06.03.2017
«ՆԱ ՈՉ ՄԻԱՅՆ ՓԱՅԼՈՒՆ ԳԻՏՆԱԿԱՆ ՈՒ ՀՄՈՒՏ ՄԱՆԿԱՎԱՐԺ ԷՐ, ԱՅԼԵՎ ԲԱՎԱԿԱՆԻՆ ԱՐՏԻՍՏԻԿ ԿԵՐՊԱՐ…»
Մարտի 6-ին ԵՊՀ 6-րդ մասնաշենքի դահլիճում տեղի ունեցավ պրոֆեսոր Պետրոս Հովհաննիսյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթ, որի շրջանակում էլ հանրությանը ներկայացվեց Նիկողայոս Ադոնցի «Երկեր»-ի 7-րդ հատորը:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի նախկին վարիչ Պետրոս Հովհաննիսյանի հիշատակը հարգելու և նրա գիտական վաստակը գնահատելու էին եկել նրա գործընկերները, հարազատներն ու ուսանողները:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի ներկայացուցիչներ և ուրիշներ:

«1972 թ.-ին այս դահլիճում առաջին անգամ ծանոթացա Պետրոս Հովհաննիսյանի հետ, ով արդեն ասպիրանտ էր: Նա վառ անհատականություն էր, դասախոս, գործընկեր, ում սիրում ու հարգում էին անխտիր բոլորը: Պրոֆեսորը ոչ միայն կատարելապես տիրապետում էր այն առարկաներին, որոնք դասավանդում էր, այլև կարողանում էր դրանք հրաշալի մատուցել ուսանողին: Հենց նա մոռացության փոշուց հանեց մեծ հայագետի՝ Նիկողայոս Ադոնցի այս արժեքավոր աշխատությունները, որոնց 7-րդ հատորի շնորհանդեսին, ցավոք, չկարողացավ ներկա գտնվել»,- ասաց Արամ Սիմոնյանը:

Էդիկ Մինասյանն էլ ներկայացրեց պրոֆեսորի կյանքն ու գործունեությունը՝ ընդգծելով, որ նա իր կյանքն անմնացորդ նվիրել է մանկավարժությանն ու գիտությանը, ջանք չի խնայել երիտասարդ պատմաբաններ պատրաստելու ազնիվ ու մեծ նվիրում պահանջող աշխատանքում:

«Պրոֆեսորը ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում դասավանդել է «Հայ ժողովրդի պատմություն», «Հայկական գաղթավայրերի պատմություն», «Սփյուռքի պատմություն», «Աղբյուրագիտություն» առարկաները և մի շարք այլ հատուկ դասընթացներ: Մանկավարժական աշխատանքը զուգակցել է գիտական-ստեղծագործական բեղուն աշխատանքին, ինչպես նաև մեծ աշխատասիրությամբ խմբագրել և լույս ընծայել բազմաթիվ արժեքավոր գրքեր: Պետրոս Հովհաննիսյանը լուրջ ներդրում է ունեցել նաև մատենագրության ոլորտում: Նրա ջանքերի ու աշխատասիրության արդյունքում այսօր ունենք 300-ից ավելի աշխատություններ՝ ուսումնասիրություներ, մենագրություններ, հոդվածներ ու գրախոսություններ: Դժվար է պատկերացնել այն մեծ նվիրումը, որով ծառայել է Պետրոս Հովհաննիսյան գիտնականն ու անհատը»,- նշեց ֆակուլտետի դեկանը և հավելեց, որ ճանաչված պատմաբանի, սիրված դասախոսի ու ազնիվ քաղաքացու հիշատակը միշտ վառ կմնա բոլորի սրտերում:

Դեկանը հավելեց նաև, որ 40 տարիների գիտամանկավարժական անդուլ աշխատանքի արդյունքում անվանի գիտնականը բազմաբնույթ ու բազմաժանր ժառանգություն է թողել երիտասարդ սերնդին:

