09.03.2017
ՀԱԼԵՊԸ ՉԼՔԱԾ ՄԻԱԿ ՀՅՈՒՊԱՏՈՍՆ ԱՅՑԵԼԵԼ ԷՐ ՀԱՐԱԶԱՏ ՖԱԿՈՒԼՏԵՏ
Մարտի 9-ին ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ղեկավարության նախաձեռնությամբ ապագա արևելագետների, ինչպես նաև պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ հանդիպեց Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ Տիգրան Գևորգյանը:

Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի ղեկավարության կողմից կազմակերպված հանդիպման նպատակն էր քննարկել Սիրիայում առկա ճգնաժամային իրավիճակը, դրա լուծման շուրջ ծավալվող բանակցային գործընթացը, սիրիական հակամարտության ազդեցությունը տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վրա, ինչպես նաև Սիրիայի հայկական համայնքի վիճակն ու նրա առջև ծառացած մարտահրավերները:

Հանդիպմանը ներկա էին ֆակուլտետի դեկանի տեղակալ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, Արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանը և պրոֆեսորադասախոսական կազմի մի շարք ներկայացուցիչներ:

Տիգրան Գևորգյանին ողջունեց դոցենտ Հայկ Քոչարյանը, կենսագրական որոշ տվյալներ ներկայացրեց և հյուրին շնորհակալություն հայտնեց համալսարանականների հետ հանդիպելու առաջարկին արագ արձագանքելու համար:

«Ես էլ եմ շնորհակալ ապագա արևելագետների ու դիվանագետների հետ հանդիպման հնարավորություն ընձեռելու համար: Ես ձեզ իմ գործընկերներն եմ համարում, ուստի ուզում եմ, որ անկաշկանդ շփվենք և մտքեր փոխանակենք»,- նշեց Տիգրան Գևորգյանը:

Հալեպը չլքած միակ հյուպատոսը խոսեց 2010 թ.-ի վերջերից, իսկ ավելի ստույգ՝ 2011 թ.-ից ի վեր արաբական մի շարք երկրներում սկիզբ առած և առավելապես «Արաբական գարուն» անունը ստացած հակակառավարական բողոքի ու աննախադեպ ցույցերի արդյունքում Սիրիայում ծագած ճգնաժամի և պատերազմի մասին, որոշ վիճակագրական տվյալներ ներկայացրեց երկրին հասցված վնասների, նյութական ու մարդկային կորուստների վերաբերյալ, այնուհետև անդրադարձավ հայկական համայնքում տիրող ներկա վիճակին:

«Ցավով պետք է նշեմ, որ Հալեպը հիմնահատակ ավերված է: Այս պատերազմի ընթացքում մենք ունեցանք մարդկային զոհեր, ինչպես նաև մշակութային կորուստներ՝ ավերվեցին հայկական եկեղեցիներ, պատմական հուշարձաններ: Սակայն մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի օգնենք մեր հայրենակիցներին, և այդ գործում մեծ աջակցություն ենք ստանում ՀՀ իշխանություններից: Արդեն երրորդ անգամ է, ինչ Հայաստանից մարդասիրական օգնություն է ուղարկվում Սիրիա, որից, ի դեպ, օգտվում են ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչները»,- ասաց բանախոսը և հավելեց, որ սիրիական խնդիրն այնքան ժամանակ լուծում չի ստանա, քանի դեռ այդ գործընթացում ներգրավված գերտերությունները չեն սկսել բանակցային գործընթաց և ընդհանուր հայտարարի չեն եկել:

Ըստ բանախոսի ներկայացրած տվյալների՝ Սիրիայի շուրջ 80 տոկոսն ավերված է, երկրին հասցվել է մոտ 240 մլրդ դոլարի վնաս, տեղահանվել է ավելի քան 12 մլն մարդ, որոնցից 4 մլն-ը լքել է հայրենիքը:

«Եվ չնայած ներկայումս Հալեպում համեմատական անդորր է, սակայն անմարդկային պայմաններ են. չկան էլեկտրաէներգիա, գազ, ջեռուցում, ջուրն անկանոն է, լուրջ խնդիր կա նաև դեղորայքի հետ կապված, իսկ ինտերնետի կամ հեռահաղորդակցական կապերի մասին էլ չեմ խոսում: Քաղաքը շրջափակումից դուրս հանող ճանապարհի մեծ մասն էլ զինյալների հսկողության ներքո է»,- պատմում է հյուրը:

Հյուպատոսը հավելեց նաև, որ Հալեպում տեղակայված հյուպատոսարանում, չնայած դժվար պայմաններին, դիվանագետներն աշխատում են արտակարգ ռեժիմով. գրեթե ամեն օր կազմակերպվում են քաղաքացիների ընդունելություններ, խորհրդատվական հանդիպումներ: Պարբերաբար իրականացվում են նաև արտագնա հյուպատոսական ծառայություններ, որոնց ընթացքում օգնություն են ստանում նաև երկրի ծայրամասերում պատսպարված մեր հայրենակիցները:

«Գրեթե բոլոր հայկական համայնքային միությունները, մարզական ու մշակութային կազմակերպությունները, դպրոցները, մանկապարտեզներն ու հիվանդանոցներն ամեն կերպ փորձում են շարունակել իրենց աշխատանքը: Սա խոսում է այն մասին, որ չնայած այդ պայմաններին՝ համայնքը, այնուամենայնիվ, ապրում է: Կարելի է ասել՝ համայնքը վերապրեց պատերազմական շատ ծանր վիճակները, և հույս ունենք, որ արդեն գալիք ժամանակաշրջանը մի քիչ ավելի բարենպաստ կլինի»,- ամփոփեց Տիգրան Գևորգյանը:

Հանդիպման ավարտին համալսարանականները հյուրին մի շարք հարցեր ուղղեցին:


Վարդուհի Զաքարյան