22.04.2015
Հայոց ցեղասպանություն. նախապատմությունից մինչև միջազգային ճանաչում
Ռոլֆ Հոսֆելդ. «Այսօր արդեն Հայոց ցեղասպանության փաստն ապացուցված է: Այն այլևս պատմաբանների նոր փաստաթղթերի ոչ մի կարիք չունի` ի հեճուկս թուրքական կառավարության և դեսպան Իրթեմչելիկի հայտարարությունների: Բեռլինը` Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի հովանավորն ու ամենամտերիմ դաշնակիցը, այս մասին գիտի ավելին, քան որևէ մեկը»:

Ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում ԵՊՀ hայագիտական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀԻ) քննարկումների սրահում տեղի ունեցավ անվանի գիտնական, հայագետ, Գերմանիայում Յոհաննես Լեփսիուսի տան տնօրեն Ռոլֆ Հոսֆելդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանությունը» գրքի շնորհանդեսը:

Միջոցառմանը մասնակցում էր հենց ինքը՝ գրքի հեղինակ Ռոլֆ Հոսֆելդը, ով շեշտեց, որ իր համար շատ ուրախալի փաստ է, որ ԵՊՀ հրատարակչությունը բավականին արագ է արձագանքել գրքի հայերեն տարբերակը հրատարակելու առաջարկին: Հեղինակը սերտ համագործակցության համար հատուկ շնորհակալություն հայտնեց նաև ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտին:

ԵՊՀ ՀՀԻ փոխտնօրեն Մհեր Հովհաննիսյանը, ողջունելով հյուրին, նշեց, որ Մայր բուհը ՀՀԻ ցեղասպանագիտության բաժնի աջակցությամբ արդեն իսկ սկսել է գրքի հայերեն թարգմանությունը, որը ԵՊՀ հրատարակչության ջանքերով լույս կտեսնի տարեվերջին:

Ռոլֆ Հոսֆելդի կյանքն ու գործունեությունը ներկայացրեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դասախոս, ՀՀԻ աշխատակից Աշոտ Հայրունին:

«Գրքի գերմաներեն տարբերակը լույս է տեսել այս տարվա փետրվարին, և պետք է ասել, որ այն բավականին բուռն արձագանքի արժանացավ հանրության և ԶԼՄ-ների կողմից: Ուրախությամբ պետք է նշեմ նաև, որ այս տարի գերմանական գրեթե բոլոր լրատվամիջոցներն արտակարգ և աննախադեպ հետաքրքրություն են դրսևորում Հայոց ցեղասպանության և ընդհանրապես հայկական խնդիրների հանդեպ»,- ասաց Ռոլֆ Հոսֆելդը և հույս հայտնեց, որ առաջիկայում Ֆրանկֆուրտում կայանալիք գրքի միջազգային տոնավաճառում հանրության լայն շրջանակին կներկայացվի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանությունը» գրքի արդեն հայերեն տարբերակը:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի՝ իր երկրում այդ օրերին ընթացող քննարկումներին՝ հայագետն ընդգծեց, որ դրա վերջնական տարբերակն այդքան էլ գոհացնող չէ, սակայն դա լուրջ քայլ է Օսմանյան Թուրքիայի երբեմնի դաշնակից Գերմանիայի կողմից:

«Առանց Գերմանիայի կայսրության պաշտպանության թուրքերը չէին կարող իրականացնել հայերի զանգվածային բնաջնջումը: Առանձին գերմանացի սպաներ նույնիսկ ուղղակիորեն էին ներգրավված տեղահանման գործողություններում: Գերմանիան, ինչպես 1915 թ.-ի նոյեմբերին պահանջում էր դեսպան Մետերնիխը, կարող էր ազդել Գերմանիայից անօրինակ կախում ունեցող Թուրքիայի վրա՝ երևան հանելով «հետևանքների համար պատասխանատվության սարսափը», և կարող էր «մեր մամուլում բարձրաձայնել հայերի բնաջնջման կապակցությամբ մեր դժգոհությունը», սակայն չկար մեկը, որ գնար այդ քայլին: Փոխարենը Հայկական հարցի պատճառով Թուրքիայի հետ կապերի խզում հրահրելը մի բան էր, որ դիտարկման ենթակա չէր»,- ասում է Հոսֆելդը:

Գրքի շնորհանդեսին ներկա էին Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Գեղամ Պետրոսյանը, Սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Արթուր Մկրտիչյանը, Պատմության ֆակուլտետի սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Արման Եղիազարյանը, ԵՊՀ հրատարակչության տնօրեն Կարեն Գրիգորյանը, գրքի թարգմանիչ Էվելինա Մակարյանը, պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀՀԻ «Ցեղասպանագիտություն» և «Հայագիտություն» մագիստրոսական ծրագրերի ու Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները:

