30.03.2017
ԵՊՀ ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻՆԵՐՆ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ ԵՆ…
Մարտի 30-ին շախմատի կենտրոնական տանն անցկացվեց հանրապետական ուսանողական մարզական 18-րդ խաղերի բացման, ինչպես նաև շախմատի առաջնության պարգևատրման արարողությունը:

Ուսանողական մարզական խաղերին 9 մարզաձևերի 14 առաջնություններին մասնակցելու են Հայաստանի և Արցախի 20 բուհերի շուրջ 2500 ուսանողներ: Նմանօրինակ միջոցառումներով Հայաստանի երիտասարդական հիմնադրամը խրախուսում է ակտիվ կենսակերպը, թիմային աշխատանքը:

Մարտի 27-29-ն անցկացվեցին աղջիկների և տղաների արագ շախմատի մրցաշարերը: 10-ը բուհերի թիմերի հետ լարված պայքարում Մայր բուհի աղջիկների թիմը գրավեց պատվավոր 1-ին հորիզոնականը, իսկ տղաները հայտնվեցին երկրորդ տեղում: Հատկանշական է, որ աղջիկների թիմը 9 շրջանային խաղափուլերից 9-ում էլ հաղթող է ճանաչվել:

ԵՊՀ աղջիկների շախմատի թիմի մարզիչ Վրեժ Օրդյանը նշեց, որ, ինչպես միշտ, լավագույնների պայքարում փորձել էր ընտրել ԵՊՀ-ի կազմը՝ թիմում ընդգրկելով ոչ միայն կարգային շախմատիստ-ուսանողուհիների, այլև նրանց, ովքեր այդ պահին գտնվում են լավ մարզավիճակում. «Կարևոր է՝ թիմում ընդգրկված ուսանողները լավ մարզավիճակ ունենան, քանի որ մրցաշարը կարճ է, և հնարավոր չէ լավագույն արդյունքների հասնել ընթացքից: Արդեն քանի տարի է՝ ԵՊՀ թե՛ տղաների, թե՛ աղջիկների թիմերը մշտապես պայքարում են ուժեղագույնի տիտղոսի համար: Այս տարի էլ բացառություն չէր»:

Նշենք նաև, որ ԵՊՀ աղջիկների և տղաների շախմատի թիմերը մրցաշարերին մասնակցել են չորս հիմնական և երկու պահեստային խաղացողներով: Մարզչի համար դժվար է եղել ընտրություն կատարելը, քանի որ բոլորն էլ եղել են բարձրակարգ խաղացողներ:

Հ.Գ.: Ուսանողական մարզական խաղերի հանդեպ տարեցտարի մեծանում է ուսանողների հետաքրքրությունը, ինչով պայմանավորված՝ ավելանում են նաև մասնակից թիմերը: Տեղեկացնենք նաև, որ Հանրապետական ուսանողական մարզական խաղերը կազմակերպում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀ ԿԳՆ-ն և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան։


Հովհաննես Վարդանյան