20.05.2013
ԳԼՈԲԱԼ ՏԱՔԱՑՈՒՄ. երկրորդ մեծ ջրհեղեղ
Առաջին հայացքից անհավանական է թվում, որ մեր մոլորակը տարաբնակեցնող սպիտակուցային մարմիններից կազմված բարակ «թաղանթը» կարող է ինչոր չափով ազդել այնպիսի գլոբալ բնութագրիչի վրա, ինչպիսին Երկրի կլիման է: Այնուամենայնիվ, հենց այդ «կենսազանգվածն» արդեն մեկ անգամ չէ, որ կտրուկ կերպարանափոխել է մեր մոլորակի պատկերը՝ մթնոլորտի կազմը, օվկիանոսների միջին ջերմաստիճանը, հողերի կազմը և այլն: Որոշ ժամանակ առաջ երկրի կլիմայի վրա ազդել են հիմնականում բույսերը և ջրիմուռները, իսկ հիմա հերթը հասել է կենդանիներին, ավելի կոնկրետ՝ դրանցից ամենաակտիվին՝ ԲԱՆԱԿԱՆ ՄԱՐԴՈՒՆ:

Գրեթե ամեն օր տվյալ ոլորտի ուսումնասիրությունների հաղորդագրություններ են հայտնվում: Մասնավորապես բնագետները լուր են հայտնում հյուսիսում թռչունների որոշ տեսակների արեալների տեղափոխման մասին: Կանադացիները նշում են, որ Հյուսիսային կիսագնդի գետերը միջինում երկու շաբաթ ավելի քիչ են սառած մնում, քան կես դար առաջ: Գրենլանդիայում վերջին տարիներին կտրուկ արագացել է ծով իջնող սառցաբեկորների շարժը: Արկտիկական սառույցներն ամռանը շատ ավելի հյուսիս «են քաշվում», քան առաջ: Անտարկտիկայի թերակղզում նույնպես սառույցների արագ կոտրատման գործընթաց է տեղի ունենում: Որոշ տվյալների համաձայն՝ իր ընթացքը սկսել է դանդաղեցնել Գոլֆստրիմը՝ օվկիանոսային ամենամեծ հոսանքներից մեկը, որը սկիզբ է առնում Ատլանտյան օվկիանոսում՝ Կենտրոնական Աֆրիկայի ափերի մոտ: Այստեղ՝ հասարակածի երկու կողմերում, մշտական քամիներ են փչում Աֆրիկայից դեպի Ամերիկա: Այդ քամիների ազդեցությամբ ջուրը հոսում է հասարակածի երկայնությամբ, ջրի մի մասը ներթափանցում է Մեքսիկական ծոց, որտեղից հզոր հոսանքով ուղղվում է դեպի Ատլանտյան օվկիանոս, ապա՝ Եվրոպայի ափերը: Գոլֆստրիմի ջրերը հոսում են մեկ ժամում մոտավորապես 10 կմ/ժ արագությամբ, իսկ ջրային հոսանքի լայնությունը 75120 կմ է, խորությունը՝ 700 մ: Երկրագնդի բոլոր գետերը միասին վերցրած՝ մի քանի տասնյակ անգամ ավելի քիչ են ջուր տեղաշարժում, քան Գոլֆստրիմը:

