29.03.2017
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԿԱՅԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԻՑ Է ԿԻՐԹ ԵՎ ԽԵԼԱՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱԼԸ»
Մարտի 24-29-ը ԵՊՀ-ում անցկացվեց «Լիդերության դերը կարիերայի զարգացման գործում. բուհ-ձեռնարկություն համագործակցության նոր ձևաչափ» խորագրով ծրագիրը, որը կազմակերպվել էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի, «Բիլայն» ընկերության հայաստանյան մասնաճյուղի, «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի և «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ի համագործակցության շրջանակում:

ԵՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների, ինչպես նաև շրջանավարտների համար նախատեսված ծրագիրը մասնակիցներին հնարավորություն տվեց ծանոթանալու ներկայումս ՀՀ աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող ոլորտների կազմակերպությունների գործունեությանը և կադրային քաղաքականությանը:

Մարտի 24-ին ծրագրի առաջին հյուրը «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության տնօրեն, հասարակական-քաղաքական գործիչ Արամ Անանյանն էր, ով հանդիպեց ուսանողների հետ: Հյուրին ներկայացրեց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը: Այնուհետև բանախոսը խոսեց ուսանողական լիդերության և կարիերայի զարգացման միջև առկա անմիջական կապի մասին:

«Շատ կարևոր է, որ լիդերության գաղափարն առաջ է գալիս և ուսումնասիրվում հենց ուսանողական տարիներին: Երիտասարդությունն այն ժամանակահատվածն է, երբ դու դեռ ձախողվելու, անհաջողություններից դասեր քաղելու և սխալներդ ուղղելու ժամանակ ունես»,- նշեց Արամ Անանյանը:

Բանախոսն անդրադարձավ «լիդեր» հասկացության ժամանակակից մոտեցումներին և հասարակական ընկալումներին՝ նշելով, որ այսօր առաջնորդության գաղափարը խեղաթյուրված է, ցանկացած բնագավառի լիդեր տարբեր խավերի ներկայացուցիչներին հաճոյանալու համար նախընտրում է միջանկյալ դիրքորոշումներ որդեգրել:

«Երբ մենք խոսում ենք ոչ կոնֆլիկտոգեն լինելու մասին, մենք արդեն կոնֆլիկտային ենք դառնում, և այդ կոնֆլիկտի հիմքում արժեքներն են, որոնք ամենակարևոր բաղադրիչներն է մարդու համար: Հենց արժեքների վրա հիմնված առաջնորդությունն է ճշմարիտը, որը պարզապես դատապարտված է հաջողության»,- փաստեց Արամ Անանյանը:

Ելույթից հետո հանդիպումն ինտերակտիվ բնույթ ստացավ. Արամ Անանյանը պատասխանեց ուսանողների հարցերին՝ անդրադառնալով լրատվական գործակալության պատմությանը, նպատակներին, գործունեությանն ու կադրային քաղաքականությանը:

Նույն ծրագրի շրջանակում մարտի 28-ին ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը հյուրընկալեց «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարին: Հանդիպման նպատակը ԵՊՀ-ի և «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի միջև համագործակցության հուշագրի կնքումն էր:

Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի, ինչպես նաև «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան»-ի ներկայացուցիչները:

«Մեր ուսանողների համար իսկապես լավ հնարավորություն է ընձեռված, որպեսզի ոչ միայն առաջին ձեռքից ծանոթանան ՀՀ-ի առաջատար ոլորտներում գործող ընկերությունների գործունեությանը, այլև անմիջական շփումներ ունենան կազմակերպությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ»,- ասաց Լիլիթ Հակոբյանը:

Կողմերը քննարկեցին արդյունավետ և երկարատև փոխգործակցության, բուհ-աշխատաշուկա կապերի ամրապնդման, ինչպես նաև ուսանողների պրակտիկայի կազմակերպման հնարավորություններն ու հեռանկարները:

Ալեքսանդր Գրիգորյանը նախ հյուրերին հակիրճ ներկայացրեց ԵՊՀ պատմությունը և զարգացման միտումները, այնուհետև նշեց. «Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան»-ի հետ համագործակցությունը մեր ուսանողների համար փորձառության, պրակտիկ գիտելիքներ ստանալու, ինչպես նաև կարիերա կառուցելու լուրջ հնարավորություններ կարող է ստեղծել»:

Պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն էլ անդրադարձավ բուհ-գործատու-աշխատաշուկա համագործակցության խնդիրներին և համալսարանի ղեկավարության կողմից դրանց լուծմանն ուղղված ծրագրերի իրականացմանը:

Այնուհետև «Լիդերության դերը կարիերայի զարգացման գործում. բուհ-ձեռնարկություն համագործակցության նոր ձևաչափ» խորագրով ծրագրի շրջանակում Փոլ Էդգարը Պալեանների անվան դահլիճում հանդիպեց համալսարանականների հետ:

«Ես առաջին անգամ եմ Երևանի պետական համալսարանում: Ինձ համար մեծ պատիվ է գտնվել Մայր բուհում և հանդիպել ձեզ հետ: Պետք է նշեմ, որ առաջին իսկ օրվանից շատ եմ սիրել նաև Երևանը և հյուրընկալ հայերին»,- նշեց Փոլ Էդգարը:

«Էյչ Էս Բի Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենն ուսանողներին որոշ կենսագրական տվյալներ ներկայացրեց, խոսեց բանկի պատմության, ամբողջ աշխարհում և մասնավորապես Հայաստանում իրականացվող գործունեության մասին, այնուհետև անդրադարձավ բանկային գործի կազմակերպմանը, աշխատանքային առանձնահատկություններին և հմտություններին:

Հանդիպման ընթացքում ուսանողները բանախոսին ոչ միայն հարցեր էին ուղղում, այլև մեծ ոգևորությամբ պատասխանում հյուրի հնչեցրած հարցադրումներին:

Մարտի 29-ին էլ համագործակցության հուշագիր կնքեցին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ու Հայաստանում «Beeline» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Մենք միշտ պատրաստ ենք և ունենք բոլոր հնարավորությունները կադրերի պատրաստման և պրակտիկայի ձեռքբերման տեսանկյունից ընդլայնելու մեր համագործակցությունը ՀՀ-ում խոշոր գործատուների հետ: Այսօրվա հուշագիրը, վստահ եմ, նոր և արդյունավետ փոխգործակցության համար կարևոր խթան կհանդիսանա»,- ասաց Արամ Սիմոնյանը:

Անդրեյ Պյատախինն էլ ընդգծեց, որ «Beeline» ընկերությունը պատրաստ է ուսանողների համար լինել այն կառույցը, որտեղ նրանք կարող են ձեռք բերել գործնական հմտություններ և կայանալ որպես մասնագետներ. «Յուրաքանչյուր պետության զարգացման և կայացման համար կարևորագույն նախապայմաններից է կիրթ և խելացի երիտասարդություն ունենալը: Եվ քանի որ մենք գործում ենք Հայաստանում, և մեր ընկերության ապագան նույնպես կախված է երիտասարդ կադրերից, մենք, անկասկած, նույնպես հետաքրքրված ենք Հայաստանի առաջատար բուհի հետ համագործակցությամբ»:

Այնուհետև «Beeline» ընկերության գլխավոր տնօրենը համալսարանական ուսանողների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման փուլերն ու ժամանակակից միտումները, «Beeline» ընկերության գործունեությունը, ինչպես նաև Հայաստանում ու ընդհանրապես աշխարհում հեռահաղորդակցության ոլորտի միջազգային խոշորագույն ընկերությունների մրցակցության կանոններն ու հմտությունները:

Նույն օրը ԵՊՀ ուսանողներին հյուրընկալվեցին նաև «Ռոսգոսստրախ Արմենիա» ԱՓԲԸ-ի ներկայացուցիչները՝ ընկերության մանրածախ ապահովագրության գծով գործադիր տնօրենի տեղակալ Գրիգոր Նավասարդյանի գլխավորությամբ:

Ընկերության անձնակազմի հավաքագրման բաժնի ղեկավար Լուսինե Գևորգյանը ներկայացրեց հանդիպման նպատակները և նախաձեռնության ու արդյունավետ փոխգործակցության համար շնորհակալություն հայտնեց ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնին:

«Ես նույնպես Մայր բուհի շրջանավարտ եմ և պետք է նշեմ, որ իմ ուսանող լինելու տարիներին մեզ նմանօրինակ հնարավորություն երբեք չի ընձեռվել, ուստի բոլորիդ հորդորում եմ ակտիվ լինել և օգտագործել նմանաբնույթ բոլոր առիթները կարիերա կառուցելու դժվարին գործընթացում»,- ասաց բանախոսը:
Այնուհետև «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերության թրեյներներն ապահովագրական գործի պատմության և զարգացման վերաբերյալ ինտերակտիվ բնույթ կրող զրույց սկսեցին համալսարանականների հետ:

Ընկերության մանրածախ ապահովագրության գծով գործադիր տնօրենի տեղակալ Գրիգոր Նավասարդյանն էլ նախ կենսագրական որոշ տվյալներ ներկայացրեց, ապա անդրադարձավ «Ռոսգոսստրախ Արմենիա»-ի գործունեությանը:

Հավելենք, որ «Լիդերության դերը կարիերայի զարգացման գործում. բուհ-ձեռնարկություն համագործակցության նոր ձևաչափ» խորագրով ծրագրի ավարտին բոլոր մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրերով, իսկ լավագույնները ծրագրում ընդգրկված կազմակերպությունների կողմից կստանան պրակտիկայի կամ աշխատանքի առաջարկ:


Վարդուհի Զաքարյան