատված: Սակայն հասարակական կյանքի բոլոր հրատապ հարցադրումները, ծանրակշիռ հիմնախնդիրները պատշաճ մակարդակով իրենց լուծումը գտան այդ ականավոր գիտնականի ու նշանավոր պետական գործչի հոգածությամբ:

Ն. Հարությունյանը ծնվել է 1912 թ-ի նոյեմբերի 23-ին Երևանում: Երկար տարիներ ապրել է իր պապի` նշանավոր պատմաբան, պրոֆեսոր Լեոյի հետ: Ավարտել է Մոսկվայի Կույբիշևի անվան ռազմաճարտարագիտական ակադեմիան: 1951 թ-ից դասավանդել է Երևանի պետական համալսարանում, որտեղ սկզբում զբաղեցնում էր Տեսական մեխանիկայի ամբիոնի պրոֆեսորի պաշտոնը, իսկ 1958 թ-ից գլխավորել է Առաձգականության և պլաստիկության տեսության նորաստեղծ ամբիոնը (մինչև 1978 թ-ը): Նրա ջանքերի շնորհիվ համալսարանում հիմնըվում են Կենսաֆիզիկայի, Միջուկային ֆիզիկայի, Տնտեսագիտական կիբեռնետիկայի ամբիոնները, ՀԽՍՀ ԳԱ և ԵՊՀ միացյալ հաշվողական կենտրոնը:

 

ՀՐԱՆՏ ԲԱՏԻԿՅԱՆ

(ռեկտոր` 1963 հունիս-1966 ապրիլ)

 

Ականավոր կենսաբան ու մանկավարժ, գիտության վաստակավոր գործիչ, դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Բատիկյանի կյանքի, գիտամանկավարժական գործունեության լավագույն տարիներն անցել են Երևանի պետական համալսարանում: Նա ծնվել է 1909 թ-ի դեկտեմբերի 26-ին Բաքվում: 1926 թ-ին հաջողությամբ ավարտելով համալսարանը` Հ. Բատիկյանն ընդունվում է Լենինգրադի համամիութենական բուսաբուծության ինստիտուտի ասպիրանտուրան: 1948 թ-ին մասնակցում է Երևանի պետական համալսարանում Դարվինիզմի և գենետիկայի ամբիոնի հիմնադրմանը: 1950-63 և 1968-78 թվականներին Հ. Բատիկյանը եղել է ԵՊՀ կենսաբանական ֆակուլտետի դեկան, ջանք չի խնայել ֆակուլտետի գիտատեխնիկական բազան ամրապնդելու, նոր սարքավորումներով հագեցնելու, օրինակելի կարգ ու կանոն ստեղծելու համար: Սակայն ամենակարևորն այն է, որ նա ստեղծել է մասնագիտական այնպիսի ամբիոններ, ինչպիսիք են` Կենսաքիմիայի, Հողագիտության և ագրոքիմիայի, Կենսաֆիզիկայի ամբիոնները:

 

 

ՄԿՐՏԻՉ ՆԵՐՍԻՍՅԱՆ

(ռեկտոր` 1966 ապրիլ-1977 մայիս)

 

Մկրտիչ Ներսիսյանը ծնվել է 1909 թվականի հոկտեմբերի 25-ին Աշտարակի շրջանի Փարպի գյուղում: Սկզբնական կրթությունը ստացել է գյուղում, այնուհետև Երևանի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում: 1927 թ-ին ընդունվել և 1931 թվականին հաջողությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը: Պատերազմի վերջին տարիներին նա վարում էր Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկանի պաշտոնը: 1966 թվականին Մկրտիչ Ներսիսյանը նշանակվում է Երևանի պետական համալսարանի ռեկտոր` աշխատելով մինչև 1977 թ-ը: Այնուհետև` մինչև կյանքի վերջը, նա շարունակում է գիտակազմակերպչական աշխատանքները Հայաստանի ԳԱ-ում: Հայրենասեր պատմաբանը հատուկ սեր ուներ գիտական հրատարակչության կազմակերպման գործում. Մայր բուհում աշխատելու տարիներին Մկրտիչ Ներսիսյանը հիմնադրեց «Բանբեր Երևանի համալսարանի» և «Երևանի համալսարան» պարբերականները:

 

 

