08.03.2017
ՏՈՆԱՎԱՃԱՌ ԵՊՀ-ՈՒՄ՝ ՍԻՐԻԱԿԱՆ ՀԱՄԵՐՈՎ ՈՒ ՄՈՏԻՎՆԵՐՈՎ
Մարտի 7-8-ը ԵՊՀ-ում կազմակերպվել էր «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» բարեգործական ցուցահանդես-վաճառքը:

Համալսարանի դասախոսներին և ուսանողներին իրենց ձեռագործ աշխատանքները, թանկարժեք քարերով ու արծաթե զարդերը, իրենց պատրաստած համեմունքներն ու զանազան կերակուրները ներկայացնելու էին եկել վերջին տարիներին Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերը: Սփյուռքահայերի ինտեգրման ծրագրի շրջանակում ԵՊՀ 8-րդ մասնաշենքի ճեմասրահում կազմակերպված ցուցահանդես-վաճառքի նախաձեռնողը ՀՀ սփյուռքի նախարարությունն էր: ԵՊՀ-ն էլ աջակցել էր տարածքի տրամադրմամբ: Երկօրյա միջոցառման բացումը կատարեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, այնուհետև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ շրջեց տաղավարներով՝ բաց չթողնելով նաև Մարտի 8-ին ընդառաջ որոշ գնումներ կատարելու առիթը:

Նախարար Հրանուշ Հակոբյանը խոստովանեց, որ միշտ հաճույքով է համտեսում սիրիահայերի պատրաստած ուտեստները, որոնց մեջ և՛ հայկականություն կա, և՛ արևելյան համեմունքներ:

«Հաճախ նաև զարդեր եմ գնում ոչ միայն ընտանիքիս անդամների, այլև արտասահմանցի ընկերներիս համար: Եվ պետք է ասեմ, որ սիրիական արտադրության զարդերը նրանք հաճույքով են կրում,- ասում է տիկին Հակոբյանն ու հավելում, որ գնալով ավելի է մեծանում հետաքրքրությունն այսպիսի ցուցահանդեսների նկատմամբ,- եթե սա իրենց օգուտ չտար, չէին գա: Երբ նոր էինք կազմակերպում, 10-15 սեղանիկ էր, այսօր 60-ն անցնում է: Դա նշանակում է, որ նախ նրանք կարողանում են իրենց արտադրությունն ընդլայնել, հետո էլ տեղացիների հետաքրքրությունն է մեծանում նրանց ապրանքների նկատմամբ»:

Նմանաբնույթ ցուցահանդես Սփյուռքի նախարարությունը կազմակերպում էր արդեն 15-րդ անգամ, վերջին շրջանում անցկացման վայրերին միացել են նաև բուհերը: Որոշ ժամանակ առաջ այն անցկացվել էր Հայաստանի ամերիկյան համալսարանում, իսկ ԵՊՀ-ն սփյուռքահայ գործարարներին հյուրընկալում էր արդեն 3-րդ անգամ:

«Շատ խրախուսելի միջոցառում է: Այսպիսի միջոցառումներ հաճախ է պետք կազմակերպել, որպեսզի մեր սիրիահայ հայրենակիցները կարողանան հարմարվել այստեղի շուկայական միջավայրին, որովհետև տարբերություններն ակնհայտ են: Գուցե մի քիչ արտասովոր է, որ բուհում է այսպիսի բան կազմակերպվում, բայց կարևորն այն է, որ այս ձևով օգնում ենք մեր հայրենակիցներին՝ վաճառելու իրենց արդար քրտինքով ստեղծածը»,- ասում է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Ցուցահանդեսի մասնակիցներից ոմանք նմանօրինակ միջոցառմանը մասնակցելու հարուստ փորձ ունեն, ասում են՝ իրենց գործի համար միշտ օգտակար է: Նրանցից մեկը «ՎՍ» ընկերության ղեկավար Վաչեն է, ով Հայաստանում է 2012 թ.-ից, թեպետ հայրենիք առաջին անգամ եկել է դեռևս խորհրդային տարիներին, բարձրագույն կրթությունն էլ այստեղ է ստացել: Նա զբաղվում է համեմունքների ու կերակրի բնական հավելումների արտադրությամբ ու վաճառքով:

«Ես երկրին բավականին ծանոթ եմ, հիմնական խնդիրը շուկան է. օրենքները չեն քաջալերում, որ տեղական արտադրությունը զարգանա»,- ասում է Վաչեն ու հավելում, որ այս պայմաններում էլ իր գործը վատ չէ,- մեր ապրանքներն այստեղ փոքր-ինչ նոր են, հայերն էլ քիմքի առումով շատ զգուշավոր են, բայց որևէ համեմունք մեկ անգամ փորձելուց հետո կրկին վերադառնում են»:

Վաչեն ասում է նաև, որ համեմունքները պատրաստում է բացառապես տեղական հումքով. մթերքները գնում է միմիայն գյուղացիներից, որպեսզի նրանց ևս ինչ-որ բանով օգնի:

Հայաստանյան իր բիզնեսից դժգոհ չէ նաև երիտասարդ գործարար Հարություն Տեր-Բաղդասարյանը: Նա էլ իր դիզայնով արծաթե զարդեր է պատրաստում կամ ներկրում դրսից ու վաճառում:

«Գործն առաջ գնում է, և ես ինձ շատ լավ եմ զգում Հայաստանում: Չգիտեմ՝ ուրիշների համար ինչպես է, բայց ես միշտ գոհ եմ մնում ցուցահանդեսներից,- ասում է նա ու հավելում, որ Երևանում իր 3.5 տարվա գործունեության ընթացքում նաև տեղացի կանանց ճաշակն է ուսումնասիրել ու զարդերը պատրաստում կամ գնում է՝ դա հաշվի առնելով,- ամենաշատը հայկական խորհրդանիշներն են վաճառվում՝ նռան, կենաց ծառի, ժայռապատկերների տեսքով զարդերը: Ե՛վ տեղացիներն են շատ գնում, և՛ զբոսաշրջիկները»: