21.06.2017
ՎԱՀՐԱՄ ԴՈՒՄԱՆՅԱՆ. «ՄԵՆՔ ՀԱՎԱՍԱՐ ՔԱՅԼԵՑԻՆՔ ԱՇԽԱՐՀԻ ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԵՎ ԴԱ ԱՐԵՑԻՆՔ ՇՈՇԱՓԵԼԻ ՈՒ ԻՐԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՎ»
Մայիսի 20-25-ը ԱՄՆ-ում անցկացված «ACM-ICPC» ծրագրավորման միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլում ԵՊՀ թիմն աշխարհի 133 համալսարանների թիմերի միջև ընթացիկ պայքարում գոհացուցիչ արդյունքներ է գրանցել՝ լուծելով առաջադրված խնդիրներից 4-ը: Հեղինակավոր մրցույթի նշանակության և կարևորության, ինչպես նաև ոլորտի խնդիրների մասին զրուցել ենք ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի դեկան և մրցույթի հայաստանյան տնօրեն Վահրամ Դումանյանի հետ:

- Պարո՛ն Դումանյան, առավել մանրամասն կանդրադառնա՞ք մրցույթին:

- Աշխարհում հայտնի ամենամյա այդ մրցույթի կազմակերպիչը ԱՄՆ-ն է: Մրցույթը նախ տարածաշրջանային մակարդակով տեղի է ունեցել դեկտեմբերին, որի ընթացքում ԵՊՀ թիմի ներկայացուցիչները՝ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողներ Ալբերտ Սահակյանը, Հրայր Հարությունյանը և Տիգրան Մամիկոնյանը, փայլուն կատարելով իրենց առաջադրված խնդիրները, նվաճեցին եզրափակիչ փուլի ուղեգիր: Եզրափակիչ փուլը մայիսի 20-25-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցավ ԱՄՆ-ում: Բուն մրցույթը կայացավ մայիսի 24-ին: Եզրափակիչ փուլի ցուցակային կազմում ընդգրկված էին 133 թիմեր, իսկ մրցույթին ընդհանրապես մասնակցել են 103 երկրների 2948 համալսարանների թիմեր: Յուրաքանչյուր թիմ բաղկացած էր 3 ուսանողներից: Այդ մրցույթն աշխարհում այսօր ամենահեղինակավորն է, և երբ ԵՊՀ թիմը հայտնվում է մրցույթի մասնակիցների ցուցակում, դա շատ մեծ նվաճում է:

- Ե՞րբ է առաջին անգամ ԵՊՀ-ն մասնակցել այդ մրցույթին և ի՞նչ արդյունքներ է գրանցել նախկինում:

- Այդ օլիմպիադային առաջին անգամ մասնակցել ենք 2000 թ.-ին: Եվ տարեցտարի մեծ գործունեություն իրականացնելով՝ սկսել ենք ավելի լավ ներկայանալ: Այս տարի մենք առաջին անգամ ենք հաղթահարել նախընտրական փուլը և անցել եզրափակիչ: Մասնակցությունը եզրափակիչ փուլում արդեն իսկ բարդագույն խնդրի հաղթահարում է, որովհետև մրցույթին մասնակցում են բազմաթիվ հեղինակավոր համալսարանների թիմեր: Մենք ներկայացված ենք հյուսիսարևելյան եվրոպական տարածաշրջանի կազմում, որտեղ ընդգրկված է նաև Ռուսաստանը, որի թիմերը մշտապես բարձր արդյունքներ են գրանցել, իսկ Սանկտ Պետերբուրգի Տեղեկատվական տեխնոլոգիաների, մեխանիկայի և օպտիկայի ազգային հետազոտական համալսարանի թիմը վերջին 7 տարիներին անընդմեջ զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Ռուսաստանը ներկայացնող թիմերի հետ նույն տարածաշրջանի կազմում լինելը նույնպես բարդացնում է եզրափակիչ դուրս գալու հավանականությունը:

- Պարո՛ն Դումանյան, ինչպե՞ս է անցնում եզրափակիչը, և ի՞նչ սկզբունքով են դասակարգվում թիմերը:

