19.03.2017
«ՍԱ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է, ԵՎ ՎԵՐՋ…»
Ռազմահայրենասիրական տրամադրությամբ, երգ ու պարով կրկին Արցախում էին համալսարանականները: Ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի՝ մարտի 17-ից 19-ն Արցախ կատարած այցն այս անգամ նվիրված էր Արցախյան ազատամարտի հերոս Լեոնիդ Ազգալդյանի ծննդյան 75-ամյակին:

Այցի առաջին կանգառը՝ Դադիվանք և Գանձասար

Առաջին օրը համալսարանականների համար ճանաչողական էր: Նրանք եղան Դադիվանք և Գանձասար վանական համալիրներում, ծանոթացան վանքերի պատմությանը, այնուհետև այցելեցին Ստեփանակերտի և Շուշիի պատմամշակութային վայրեր:


Հուշ-ցերեկույթ այն զորամասում, որտեղ Լեոնիդ Ազգալդյանն ավարտել է իր մարտական ուղին

Հաջորդ օրն ուսանողներն ուղևորվեցին Արցախի ՊԲ-ի՝ մարտական հերթապահություն իրականացնող սահմանային զորամասերց մեկը: Համալսարանականները հայրենասիրական երգ ու պարով, Լեոնիդ Ազգալդյանի մասին պատմություններով ոգեկոչեցին հերոսի հիշատակը:

«Լեոնիդ Ազգալդյանն առաջինն էր, որ սկսեց խոսել կանոնավոր բանակի մասին: Այն ժամանակ շատերը չէին հասկանում, որովհետև Լեոնիդը բնավորությամբ կտրուկ էր, խիստ, բայց մեծագույն համոզվածություն ուներ, որ ֆիդայական շարժմամբ ազատագրական պայքարը լուծել չի լինի. ազգային բանակ է պետք: Եվ նա դրեց ազգային բանակի հիմքը,-անդրադառնալով Լեոնիդ Ազգալդյանի գործունեությանը՝ նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և հավելեց,- նա այսօր համալսարանի, մեր ժողովրդի հպարտությունն է, և մենք գլուխ ենք խոնարհում Լեոնիդի հիշատակի առաջ՝ որպես Հայաստանի 3-րդ հանրապետության բանակաշինարարության սկզբնավորողի»:

ԵՊՀ արհեստակցական կազմակերպության նախագահ Արմեն Ավետիսյանն էլ փաստեց, որ ԵՊՀ-ի բազմաբովանդակ ծրագրերը համադրվում են ազատամարտիկների հիշատակին նվիրված միջոցառումներով. «Համալսարանականների տարբեր սերունդների և հատկապես Արցախյան գոյամարտի մասնակից ուսանող-ազատամարտիկների և այսօրվա ուսանողների, այդ թվում՝ մերօրյա հերոսների միջև կապը վառ պահելով՝ մենք նպատակ ունենք խթանել ուսանողների ռազմահայրենասիրական դաստիարակությունը»:

Զինվորներին ողջունեցին նաև ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

Վերադարձի ճանապարհին համալսարանականները եղան նաև Լեոնիդ Ազգալդյանի հուշաքարի մոտ: Գագիկ Գինոսյանը, ով նույնպես Ազգալդյանի ջոկատից է եղել, ուշագրավ դրվագներ պատմեց իրենց մարտական ուղուց. «Լեոնիդն ասում էր, երբ կգան ու կասեն, որ ես զոհվել եմ՝ չհավատաք, ես Ստամբուլի պատերի տակ եմ ընկնելու: Նա վստահ էր, որ եթե անգամ զոհվի էլ, հայոց բանակի զինվորները հետագայում իր պատգամը կկատարեն: Այս լեռների վրա, երբ շատերը փախուստի էին դիմում, նա ասում էր՝ «Սա Հայաստանն է, և վերջ»»:


Լեոնիդ Ազգալդյանի անվան պուրակ Բերձորում


Արցախ կատարած այցի երրորդ օրը համալսարանականները Բերձորում Լեոնիդ Ազգալդյանի անվան պուրակ հիմնեցին: Ռեկտոր Արամ Սիմոնյանը փաստում է, որ նմանօրինակ միջոցառումները համալսարանի համար կենսական նշանակություն ունեն. «Պուրակի հիմնումն անմահության խորհրդանիշ է: Տարին մի քանի անգամ ուսանողները և դասախոսները տարբեր ծրագրերով լինում են Արցախում: Մասնակցելով այս ծառատունկին՝ համոզված ենք, որ մեր հայրենիքի այս չքնաղ կտորը հավերժ է, մենք էլ ամուր կպած ենք այս հողին»:

Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն ազգ-բանակ համատեքստում կարևորում է ուսանողների շփումը զինվորների հետ. «Ծրագրում ընդգրկված են այն ուսանողները, ովքեր առաջին անգամ են Արցախում: Կարևոր են զինվորների հետ շփումը, միմյանց դրական լիցքերի փոխանցումը: Յուրաքանչյուր ուսանող այս երեք օրերի ընթացքում կարծես զինվորագրվել էր հայրենիքի համար կարևոր միջոցառմանը»:

Ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Խաչիկյանը նույնպես կարևորեց ուսանողներին Ազգալդյանի կերպարի ներկայացումը, զինվորների հետ հանդիպումը. «Այստեղ գտնվելով, ծառ տնկելով՝ մենք հասկանում ենք այս հողի արժեքը»:

ԵՊՀ մարտական պատրաստության ակումբի նախագահ Մհեր Օթարյանն էլ ընդգծեց, որ Արցախ կատարած այցելությունը հնարավորություն է ևս մեկ անգամ տեսնելու, հասկանալու, թե հայրենիքի որ հատվածի համար ենք միշտ պայքարում:

Նշենք նաև, որ Արցախ կատարած այցի ընթացքում ԵՊՀ պատվիրակությունը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ:


Հրաչուհի Ալմաստյան