17.03.2017
ՏՈՆԸ՝ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՎԵՐ ՀԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԳՏՆԵԼՈՒ ԱՌԻԹ
Հայաստանում սոցիալական ոլորտի բարեփոխումներին ուղղված գործընթացներում ակտիվ մասնակցություն ունի նաև ԵՊՀ-ն՝ իր մասնագետներով ու բազմապիսի միջոցառումներով:

Դրանցից մի քանիսն անցկացվեցին մարտ ամսին: Տարբեր երկրների մասնագետներին համախմբելու ու ոլորտային խնդիրներ քննարկելու առիթը մեկն էր՝ Սոցիալական աշխատողի միջազգային օրը, որն այս տարի անցկացվում էր մարտի 21-ին:


Փախստականների կյանքն ու խնդիրները՝ շվեյցարացի պրոֆեսորի օբյեկտիվով


Մարտի 17-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 2-րդ հարկում կազմակերպվել էր «Սահմաններից այն կողմ. Հարավային Կովկասի մոռացված փախստականները» խորագրով ցուցահանդեսը:

Հարավային Կովկասում փախստականների համար նախատեսված ճամբարներում ու կացարաններում բնակվող մարդկանց կյանքը, կենցաղն ու խնդիրները ներկայացնող լուսանկարների հեղինակը Շվեյցարիայի Բեռնի համալսարանի պրոֆեսոր Յան Զիլինսկին է: Նա Հայաստան և մասնավորապես ԵՊՀ էր այցելել մարտի 21-ին Մայր բուհում կայանալիք Սոցաշխատողի միջազգային օրվան նվիրված «Սոցիալական աշխատանքը որպես Հայաստանում սոցիալական բարեփոխումների հիմնասյուն. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով միջազգային գիտաժողովի շրջանակում:

Ցուցահանդեսին մասնակցում էին ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը, Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի նախագահ, ԵՊՀ դասախոս Միրա Անտոնյանը, ՀՀ-ում Շվեյցարիայի, Գերմանիայի Դաշնության, Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանները, ինչպես նաև ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատան ներկայացուցիչներ, համալսարանական դասախոսներ և ուսանողներ:

Հյուրերին ողջունեցին Արթուր Մկրտիչյանն ու Միրա Անտոնյանը, ովքեր շնորհակալություն հայտնեցին շվեյցարացի պրոֆեսորին, ում հետ երկար տարիներ համագործակցում են սոցիալական ոլորտում կազմակերպվող տարբեր ծրագրերի ու գիտաժողովների շրջանակում:

Յան Զիլինսկին նշեց, որ նմանաբնույթ ցուցահանդեսներ են կազմակերպվել նաև տարածաշրջանային մյուս երկրներում՝ Վրաստանում և Ադրբեջանում:

«Ուրախ եմ, որ ինձ շատ հարազատ Երևանի պետական համալսարանը հյուրընկալել է ինձ: Շնորհակալ եմ, որ հնարավորություն ընձեռեցիք ձեր դատին նույնպես ներկայացնելու այն ամենը, ինչ տեսել ու զգացել եմ փախստականների ժամանակավոր կացարաններում»,- ասաց պրոֆեսորը:

Հավելենք, որ ցուցահանդեսը կազմակերպել էին ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնն ու «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան:


Հայաստանում սոցաշխատողներն իրենց պաշտպանող օրենք կունենա՞ն


Սոցիալական ոլորտի պատասխանատուների և միջազգային փորձագետների մասնակցությամբ համաժողովն էլ ԵՊՀ-ում անցկացվեց մարտի 21-ին՝ Սոցիալական աշխատողի օրը: Սկսած 1983 թ.-ից Սոցիալական աշխատողների միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարվա մարտի երրորդ երկուշաբթին նշվում է որպես ոլորտի աշխատողների տոն:

«Սոցիալական աշխատանքը՝ որպես Հայաստանում սոցիալական բարեփոխումների հիմնասյուն. մարտահրավերներ և լուծումներ» խորագրով համաժողովը նախաձեռնել էին Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիան, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնն ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: Դրա նպատակն էր սոցիալական ոլորտի ներկա բարեփոխումների համատեքստում քննարկել սոցիալական աշխատողի մասնագիտական գործունեության կարգավորման հնարավորությունները՝ հաշվի առնելով Հայաստանում վերջին 25 տարիներին սոցիալական աշխատանքի կրթության և պրակտիկայի ձեռքբերումներն ու միջազգային առաջավոր փորձը:

Համաժողովի մասնակիցներին նախ ողջունեց ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Արթուր Մկրտիչյանը՝ շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ, ապա խոսքը փոխանցեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:

«Սա լավ առիթ ու հնարավորություն է, որ անդրադարձ կատարվի ոլորտի զարգացման ներկայիս փուլին, քանի որ մենք վճռորոշ փուլ ենք թևակոխում սոցաշխատողի ինստիտուտի կայացման առումով: Եթե հետհայացք նետենք անցած 25 տարիներին, ապա կնկատենք, որ մենք սկսել ենք սոցիալական աշխատանքի ամենապարզունակ գործառույթներից: Ես շատ կարևոր եմ համարում, որ այս ընթացքում կարողացանք նաև օրենսդրորեն ամրագրել՝ ինչ է սոցիալական աշխատանքը, ինչ է սոցիալական վարչարարությունը, բայց դա էլ դեռևս բավարար չէ. դրանք միայն առաջին քայլերն են»,- նշեց նախարար Արտեմ Ասատրյանը:

Հայաստանում սոցիալական ոլորտը համակարգող գերատեսչության ղեկավարն ընդգծեց նաև «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի առկայությունը, որի նախաձեռնողն ու մշակողները եղել են ոլորտի մասնագետները՝ ի դեմս Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի: Օրինագծի նպատակը սոցիալական աշխատանքի ոլորտի կանոնակարգումն է, հստակեցումը և այն բացերի լրացումը, որոնք չեն կանոնակարգվում ՀՀ-ում ոլորտը կարգավորող միակ՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքով: Նոր օրենքը նախատեսում է սոցծառայությունների աշխատակիցների կրթության և պրակտիկ գործունեության համապատասխանեցում, սոցաշխատողների իրավունքների և պարտականությունների սահմանում, մասնագիտական զարգացման և երաշխիքների, այլ երաշխիքների տրամադրում մասնագետներին, փորձ է լուծելու ոչ միայն մասնագետների խնդիրները, այլև բարձրացնելու բնակչությանը մատուցվող սոցծառայությունների որակն ու արդյունավետությունը:

Համաժողովի հենց սկզբում օրենքի նախագծի և ընդհանրապես սոցաշխատողի մասնագիտական գործունեության կանոնակարգման անհրաժեշտության մասին խոսեց, տեղական և միջազգային փորձը ներկայացրեց ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը: Մի շարք երկրների փորձը ցույց է տալիս, որ սոցիալական պաշտպանության համակարգում որակական փոփոխությունները պահանջում են սոցծառայություններում աշխատողների մասնագիտական որակավորում: Սոցիալական աշխատողների հայկական ասոցիացիայի՝ 2016 թ.-ին կատարած ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պետական սոցիալական ծառայություններում աշխատող մասնագետների միայն 5%-ն ունի սոցիալական աշխատողի մասնագիտական կրթություն:

«Մենք չենք ուզում վնասել այն մարդկանց, ովքեր այսօր աշխատում են ոլորտում, չենք ուզում նրանց կարիերան վնասել, բայց միևնույն ժամանակ ուզում ենք բարձրացնել ոլորտի ֆիլտրման հարցը: Եթե արդեն կան չափորոշիչներ՝ ով կարող է աշխատել, ով կարող է իրական սոցիալական աշխատանքի ծառայություններ մատուցել, ապա մեզնից է կախված, թե ինչպես կընթանա անցումային փուլը: Մենք շատ ուշադիր քննության ենք առել այն փորձը, որ աշխարհում կա, հատկապես՝ մեզ նման երկրներում: Փորձել ենք նաև այլ երկրների սխալներից մեզ համար դասեր քաղել»,- նշեց տիկին Անտոնյանը:

Ոլորտի տեղական խնդիրներին ծանոթանալուց բացի՝ համաժողովի մասնակիցները լսեցին նաև մի շարք երկրներից ժամանած մասնագետներին, ովքեր ներկայացրին իրենց երկրների փորձը: Համաժողովում ելույթ ունեցան սոցիալական աշխատանքի մագիստրոս Ջասթին Գրոթհոլսչենը (ԱՄՆ), Վերին Ավստրիայի կիրառական գիտությունների համալսարանի պրոֆեսոր Քրիստիան Սթարքը, սոցիալական պաշտպանության ավագ մասնագետ, Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Վերոնիկա Սիլվա Վիլոբոսը և ուրիշներ: Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ առողջապահության, ՀՀ արդարադատության, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, սոցիալական ոլորտի բարեփոխումներին աջակցող միջազգային կազմակերպությունների, Սփյուռքի և տեղական հասարակական կազմակերպությունների, պետական և ոչ պետական սոցիալական ծառայությունների ներկայացուցիչներ, ոլորտի տեղական և միջազգային փորձագետներ:


Վարդուհի Զաքարյան

Ծովինար Կարապետյան