- Եզրափակիչ փուլում թիմերին տրվում է 12 խնդիր և 5 ժամ ժամանակ: Թիմերի գնահատման և դասակարգման սկզբունքը հետևյալն է. ընդհանուր առմամբ նախատեսված է 12 մեդալ՝ 4 ոսկե, 4 արծաթե և 4 բրոնզե: Դասակարգման աղյուսակում, ըստ հերթականության, ներկայացվում են մեդալի արժանացած թիմերը, որոնցից հետո թիմերը դասակարգվում են՝ ըստ լուծած խնդիրների քանակի: Մասնավորապես 12-րդ տեղից հետո գալիս է 13-րդ տեղը, որը կիսել են 7 թիմեր, և որոնք լուծել են 7 խնդիր: Դասակարգման աղյուսակում դրանք ներկայացվում են՝ ըստ այբբենական կարգի: Այնուհետև աղյուսակում ներկայացվում են համապատասխանաբար 6, 5 և 4 խնդիր լուծած թիմերը: Մենք այն թիմերի շարքում ենք, որոնք լուծել են 4 խնդիր: Մեզ հետ 4 խնդիր են լուծել ևս 54 թիմեր, որոնք դասակարգման աղյուսակում կիսել են 56-րդ տեղը: Կան թիմեր, որոնք տեղ չեն գրավել, այլ պարզապես արժանացել են շնորհակալագրերի: Եթե հիշենք, որ մրցույթին մասնակցում են 2948 համալսարանների թիմեր, ապա կարծում եմ, որ 56-րդ հորիզոնականը մեզ համար բացառիկ է: Ի դեպ, նույն արդյունքը մեզ հետ գրանցել են նաև այնպիսի հեղինակավոր համալսարանների թիմեր, ինչպիսիք են Փրինսթոնի, Օքսֆորդի և այլ համալսարանների թիմեր:

- Իսկ ինչպե՞ս են ստուգվել լուծված խնդիրները:

- Թիմերի կողմից լուծված խնդիրները ստուգվում են համակարգիչների կողմից, և կարելի է ասել, որ սուբյեկտիվ մոտեցման խնդիր, ըստ էության, չկա: Ամեն խնդրի լուծում ուներ պայման, ըստ որի՝ յուրաքանչյուր ծրագիր պետք է աշխատեր ոչ ավելի, քան տրված ժամանակահատվածը: Եթե խնդիրը լուծվում էր, բայց այն ավելի շատ էր աշխատում, քան տրված ժամանակահատվածը, ապա խնդրի լուծումը չէր հաշվվում: Ընթացիկ դասակարգման աղյուսակում թիմերը դասակարգվում էին՝ ըստ խնդրի լուծման արագության, բայց վերջնական դասակարգումը եղել է արդեն նշված սկզբունքով:

- Պարո՛ն Դումանյան, ինչո՞ւ է մրցույթը կարևոր մեզ համար, և ի՞նչ է այն տալիս մեր ուսանողներին:

- Աշխարհում նմանաբնույթ միջոցառումները շատ բարձր են գնահատվում: Երբ խոսք է լինում համալսարանների վարկանիշային աղյուսակների կամ ընդհանրապես համալսարանների ճանաչելիության մասին, հաշվի են առնվում հենց նմանօրինակ միջոցառումները: Ներքին թղթաբանությունների մեջ պարփակումը, իմ խորին համոզմամբ, ոչ մի ապագա չունի, եթե մենք դուրս չգանք միջազգային հարթակ: Հարթակները տարբեր մակարդակներ ունեն: Կոնկրետ այս մրցույթը տվյալ բնագավառում միջազգային ամենաբարձր հարթակն է: Եթե մեր աշխատանքի արդյունքը և մենք դուրս չենք գալիս և հավասարի պես չենք նստում աշխարհի հայտնի համալսարանների ներկայացուցիչների կողքին, ապա ինչքան էլ մենք մեզ գովենք, դա արժեք չի ունենա: Մենք, մեր ուսանողները, բոլորս մեր մասնակցությամբ ցույց տվեցինք, որ մենք համալսարանական միջազգային հանրության լիիրավ անդամ ենք: Ինձ այնտեղ մոտենում էին մարդիկ և շնորհավորում միայն այն բանի համար, որ մենք արդեն իսկ եզրափակիչ փուլի մասնակից ենք, իսկ տեղ գրավելն արդեն իսկ մեծ հիացմունք էր առաջացնում: Մենք հավասար քայլեցինք աշխարհի հեղինակավոր համալսարանների հետ և դա արեցինք շոշափելի ու իրական արդյունքով: Սրան պետք է ձգտեն անխտիր բոլոր համալսարանները: Աշխարհում այսօր համալսարանը շատ ավելին է, քան պարզապես առարկան, քննությունը կամ գնահատականը: Համալսարանը պետք է ձգտի հավասար քայլել հեղինակավոր բուհերի հետ, և եթե այդ ձգտումը չկա, ապա բուհը լուրջ խնդիր ունի:

- Մրցույթին և հատկապես եզրափակիչ փուլին մասնակցելը կապված է լուրջ ֆինանսական ծախսերի հետ: Ինչպե՞ս եք լուծել այդ հարցը:

- Ուզում եմ արձանագրել, որ ԵՊՀ-ն հենց սկզբից մինչ այսօր ամեն կերպ աջակցել և աջակցում է այդ գործին թե՛ բարոյապես, թե՛ տեխնիկապես, թե՛ ֆինանսապես: Եվ թե՛ ես, թե՛ ուսանողներն անչափ շնորհակալ ենք, որովհետև առանց այդ աջակցության մենք ոչնչի չէինք հասնի: Ուզում եմ նշել սակայն, որ ԵՊՀ-ի՝ այս ամբողջ գործընթացին անհրաժեշտ հնարավորությունները սահմանափակ են, այդ իսկ պատճառով մենք նաև հովանավորների աջակցության կարիք ունեինք: Բնականաբար մենք սկսեցինք հովանավորներ փնտրել: Մեզ համար այդ առումով կարևորը ոչ թե մեզ հատկացվող գումարների չափն էր, այլ պատրաստակամությունը: Մեզ որոշակի գումարով օգնեցին «Հայկական ծրագրեր» ընկերությունը և ֆակուլտետի նախկին շրջանավարտներ Աղասի Մխիթարյանն ու Մնացական Գասպարյանը: Մասնավորապես նրանց շնորհիվ մեր տղաները մեկնեցին Մոսկվա և այնտեղ մասնակցեցին նախքան եզրափակիչը կազմակերպված վճարովի թրեյնինգներին ու սեմինարներին, որի համար ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նրանց: Մյուս կողմից էլ կցանկանայի արձանագրել, որ եղան ընկերություններ, որոնք իրենց ելույթներում օգնելու պատրաստակամություն են հայտնում, բայց մեր դիմումներին որևէ կերպ չարձագանքեցին: Պարզապես երբ մենք շփվեցինք այլ թիմերի ներկայացուցիչների հետ, իմացանք, որ բացառված է, երբ լուրջ ընկերությանն այդպիսի խնդրանքով ուղարկված դիմումն անպատասխան մնա:

- Որպես մրցույթի հայաստանյան տնօրեն ինչպե՞ս կգնահատեք դաշտը և ի՞նչ կառաջարկեք պրակտիկան տարածելու և նոր ուսանողների ներգրավելու համար:

- Ըստ իս՝ Հայաստանում դաշտը թույլ է: Հարկ է մեկ անգամ ևս շեշտել, որ մրցույթը ոչ թե երկրների միջև է, այլ համալսարանների, և ուզում եմ նշել, որ Հայաստանից այդ մրցույթին պարտաճանաչորեն մասնակցում են ԵՊՀ-ի, Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի թիմերը: Ափսոսում եմ, որ մյուս համալսարանները թերանում են այս առումով: Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի մրցույթը տարածենք և ավելի շատ համալսարաններ ներառենք: Կարծում եմ՝ համապատասխան մասնագետների սակավությունը, ինչպես ավագ սերնդի, այնպես էլ ուսանողների շրջանում արտաքին աշխարհի հետ շփման առկա բարդույթը և խանդավառության պակասը խանգարում են: Բացի դրանից՝ մեր ուսանողության մեծ մասի համար շարժառիթը միայն ֆինանսական օգուտն է, եկամուտը, բայց չէ՞ որ կան բաներ, որոնցից պետք չէ շահ ակնկալել, այսինքն՝ շոշափելի, նյութական շահ: Միգուցե սա կարելի է բացատրել տնտեսական, սոցիալական գործոններով, բայց, այնուամենայնիվ, պետք է հիշել, որ հոգևոր շահը շատ ավելին է, քան նյութականը: Իմ խորին համոզմամբ՝ ավանդույթը պետք է ձևավորվի նաև դպրոցներում, այսինքն՝ հիմքից պետք է միջազգային հարթակ դուրս գալու ձգտում սերմանել երեխաների շրջանում:

Հ.Գ.: Տեղեկացնենք նաև, որ հունիսի 26-ին «Արմենպրես» գործակալության մամուլի սրահում տեղի է ունեցել «ACM-ICPC» ծրագրավորման հեղինակավոր միջազգային օլիմպիադայի եզրափակչին մասնակցած ԵՊՀ ուսանողներ Ալբերտ Սահակյանի ու Տիգրան Մամիկոնյանի մամուլի ասուլիսը, որին մասնակցել են նաև ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը և դասախոս Արմեն Անդրեասյանը:


Քնար Միսակյան