03.03.2017
ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՑ ՅՈԹԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐ ԵՆ
Մարտի 3-ին Երևանի պետական բժշկական համալսարանում ամփոփվեցին «Լավագույն ուսանող-2016» հանրապետական մրցույթի արդյունքները. հաղթողներից յոթը ԵՊՀ ուսանողներ են:

Արդեն մի քանի տարի է, ինչ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, իրականացնելով այդ մրցույթը, խրախուսում է ուսանողներին: Լավագույնի կոչմանն արժանանալու համար տարբեր բուհերում սովորող երիտասարդները պետք է ցուցաբերեն ոչ միայն գերազանց առաջադիմություն, հասարակական ակտիվություն, այլև ակտիվ լինեն գիտական ոլորտում: Նախարարությունը որպես մրցանակ հաղթողներին տրամադրում է մեկանգամյա անվանական կրթաթոշակ:

Մրցույթին այս տարի մասնակցել են 18 բուհերի ուսանողներ: Առաջին փուլն անցկացվել է բուհերում, երկրորդը՝ ԿԳՆ-ում: Լավագույններին ընտրել է հանձնաժողովը՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Արդյունքում՝ հաղթող են ճանաչվել 37 ուսանողներ՝ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերով: Ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի ԿԳՆ-ն բարձրացրել է հաղթողների մեկանգամյա անվանական կրթաթոշակների գումարի չափը (1-ին տեղ՝ 450.000 դրամ, 2-րդ տեղ՝ 300.000 դրամ, 3-րդ տեղ՝ 204.500 դրամ):

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը մասնակցում էին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, մի շարք բուհերի պրոռեկտորներ, դասախոսներ, ուսանողներ և ուրիշներ:

Նախարար Մկրտչյանը ողջունեց ներկաներին և շնորհավորեց հաղթող ուսանողներին՝ նրանց մաղթելով նորանոր հաջողություններ և մասնագիտական ձեռքբերումներ. «Յուրաքանչյուր տարի նաև ուսանողական մակարդակով մենք ամփոփում ենք կատարված աշխատանքները և այսօր պատիվ ունենք լավագույն ուսանողներին պարգևատրելու մրցանակներով: Նմանօրինակ հանդիսությունները նաև առիթ են անդրադառնալու ոլորտի ձեռքբերումներին և գնահատանքի խոսք հղելու այն համակարգին, որի գործունեության շնորհիվ երիտասարդները ստանում են մասնագիտական լուրջ կարողություններ»:

ԵՊՀ պրոռեկտոր, «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հանձնաժողովի անդամ Ռուբեն Մարկոսյանն էլ նշեց, որ ըստ անվանակարգերի՝ թե՛ բակալավրիատում, թե՛ մագիստրատուրայում գրեթե բոլոր հավակնորդներն արժանացել են բարձր կարգի մրցանակների. «Բացի գերազանց առաջադիմությունից՝ արտալսարանային աշխատանքներում կարևորվում է ուսանողների ակտիվ մասնակցությունը, որը դրսևորվում է գիտական աշխատանքների կատարմամբ (հոդվածներ, գիտաժողովներ, սեմինարներ), ինչպես նաև ուսանողական կազմակերպությունների աշխատանքներում ակտիվ ներգրավվածությամբ: Ռեկտորատի անունից շնորհավորում եմ հաղթողներին, նրանց ցանկանում հաջողություններ, ձեռքբերումներ և մասնագիտական նորանոր նվաճումներ»:

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Մարիանա Բոցինյանն այն յոթ համալսարանականներից մեկն է, ով մրցույթում հաղթող է ճանաչվել. «Խրախուսելով ուսանողների սերը գիտության և կրթության նկատմամբ՝ այս մրցույթը նաև հնարավորություն է տալիս հասկանալու, որ դու կարող ես քեզ համար սիրելի ոլորտում ներդրում կատարել: Ոչ մի աշխատանք ապարդյուն չի կորչում, իսկ գիտելիքը միշտ մերն է. դա մենք ենք, իսկ մեզ չեն կարող մեզնից զրկել: Մրցույթը ոգևորիչ է թե՛ մրցանակակիրների, թե՛ հատկապես այն ուսանողների համար, ովքեր գիտության շեմին են և նոր են պատրաստվում քայլ կատարել իրենց ոլորտում»:

Նշենք նաև, որ «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում հաղթողների մեծ մասը ԵՊՀ «Լավագույն ուսանող-2016» մրցույթի հաղթողներն են:

Հ.Գ.: «Երևանի համալսարան»-ը նույնպես շնորհավորում է «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթում մրցանակների արժանացած ԵՊՀ ուսանողներին և ստորև ներկայացնում նրանց անվանացանկը:

Հասարակագիտական ոլորտ
• Քրիստինե Սաֆարյան (ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ, մագիստրատուրա, 2-րդ կուրս, 1-ին տեղ)
• Լուիզա Մելիքսեթյան (ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ, 4-րդ կուրս, 3-րդ տեղ)


Հայագիտական ոլորտ
• Մարիանա Բոցինյան (ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ, բակալավրիատ, 4-րդ կուրս, 2-րդ տեղ)


Հումանիտար գիտությունների ոլորտ
• Արմեն Խաչատրյան (ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, մագիստրատուրա, 2-րդ կուրս, 1-ին տեղ)
• Վահագն Հարությունյան (ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետ, բակալավրիատ, 4-րդ կուրս, 1-ին տեղ)


Բնագիտական ոլորտ
• Կորյուն Գևորգյան (ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ, բակալավրիատ, 4-րդ կուրս, 1-ին տեղ)
• Մարիամ Հարությունյան (ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, մագիստրատուրա, 2-րդ կուրս, 2-րդ տեղ)


Հովհաննես Վարդանյան