ՍԵՐԳԵՅ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

(ռեկտոր` 1977 մայիս-1991 փետրվար)

 

Ականավոր գիտնական, մանկավարժ, մեծ հայրենասեր ու հասարակական գործիչ Սերգեյ Համբարձումյանը ծնվել է 1922 թվականի մարտի 17-ին Ալեքսանդրապոլում: Կրթությունը նա ստացել է հայրենի քաղաքում և Երևանում: 1942 թվականին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը:

Սերգեյ Համբարձումյանի պաշտոնավարության տարիներին համալսարանը դարձավ ԽՍՀՄ-ի ճանաչված ու առաջատար բուհերից մեկը ոչ միայն որպես բարձրորակ մասնագետների պատրաստման դարբնոց, այլև գիտահետազոտական խոշոր կենտրոն: Ակադեմիկոս Ս. Համբարձումյանի նպատակամետ ջանքերի շնորհիվ համալսարանում ստեղծվեց հանրապետության բուհական համակարգի առաջին Խտացված միջավայրերի գիտահետազոտական ինստիտուտը, բացվեցին նոր ֆակուլտետներ` Մեխանիկայի, Մաթեմատիկական կիբեռնետիկայի և հետազոտումների ավտոմատացման, Ինֆորմատիկայի և հաշվողական մաթեմատիկայի, Փիլիսոփայության և Սոցիոլոգիայի:

 

 

ՆՈՐԱՅՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

(ռեկտոր` 1991 փետրվար-1993 հոկտեմբեր)

 

ԵՊՀ ռեկտորի պարտականությունները Ն. Առաքելյանը ստանձնել է ԽՍՀՄ փլուզման, սոցիալտնտեսական փոփոխությունների ամենածանր շրջանում: Ռեկտոր նշանակվելու առաջին իսկ օրերից նա մեծ ուշադրություն դարձրեց համալսարանում ձախողված պարապմունքները վերսկսելու, ուսումնական գործընթացը բնականոն հունի մեջ դնելու գործին: Լինելով նվիրված համալսարանական` Ն. Առաքելյանն այդ դժվարին շրջանում կարողացավ պրոֆեսորադասախոսական կազմի ուժերը համախմբել ու նպատակամղել Մայր բուհի առջև ծառացած խնդիրների լուծմանը:

Ն. Առաքելյանը ծնվել է 1936 թ-ի հուլիսի 17-ին Արթիկի շրջանի Ղազանչի գյուղում: 1953 թ-ին ընդունվել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը: 1958-59 ուստարում աշխատել է Ֆունկցիաների տեսության ամբիոնում: 1968 թ-ին ստացել է դոցենտի գիտական կոչում, իսկ 1989 թ-ից պրոֆեսոր էր, 1974 թ-ին ընտըրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 1990 թ-ին` ակադեմիկոս:

 

ՌԱԴԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

(ռեկտոր` 1993 փետրվար-2006 հունվար)

 

Գիտության և կրթության գործի հմուտ կազմակերպիչ, ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռ. Մարտիրոսյանը ծնվել է 1936 թ-ի մայիսի 1-ին ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղում: Սովորել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում, որն ավարտելով` ընդունվել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը: 1958 թ-ին աստղաֆիզիկոսի որակավորմամբ ավարտելով համալսարանը` նա ծավալել է գիտական գործունեություն: Ռ. Մարտիրոսյանը Մոսկվայում ավարտում է ասպիրանտուրան և 1964 թ-ին պաշտպանում թեկնածուական, իսկ 1980 թ-ին` դոկտորական ատենախոսություն` ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, իսկ 1984 թ-ին` պրոֆեսորի կոչում:

Ռ. Մարտիրոսյանի պաշտոնավարման տարիներին համալսարանում բացվել են Աստվածաբանության, Միջազգային հարաբերությունների և Ժուռնալիստիկայի ֆակուլտետները, քաղաքագիտություն, հոգեբանություն, թարգմանչական գործ, արվեստաբանություն և այլ մասնագիտություններ, ներդրվել է կրթության եռաստիճան համակարգը, վերանայվել են ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը. դրանք համապատասխանեցվել են միջազգային կրթական չափորոշիչներին:

ԵՊՀ նախկին ռեկտորների ններկայացնող հրապարակումները պատրաստեց Հասմիկ Ղուկասյանը