25.11.2013
«Սա մոր համար թանկ նվեր է»
Համալսարանական զոհված ազատամարտիկ Արմեն Կոթոլյանի անունով ԵՊՀ-ում նոր ու լիովին վերանորոգված լսարան կգործի:

Սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայում նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ նոր լսարանի բացման արարողություն: Լաբորատորիայի լսարաններից մեկը, որ վերջերս է վերանորոգվել և տեխնիկական նոր համալրումներ ստացել, անվանակոչվեց Ֆիզիկայի ֆակուլտետի նախկին ուսանող, զոհված ազատամարտիկ Արմեն Կոթոլյանի անվամբ:

«Սոցիոլոգիայի ֆակուլտետի համար պատիվ է զոհված ազատամարտիկի անունով այսպիսի լսարան ունենալը: Թեև Արմեն Կոթոլյանը հենց այս ֆակուլտետի ուսանող չի եղել, սակայն սա հարգանքի տուրք է նրա վառ հիշատակին»,- լսարանի բացման արարողության ժամանակ ասաց Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը` հույս հայտնելով, որ այսօրինակ գեղեցիկ քայլը կընդօրինակվի նաև մյուս ֆակուլտետների կողմից, քանի որ այս պարագայում միջֆակուլտետային սահմաններ ընդհանրապես չեն կարող լինել:

Արթուր Մկրտիչյանի խոսքերով՝ ԵՊՀ հեռաուսուցման ծրագրի ուսանողները կարող են որակյալ կրթություն ստանալ նորագույն տեխնիկայով հագեցած նոր լսարանում, որն այսուհետ կրելու է զոհված ազատամարտիկ Արմեն Կոթոլյանի անունը,:

Նշենք, որ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիան վերանորոգվել է «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի կողմից: Դեպի լսարան տանող մուտքի դիմաց առկա էր խորհրդանշական կարմիր ժապավենը. այն կտրեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և հիմնադրամի նախագահ Բարսեղ Բեգլարյանը: Մուտքը դեպի Արմեն Կոթոլյանի անվան նոր լսարան արդեն բաց էր բոլորի համար:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը լսարանի բացման կապակցությամբ նշեց, որ դեռ կան զոհված ազատամարտիկ-համալսարանականներ, որոնց անունով նմանօրինակ լսարաններ չունենք. «Այդ բացը մենք դեռ կլրացնենք: Առանց հիշողության ժողովուրդ չի կարող լինել, առանց հիշողության սերունդ չենք կարող դաստիարակել: Այնպես որ՝ նմանօրինակ քայլերը շարունակական բնույթ են կրելու: Սա մեր պարտքի կատարումն է»:

ԵՊՀ ռեկտորը նաև շնորհակալություն հայտնեց տիկին Սոնային՝ Արմեն Կոթոլյանի մորը, ով ներկա էր միջոցառմանը: Պարոն Սիմոնյանը հպարտությամբ նշեց, որ Երևանի պետական համալսարանը մշտապես վառ է պահելու հայրենիքի ազատության համար իրենց կյանքը զոհած հերոս-ազատամարտիկների հիշատակը, քանի որ նրանց սխրանքի շնորհիվ է, որ շարունակում ենք խաղաղ պայմաններում կրթել նոր սերունդներ:

Տիկին Սոնան շատ հուզված էր, որ իր որդին այսօր հիշվում ու մեծարվում է Մայր բուհում. «Խոսքերով չէ, որ կկարողանամ արտահայտել երախտագիտությունս: Շատ շնորհակալ եմ բուհի ղեկավարությանը որդուս հիշելու համար: Սա մոր համար թանկ նվեր է: Շատ թանկ մի բան, որի մասին չեն խոսում: Շնորհակալ եմ»:

Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Անահիտ Սահակյանն էլ լսարանի բացման արարողության ընթացքում ներկայացրեց անհատ և ազատամարտիկ Արմեն Կոթոլյանին. «Նախօրեին, երբ մտածում էի, թե ինչպես պետք է խոսեմ այսպիսի հերոսի մասին, չգիտեի, թե ինչից պետք է սկսեմ: Կարծում եմ՝ սա այն դեպքն է, որ նախապես չգիտես, թե ինչ ես ասելու և ինչպես ես ասելու: Արմեն Կոթոլյանն իսկական հերոս էր, հայ ազգին արժանի ու նվիրյալ զավակ»:

«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանն էլ բավականին հակիրճ փաստեց. «Հերոսներն արդեն իսկ իրենց անվամբ խոսում են: Ուղղակի պետք է շնորհակալ լինել նրանց մայրերին այս տեսակ զավակներ ծնելու և կրթելու համար: Մենք շնորհակալ ենք տիկին Սոնային»:

Միջոցառմանը մասնակցում էին Արցախյան ազատամարտի կամավորականներ, Սոցիոլոգիայի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ: Ներկա էին նաև «Սատար» կազմակերպության անդամները, ովքեր խորհրդանշական շնորհակալագիր հանձնեցին տիկին Սոնային: Զանազան արժեքավոր պարգևներ ստացան նաև Սոցիոլոգիայի ֆակուլտետում ուսանած երկու ազատամարտիկներ:


Արմեն Վանիկի Կոթոլյան

Ծնվել է 1971 թ-ի մայիսի 12-ին Երևանում: 1978-1988 թթ. սովորել է Երևանի Պեյո Յավորովի անվան համար 131 միջնակարգ դպրոցում: 1989 թ-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, սակայն կիսատ թողնելով բարձրագույն ուսումը՝ Ա. Կոթոլյանը 1990 թ-ին զինվորագրվել է հայրենիքի պաշտպանության գործին:

1991 թ-ին անդամագրվել է Արամոյի ջոկատին: Մարտնչել է Իջևանում, Կապանում, Գորիսում, Շահումյանում, Մարտակերտում: Ակտիվորեն մասնակցել է նաև Քաշաթաղի ազատագրմանը:

1992 թ-ի հոկտեմբերից մասնակցել է Քաշաթաղի շրջանի Հոչազի բարձունքների ու Սոս գյուղի պաշտպանության մարտերին:

Ա. Կոթոլյանը զոհվել է 1992 թ-ի հոկտեմբերի 19-ին՝ Հոչազի բարձունքների համար մղված մարտերի ժամանակ: Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում:

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Ա. Կոթոլյանը հետմահու պարգևատրվել է «Արիության» մեդալով:


Հարություն Ծատրյան

Տարվա այլ հրապարակումներ