Իսկապես, տպավորություն է ստեղծվում, որ Երկրի վրա սկսվում է «տաքացման» ժամանակաշրջան: Գիտնականներն այսպես են բնորոշում այդ երևույթը. «Գլոբալ տաքացումը Երկրի մթնոլորտի և Համաշխարային օվկիանոսի տարեկան միջին ջերմաստիճանի աստիճանական աճման գործընթացն է»: Այնուամենայնիվ, դրա մասին վստահաբար խոսելու համար պետք է հետևել մերձերկրյա օդի ջերմաստիճանի գլոբալ փոփոխություններին, ինչն այնքան էլ հեշտ չէ, ինչպես թվում է առաջին հայացքից: Ջերմաստիճանը Երկրի վրա բավականին մեծ տատանումներ է ունենում ինչպես ժամանակի, այնպես էլ տարածության մեջ: Որպեսզի ճշգրտությամբ որոշվի նրա միջին մեծությունը, անհրաժեշտ է միևնույն մեթոդիկայով հազարավոր չափումներ իրականացնել: Որպեսզի հստակ ապացուցվի գլոբալ տաքացման փաստը, չափումներն էլ պետք է իրականացվեն հարյուրավոր տարիների ընթացքում: Սակայն ներկայիս օդերևութաբանական բարձրակարգ սարքավորումներով հագեցած կայանների մեծ մասը ստեղծվել է վերջին մի քանի տասնամյակներին, իսկ հները, որտեղ հավաքված են բազմամյա ուսումնասիրություններ, սովորաբար գտնվում են մեծ քաղաքներում, որտեղ էներգետիկ ոլորտի զարգացմանը զուգահեռ՝ սկսել է ձևավորվել յուրահատուկ միկրոկլիմա, որն էապես տարբերվում է շրջակա տարածքի կլիմայից:

1970 թ-ի վերջից կլիմայագետներին օգնության եկան արբանյակները, որոնք, այդուհանդերձ, չեն լուծում բոլոր խնդիրները: Մասնավորապես նրանց հասանելի չեն համատարած ամպամածությամբ տարածքները: Բացի դրանից՝ արբանյակային չափումներն իրականացվում են «դիստանցիոն» մեթոդներով, և դրանց ճշգրտության վրա ազդում են բազմաթիվ դժվար ընկալելի գործոններ՝ սկսած մթնոլորտում լույսի կլանումից մինչև արբանյակներում տեղակայված ճառագայթային ընկալիչների սխալները, ուստի տիեզերական դիտարկման տվյալներն անհրաժեշտ է անընդհատ համեմատել երկրային չափումների հետ:


Այդուհանդերձ, գլոբալ տաքացման փաստի ապացույցները տարեցտարի ավելի ու ավելի ակնառու են դառնում: Միջազգային խոշոր հետազոտական կենտրոնների կլիմայագետները, հավաքելով երկրագնդի տարբեր անկյունների օդերևութաբանական տվյալների հասանելի արխիվները, մշակել են դրանք և ամփոփել մեկ համընդհանուր սանդղակի մեջ: Համաձայն ստացված տվյալների՝ 20-րդ դարում Երկրի մերձերկրյա օդի միջին գլոբալ ջերմաստիճանն աճել է մոտավորապես 10C-ով: Սա բավականին շատ է, քանի որ նույնիսկ «սառցապատման» ժամանակաշրջանից հետո Երկրի ջերմաստիճանը տաքացել է ընդամենը 450C-ով: 1 աստիճան՝ 100 տարվա ընթացքում. կարծես թե շատ չէ, սակայն Նոր Օռլեանն ավերած «Կատրին» փոթորիկը գլոբալ տաքացման հետևանք էր:

ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության փորձագետների միջազգային խումբը և Մեծ ութնյակի երկրների Ազգային գիտական ակադեմիաները համոզված են, որ 19-րդ դարի վերջերից սկսած Երկրի միջին ջերմաստիճանը բարձրանում է միջինում 0.60C-ով, և դա հիմնականում մարդու գործունեության հետևանք է: Երևույթն առաջին հերթին պայմանավորված է ջերմոցային ազդեցություն առաջացնող այնպիսի գազերի արտանետումներով, ինչպիսիք են ածխաթթու գազը (CO2) և մեթանը (CH4): Էլեկտրակայանները, ավտոմեքենաները, գործարանները և մարդկության կողմից ստեղծված աղտոտման այլ աղբյուրները միասին մեկ տարվա ընթացքում մթնոլորտ են արտանետում մոտ 22 մլրդ տոննա ածխաթթու և ջերմոցային այլ գազեր: Պարարտանյութերի գոլորշիները, ածուխի այրումը և մյուս աղբյուրները տարվա ընթացքում առաջացնում են մոտ 250 մլն տոննա մեթան: Ի դեպ, նախաինդուստրիալ շրջանից՝ 18-րդ դարի կեսերից սկսած, ջերմոցային գազերի համակենտրոնացումը 31%-ից դարձել է 149%: Վերոնշյալ պատճառներից բացի՝ գիտնականների մի խումբ էլ պնդում է, որ գլոբալ տաքացումն առաջանում է արևի ակտիվության փոփոխության հետևանքով: Սակայն ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության փորձագետների միջազգային խմբի 3-րդ զեկույցում նշված է, որ արևային ակտիվությունը կարող էր համարվել ջերմաստիճանային փոփոխությունների պատճառ միայն մինչև 1950 թ-ը, քանի որ դրանից հետո արևի ընդհանուր ազդեցությունը գրեթե 0-ի է հավասար: Կլիմայի փոփոխության փորձագետների միջազգային խմբի հավաստմամբ՝ Երկրի միջին ջերմաստիճանը 1990-2100 թվականների ընթացքում 1.400C-ից բարձրանալու է 5.800C-ի: Ինչպես սպասվում է, դա կհանգեցնի բազմաթիվ այլ կլիմայական փոփոխությունների՝ ներառյալ Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը, մթնոլորտային նստվածքների քանակային փոփոխությունն ու բաշխումը, իսկ դրանց հետևանքով կարող են հաճախակիանալ բնական աղետները՝ ջրհեղեղ, երաշտ, փոթորիկ և այլն: Այս ամենից զատ՝ կնվազի գյուղատնտեսական բերքատվության տոկոսը, կանհետանան կենսաբանական մի շարք տեսակներ: Այսպիսով՝ ակնհայտ է, որ գլոբալ տաքացման գործընթացն արդեն սկսված է:


Ի՞նչ են առաջարկում գիտնականները
Այսօր Երկիրը կլանում է արևի ճառագայթների 70%-ը, և անհրաժեշտ է անհապաղ ինչ-որ միջոցներ ձեռնարկել՝ այդ ցուցանիշն իջեցնելու համար: Եթե հնարավոր չէ կանխել ջերմոցային գազերի արտանետումները, ուրեմն հարկավոր է գտնել մի միջոց, ինչի շնորհիվ դրանք դուրս կհանվեն երկրի մթնոլորտից:

Աստղագետ Ռոջեր Անցելն առաջարկում է մոլորակի շուրջ տեղադրել 60 սմ դիամետրանոց և մի քանի գրամանոց միլիոնավոր ոսպնյակներ, որոնց միջոցով հնարավոր կլինի ցրել արևի ճառագայթները: Անցելը համոզված է, որ դա կհանգեցնի արևային ճառագայթման նվազեցմանը:

Մեկ այլ գիտնական առաջարկում է մեր մոլորակը շրջապատել մանր մասնիկների կամ տիեզերանավերի օղակով, ինչը կստվերի արևադարձային գոտիները՝ այդ կերպ մեղմելով կլիման: Արտացոլող մասնիկները կարելի է ստանալ Երկրի, Լուսնի կամ աստղակերպերի վրայի լեռնային մշակումներից: Ի դեպ, այդ նախագծի շրջանակում տիեզերանավերի արտադրման դեպքում ծախսվելու է 500 մլրդ, իսկ մասնիկների դեպքում՝ մինչև 200 տրիլիոն դոլար:

Կլիմայագետ Ուոլլաս Բրոկերն էլ առաջարկում է փուչիկների և ինքնաթիռների օգնությամբ ստրատոսֆերայում ցրիվ տալ ծծմբի մասնիկներ, որոնք այդ մակարդակի վրա կմնան մոտ երկու տարի: Այդ նախագիծը գնահատվում է մոտ 50 մլրդ դոլար:

Առաջարկվում է նաև հատուկ սարքավորումների միջոցով ծովի ջրից աղային գոլորշիներ ստանալ և դրանք վերածել նատրիում քլորով հագեցած իսկական ամպերի, որոնց ստվերում Երկիր մոլորակը «կթաքնվի» արևից: Մեկ այլ գիտնական էլ առաջարկում է ջրային հատվածներում ստեղծել սպիտակ մակերեսով կամ պլաստիկական զանգվածով պատված լողացող արհեստական կղզյակներ՝ Երկիր թափանցող արևային ճառագայթումն արտացոլելու համար: Այս մտահղացումները երբեմն ֆանտաստիկ են թվում, բայց վաղ թե ուշ դրանցից շատերը կարող են պիտանի լինել: Ընդ որում՝ «Virgin Earth Challeng» ընկերությունը մրցույթ է հայտարարել, որի արդյունքում կհաղթի այն անհատը կամ խումբը, որը կներկայացնի ամենակոմերցիոն և կենսունակ նախագիծը՝ Երկրի մթնոլորտից ջերմոցային գազերը հեռացնելու համար: Նա, ում նախագծի շնորհիվ կանգ կառնի գլոբալ տաքացման գործընթացը, կստանա 25 մլն դոլար: Հարկ է նշել, որ մասնակիցները չպետք է առաջարկեն արտանետումների վերացման այնպիսի միջոցներ, ինչպիսիք են էլեկտրակայանների և գործարանների փակումը:


Ի՞նչ անել գլոբալ տաքացումը եթե ոչ կանգնեցնելու, ապա գոնե դանդաղեցնելու համար

Գլոբալ տաքացումը կանխելու ամենալուրջ որոշումը 1997 թ-ի դեկտեմբերին ընդունված Կիոտոյի պայմանագիրն է: Ստորագրելով այն՝ մասնակից կողմերը պարտավորվեցին մինչև 2013 թ-ը 5.2%-ով նվազեցնել 5 տեսակի վնասակար գազերի արտանետումները: Հնդկաստանը և Չինաստանը կտրականապես հրաժարվեցին իրենց վրա որևէ պարտավորություն վերցնելուց, իսկ ահա Ճապոնիան, Կանադան և Եվրամիության երկրները պարտավորվեցին արտանետումները կրճատել 68%-ով: Այն երկրներն էլ, որոնց արտանետումները կգերազանցեն սահմանված նորման, կարող են լրացուցիչ իրավունք գնել հարևան այն երկրներից, որոնց արտանետումները ցածր են որոշված քվոտայից: ԱՄՆ-ի Սենատի հանրապետական մեծամասնությունը և նախագահ Ջորջ Բուշը հրաժարվեցին Կիոտոյի պայմանագիրը վավերացնելուց, թեև ԱՄՆ-ն ամենաշատ էներգիա օգտագործող երկրներից մեկն է: Սպիտակ տունը հայտարարեց, որ Կիոտոյի պայմանագրին միանալն ամերիկյան տնտեսության համար կարժենա 5 մլն աշխատատեղերի կորուստ, իսկ Բուշը դեմ է բոլոր այն համաձայնագրերին, որոնց հետևանքով նույնիսկ մեկ ամերիկացի կզրկվի աշխատանքից: Սպիտակ տան մամլո քարտուղար Սքոթ Մաքլելանն էլ հայտարարեց, որ գլոբալ տաքացման և մարդու գործունեության միջև առկա պատճառահետևանքային կապը դեռևս ապացուցված չէ:

Այնուամենայնիվ, գլոբալ տաքացման համար պատասխանատու են ոչ միայն միավորումներն ու կազմակերպությունները, այլև անհատները: Ավտոսիրահարների կողմից այրված կամ ավիաճանապարհորդների համար սպառված յուրաքանչյուր լիտր բենզինը կամ կերոսինը մարդկությանը քայլ առ քայլ մոտեցնում է աղետին: Արտահանվող նավթի գրեթե կեսն օգտագործվում է բենզինի կամ կերոսինի արտադրման համար: Իսկ որքա՜ն պողպատ և այլ մետաղներ ու պլաստմասսա են պահանջվում ավտոմեքենաների և ինքնաթիռների արտադրության համար: Այս խորապատկերում ծովային և երկաթուղային փոխադրամիջոցները զիջում են իրենց դիրքերը:

Այսօր գիտնականները փորձում են բնական գազից ջրածնային վառելիք ստանալ: Նրանք հավատում են, որ 1 դար անց բոլոր փոխադրամիջոցները կաշխատեն միայն այդ վառելիքով, և մարդկությունը վերջապես կձերբազատվի բնաջնջման սպառնացող վտանգից: Թեև բրիտանացի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոուքինգը գտնում է, որ մարդկության փրկությունը միայն կախված է Տիեզերքում ապրելու համար նոր մոլորակներ գտնելու հնարավորությունից:


Գլոբալ տաքացումն ու Հայաստանը


«Հայաստանի կլիման հսկայական փոփոխություն է կրելու հաջորդ հարյուր տարվա ընթացքում. բարձրանալու է ջերմաստիճանը, նվազելու են տեղումները, գետային հոսքը և լճերի մակարդակը, ավելի հաճախակի են դառնալու շոգ եղանակները, երաշտները, սողանքները, սելավներն ու ջրհեղեղները: Եթե հարմարվողականության շուտափույթ լայնածավալ միջոցներ չձեռնարկվեն, ապա հանրապետության ողջ տարածքում բնակչությունը, նրանց ապրուստն ու տնտեսությունը դժվար թե կարողանան խուսափել կլիմայի փոփոխության պատճառած վնասներից». սա մեջբերում է «Կլիմայի փոփոխության սոցիալ տնտեսական ազդեցությունը Հայաստանում» ուսումնասիրությունից: Այն պատրաստել են Ստոկհոլմի Շրջակա միջավայրի ինստիտուտի և ԱՄՆ Թաֆթսի համալսարանի փորձագետներ Էլիզաբեթ Ա. Սթանթոնը, Ֆրենկ Աքերմանը և Ֆլավիա Ռիսենդեն: Նրանց կանխատեսումներով՝ մինչև այս դարավերջ Երևանի տարեկան միջին ջերմաստիճանը ներկայիս 11.6 աստիճանից կբարձրանա մինչև 16.6 աստիճանի: Վայքում, որտեղ սպասվում է հայաստանյան ջերմաստիճանի ամենամեծ բարձրացումը, տարեկան միջին ջերմաստիճանը կբարձրանա մինչև 19.2 աստիճան, որը մոտ է Թել Ավիվի կամ Բեյրութի այժմյան կլիմային:

Առաջին հայացքից այս կանխատեսումները նույնիսկ ուրախալի են. մեր երկրում վերջապես կաճեն արևադարձային պտուղները՝ բանանը, կիվին և այլն: Ուսումնասիրության հեղինակները, սակայն, պնդում են հակառակը. գյուղատնտեսությունը լուրջ վնասներ կկրի, քանի որ ոռոգման հետ կապված լուրջ խնդիրներ կառաջանան: Գյուղատնտեսության ընդհանուր կորուստները կգնահատվեն 65145 միլիարդ դրամ կամ 190420 միլիոն դոլար, ինչը նշանակում է ՀՆԱ-ի 25%-ի կրճատում:

Մասնագետները վստահեցնում են, որ ներկայումս արդեն իսկ շատացել են հիդրոօդերևութաբանական երևույթները, մարզերում ինտենսիվացել են երաշտները, ջրհեղեղները, վաղաժամ ցրտահարությունները և այլն: Փոքր ու թույլ զարգացած երկըրներն առավել անպատրաստ են ու ավելի ուժեղ են զգում կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունները: Ընդ որում՝ Հայաստանը կլիմայի փոփոխության բացասական ազդեցություններն արդեն զգում է մարդու առողջության պահպանման, գյուղատնտեսության և մի շարք այլ ենթակառուցվածքների ոլորտներում: Ըստ փորձագետների՝ Հայաստանն արտանետումների կրճատման պարտավորություն չունի, ինչպես զարգացած երկրները, սակայն կամավոր անդամակցում է Կոպենհագենյան ակումբին, որի անդամներն առաջիկա 20-30 տարիների ընթացքում արտանետումները կրճատելու պարտավորություն են ստանձնել: Հայաստանն իր պարտավորությունների շրջանակում միայն զեկույցներ է պատրաստում ջերմոցային արտանետումների, կլիմայի փոփոխությանը հարմարվելու ծրագրերի և կարիքների մասին:


***


Դեռևս 22 տարի առաջ գիտնականները հասկացել են այն գործընթացները, որոնք գլոբալ տաքացում են առաջացնում: 1991 թ-ին նրանք կանխատեսել էին, որ մինչև 2030 թ-ը շրջակա միջավայրի օդի ջերմաստիճանը միջինը կբարձրանա 1.1 աստիճանով: 2010 թ-ին այն արդեն բարձրացել էր 0.55 աստիճանով:


***

Թեև գլոբալ տաքացման պատճառով Համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը Սինգապուրին կսպառնա միայն 50-100 տարի հետո, այնուամենայնիվ կղզի-պետությունն արդեն պատրաստվում է համաշխարհային ջրհեղեղին: Սինգապուրի Կառավարությունն արդեն իսկ կապվել է Նիդեռլանդների հետ՝ պատնեշների խոշորածավալ կառուցման եղանակները մանրամասն ուսումնասիրելու նպատակով:


***


Գլոբալ տաքացման և Անտարկտիդայի սառույցների հալչելու արդյունքում կարող են դուրս գալ դրանցում առկա քիմիկատները, մասնավորապես ԴԴՏ (դիքլորդիֆենիլտրիխլոետան) ուժեղ թույնը, որն օգտագործելուց երկրներից շատերը հրաժարվել են դեռևս 30 տարի առաջ:


***

2013 թ-ի հունվար ամսվա համար աննախադեպ ցածր ջերմաստիճան է գրանցվել Եվրոպայի ավելի քան 10 երկրներում: Մեծ Բրիտանիայում տեղացած ձյան շերտի հաստությունը հասել է 30 սանտիմետրի: Շվեյցարիայի որոշ վայրերում ջերմաստիճանը իջել է մինչև 38.8 աստիճան: Ձյան առատ տեղումների պատճառով Գերմանիայում խաթարվել է ցամաքային և օդային հաղորդակցությունը: Լեհաստանում ցրտից և ձնաբքից մարդկային զոհեր են գրանցվել: Էստոնիայում նույնպես աննախադեպ տեղումներ են եղել. տեղացած ձյան հաստությունը մայրաքաղաք Թալինում հասել է 60 սանտիմետրի: Ռուսաստանի որոշ հատվածներում ջերմաստիճանն իջել է մինչև 4853 աստիճան: Հնդկաստանում տասնյակ մարդիկ դարձել են անսպասելի ցրտերի զոհ: Բրազիլիայում սողանքների հետևանքով մարդկային կորուստներ են եղել: ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում փոթորիկը քանդել է բազմաթիվ տներ, արմատախիլ արել հսկա ծառեր: Հարավային Կալիֆորնիայում ջրհեղեղներ են սկսվել, որոնք խլել են մարդկային կյանքեր: Միաժամանակ ԱՄՆ որոշ նահանգներում ջերմաստիճանը կտրուկ իջել է՝ դառնալով ցրտահարումների պատճառ: Իսկ ահա «կանաչ» մայրցամաքը՝ Ավստրալիան, ջրի կարիք ունի. օդի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 43 աստիճան:


Օգտագործված նյութերի աղբյուրները՝
http://ecoman.do.am
http://arxangelo.info
http://econews.am
http://www.worldwarming.info
http://www.planetseed.com
http://www.poteplenie.ru/


Պատրաստեց Վարդուհի Զաքարյանը