30.03.2017
ՀՈՂՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԵՍ ԱՐԵՑԻ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐՈՂ ԷԻ. ԹՈ՛Ղ ՈՒՐԻՇՆԵՐՆ ԱՆԵՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ»
Մարտի 30-ին ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում բացվեց անվանի գիտնական, պրոֆեսոր Հողմիկ Սարգսյանի անունը կրող լսարանը:

Գործող և ապագա երկրաբանները լավ գիտեն նրա անցած ուղին, որի անքակտելի բաղադրիչը Հայկական լեռնաշխարհի անհայտ էջերը բացահայտելն էր: Գիտնականը բացահայտեց և արեց հնարավորը՝ այն հասանելի դարձնելով նաև նրանց համար, ովքեր հետաքրքրված են երկրաբանությամբ:

Վաստակաշատ համալսարանականը գիտնական էր, մտավորական և պարզապես մի անհատ, ում հետ կարող էիր զրուցել մասնագիտությանն առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ: Նա ուսանողների սիրելի դասախոսն էր, ով կյանքից հեռացավ 2016 թ.-ին՝ թողնելով գիտական լուրջ ժառանգություն, որն անգնահատելի է հատկապես նրանց համար, ովքեր նրա գործի շարունակողներն են:

Լսարանի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը, ամբիոնի վարիչներ, դասախոսներ, ուսանողներ և ուրիշներ:

«Հողմիկ Սարգսյանը մարդ էր, ով հասել էր բարձր գիտական արժեքների և իր մարդկային արժանիքների շնորհիվ վայելում էր ոչ միայն երկրաբանների, այլև շատերի հարգանքը: Թեև քիչ եմ շփվել նրա հետ, բայց տպավորություններս մեծ են: Նա մինչև իր կյանքի վերջը նվիրված էր համալսարանին: Նրա խմբագրությամբ լույս է տեսել «Աշխարհագրություն և երկրաբանություն» գիտական հանդեսը: Նա թողեց բարի անուն, իսկ այսօր մենք այդ բարի անունը հավերժացնում ենք: Հենց նրա նման մարդիկ են կերտել համալսարանի 100-ամյա պատմությունը»,- ասաց պրոռեկտոր Գևորգյանը:

Դեկան Մարատ Գրիգորյանն էլ նշեց, որ անվանակոչվող լսարանում երկար տարիներ իր մասնագիտական, դասախոսական և գիտական աշխատանքներն է իրականացրել ֆակուլտետի լավագույն դասախոսներից մեկը՝ Հողմիկ Սարգսյանը. «Երկրաբան մասնագետների պատրաստման և զարգացման գործում մեծ է եղել նրա դերը: Այս լսարանը կարևոր խորհուրդ ունի. ցանկացած ուսանող, մտնելով այս լսարան, իրեն հարց պետք է տա, թե ով է եղել Հողմիկ Սարգսյանը… Նրա նպատակն էր «Երկրաբանություն» գիտությունը միշտ պահել բարձրության վրա, ինչպես նաև պատրաստել այնպիսի մասնագետներ, ովքեր կլինեն արժանի քաղաքացիներ և կծառայեն գիտության զարգացմանն ու ընդերքի ուսումնասիրմանը»:

ՀԽՍՀ վաստակավոր երկրաբանի կոչմանն արժանացած Հողմիկ Սարգսյանի անվան լսարանում շատ են հայկական լեռնաշխարհի քարերը, որոնք գիտնականը խնամքով պահել և հետագայում դարձրել է գիտական ուսումնասիրության առարկա: Այդ իրողությունը վկայում է այն մասին, որ երկրաբանության դոկտորն իր կյանքը նվիրել էր մասնագիտությանը և կյանքի կարևոր հատվածը կապել Մայր բուհի հետ: Մահից մի քանի ամիս առաջ էլ գրել է. «Ես արեցի այն, ինչ կարող էի. թո՛ղ ուրիշներն անեն ավելի լավ»:

Երջանկահիշատակ պրոֆեսորի դուստրը՝ Ռուզաննա Սարգսյանը, ով նույնպես աշխատում է Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում, մեզ հետ զրույցում անկեղծացավ, որ հոր դասախոսությունները մշտապես եղել են ուսանողների ուշադրության կենտրոնում: Տիկին Սարգսյանի՝ հոր հետ կապված հիշողություններն այսօր էլ վառ են. «Ինձ միշտ զարմացրել է այն փաստը, թե ինչպես է հնարավոր այդքան սիրել մասնագիտությունն ու կյանքը նվիրել դրան: Հայրս այդպիսին էր, ում անունը կրող այս լսարանը ոչ միայն անհրաժեշտություն էր, այլև երախտիքի խոսք: Շնորհակալ եմ, որ համալսարանի ղեկավարությունը բարձր գնահատեց հայրիկիս գիտական և մանկավարժական գործունեությունը»:

Տեղեկացնենք նաև, որ Հողմիկ Սարգսյանի գիտական աշխատությունները վերաբերում են Փոքր Կովկասի երկրաբանական կառուցվածքին, հատկապես տեկտոնիկային, շերտագրությանը, երկրաբանության զարգացման պատմությանը և գեոսինկլինալային հրաբխայնության առանձնահատկություններին։ Նա մասնակցել է նաև ՀԽՍՀ, ԽՍՀՄ հարավի ու Կովկասի տեկտոնական քարտեզների կազմման աշխատանքներին։ Դրանցից մեկը տեղ է գտել նրա անունը կրող լսարանում:


Հովհաննես Վարդանյան