Այնուհետև Պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը ներկայացրեց երջանկահիշատակ Պետրոս Հովհաննիսյանի ջանքերով խմբագրված Նիկողայոս Ադոնցի «Երկեր»-ի 7-րդ հատորը, որը հրատարակել է ԵՊՀ հրատարակչությունը:

«Պրոֆեսորի հետ մոտ 26 տարվա հարազատության ու բարեկամության ճամփա ենք անցել: Պատիվ եմ ունեցել նախ նրա ուսանողը, այնուհետև կրտսեր գործընկերը լինելու: Նա ոչ միայն փայլուն գիտնական ու հմուտ մանկավարժ էր, այլև բավականին արտիստիկ կերպար, ում հատուկ էր դասախոսություն վարելու միայն իրեն բնորոշ ոճը, ինչի շնորհիվ, ի դեպ, ուսանողները շատ ավելի լավ էին յուրացնում ներկայացվող նյութը»,- ասաց Արտակ Մովսիսյանը:

Ելույթներից հետո Պետրոս Հովհաննիսյանի գործընկերներն ու հարազատները միջոցառման մասնակիցներին պատմեցին պրոֆեսորին առնչվող մի շարք հետաքրքրաշարժ պատմություններ և հուշեր:


Պետրոս Հովհաննիսյան


Պետրոս Հովհաննիսյանը ծնվել է 1944 թ.-ին Գյումրիում՝ Երզնկայից գաղթած ավանդապահ հայ ընտանիքում: 1951-1961 թթ. սովորել է տեղի Մայակովսկու անվան համար 5 միջնակարգ դպրոցում: 1962 թ.-ին ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետ, երրորդ կուրսից զորակոչվել է խորհրդային բանակ և ծառայել ռազմաօդային ուժերում: 1967-1970 թթ. շարունակել է ուսումնառությունը ԵՊՀ-ում, որից հետո ընդունվել է ասպիրանտուրա և պաշտպանել «Միջնադարյան Հայաստանի սոցիալ-տնտեսական հարաբերությունների ուսումնասիրությունը ակադեմիկոս Հ. Մանանդյանի աշխատություններում» թեկնածուական ատենախոսությունը: 1975 թ.-ից աշխատել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, 2013 թ.-ից մինչ մահը եղել է Հայոց պատմության ամբիոնի վարիչ: Դասավանդել է Համազգայինի Բեյրութի հայագիտական բարձրագույն դասընթացներում (1992-1993 թթ.), Սևանի Վազգենյան հոգևոր դպրոցում (1995-1999 թթ.), իսկ 1999 թ.-ից՝ համատեղությամբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում:

Պետրոս Հովհաննիսյանը «Հայոց պատմություն. հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» բուհական ձեռնարկի, հանրակրթական դպրոցի 5-10-րդ դասարանների «Հայոց եկեղեցու պատմություն» դասագրքի, հանրակրթական դպրոցի 6-րդ և 7-րդ դասարանների, ինչպես նաև ավագ դպրոցի 10-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի համահեղինակն է ու խմբագրական կազմի անդամ: Նա գործուն մասնակցություն է ունեցել ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի «Հայոց պատմություն» բազմահատորյակի 2-րդ և 3-րդ հատորների, «Հայկական սովետական հանրագիտարան», «Հայկական համառոտ հանրագիտարան», «Հայկական հարց», «Քրիստոնյա Հայաստան» և «Ո՞վ ով է» հանրագիտարանների ստեղծմանը: Պրոֆեսորը մասնակցել է միջազգային և հանրապետական բազմաթիվ գիտաժողովների (Երևան, Մոսկվա, Բեյրութ, Սոֆիա, Մոնպելիե, Սոչի): Գիտամանկավարժական բեղուն գործունեության համար արժանացել է Հայոց եկեղեցու բարձրագույն «Սուրբ Սահակ Պարթև և Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանի (2004 թ.), «Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժ» կոչմանը (2009), կառավարական բազմաթիվ շնորհակալագրերի ու պատվոգրերի:

Վարդուհի Զաքարյան