Գերմանական և ավստրիական պատմագրության մեջ մինչ այժմ ի հայտ չէր եկել այնպիսի աշխատություն, որում Հայոց ցեղասպանության ամբողջական ներկայաց¬ման հետ մեկտեղ հանգամանալից լուսաբանվեր նաև Գերմանիայի և Ավստրիայի համապատաս-խանատվության խնդիրը: Ռոլֆ Հոսֆելդի «Մահ անապատում. Հայոց ցեղասպանությունը» գիրքը լրացնում է այդ բացը: 10 տարի առաջ հրատարակված «Նեմեսիսի օպերացիան» գրքից հետո սա Հոսֆելդի երկրորդ ծավալուն աշխատությունն է Հայոց ցեղասպանության թեմայով:

Հեղինակը գրքում ներկայացրել և արժևորել է նաև Ցեղասպանությանը վերաբերող միջազգային կարևորագույն գիտա¬կան ուսումնասիրությունները:

«Այս գրքում 20 տարվա հետազոտական նյութ կա ամբարված, բայց նոր հայացք կա, որն առանձին հարցերի առումով մեխանիզմները մեզ ավելի ըմբռնելի է դարձնում,- նշում է հեղինակը և հավելում,- կարծում եմ՝ գիրքը շատ ընթերցող կգտնի, շատերը կիմանան եղելության մասին: Սա մի թեմա է, որին հանրությունը բավականաչափ ծանոթ չէ: Հրապարակայնությունը կօգնի, որ Գերմանիայում իրազեկվածությունը մեծանա: Հարցին առավել մեծ գիտակցված ուշադրություն հատկացնելու առումով սա իմ փոքր ներդրումն է: Իբրև անհատ՝ ավելին չեմ կարող անել»:

Աշխատությունը բաղկացած է մոտ 300 էջից, որոնցից գրեթե 50-ը հատկացված են սկզբնաղբյուրներին և մասնագիտական գրականությանը, Ցեղասպանությունը ներկայացվում է ժամանակագրական հաջորդականությամբ բնութագրվող տասը գլուխներով, որոնցից յուրաքանչյուրը խնդրո առարկա թեմայի քննության հետ մեկտեղ բովանդակում է դրան վերաբերող՝ ժամանակակիցների արժեքավոր վկայությունները և հարկ եղած դեպքում նաև վերջիններիս նպատակային մեկնաբանությունները:

Բնականաբար հանգամանալից պարզաբանվում են նաև Հայոց ցեղասպանության նախապատմութ¬յունը, ծրագրայնությունը, թուրքական կառավարող ռեժիմի կողմից դրա իրագործման հետևողականությունը, թուրքական բանակ զորակոչված հայերի զինաթափումն ու զանգվածային սպանդը, հայ մտավորականության ձերբակալումն ու ոչնչացումը, պետության ողջ հայ բնակչության տեղահանությունը և բնաջնջումը, խոշտանգումները, բռնաբարությունները, կողոպուտը, կրոնափոխությունը, հայկական ունեցվածքի սեփականացումը և հարակից այլ խնդիրներ:

Եզրափակիչ՝ 10-րդ գլխում լուսաբանվում է պատերազմի ավարտից հետո երիտթուրքական կառավարողների փախուստը: Գիրքն ավարտվում է հայ վրիժառու Սողոմոն Թեհլերյանի դատավարության ներկայացմամբ:

Աշխատանքում անդրադարձ է կատարվում Ռաֆայել Լեմկինին, ում վրա 1921 թ.-ի վերոնշյալ դատավարությունը մեծ ազդեցություն է գործել 1948 թ.-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից վավերացված՝ Ցեղասպանությունների կանխարգելման ու պատժման վերաբերյալ կոնվենցիայի իրավական դրույթները շարադրելու առումով:

Խոսելով Յոհաննես Լեփսիուսի գործունեության մասին՝ Ռոլֆ Հոսֆելդն ընդգծեց, որ նա, ժամանակին շրջանցելով գրաքննությունը, կարողացել է գաղտնի հրատարակել Թուրքիայում հայ ժողովրդի դրության մասին կարևորագույն մի աշխատություն, որը մեծ դեր է խաղացել հասարակությանն իրազեկելու գործում, քանի որ այն յուրատեսակ վերլուծություն էր՝ Լեփսիուսի մեկնաբանություններով: «Լեփսիուսը դեռ 1916 թ.-ին է փաստել, որ միակուսակցական թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ծրագրված էր: Պատահական չէ, որ Մուսոլինին և Հիտլերը դա օրինակ են համարել իրենց ոճրագործությունները կատարելիս»:

Հանդիպման ավարտին Ռոլֆ Հոսֆելդը Մայր բուհի հետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամություն հայտնեց:


Վարդուհի Զաքարյան

Տարվա այլ հրապարակումներ