03.07.2017
ՍՓՅՈՒՌՔԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՍՏԱՑԱՆ ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ
Հուլիսի 3-ին ԵՊՀ մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀՀ Սփյուռքի նախարարության և ԵՊՀ-ի համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Սփյուռք» ամառային դպրոցի բացման արարողությունը:

Արդեն 5-րդ տարին անընդմեջ անցկացված ծրագրի նպատակն է խթանել ու աջակցել Սփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնապահպանմանն ու զորացմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի, հայկական կրթօջախների ուսուցիչների, կրթական գործի պատասխանատուների, ազգային երգ ու պարի խմբերի ղեկավարների որակավորման բարձրացմանը, Սփյուռքի տեղեկատվամիջոցների, երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը, ինչպես նաև համայնքների ինքնակազմակերպմանը:

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, դիմելով ծրագրի մասնակիցներին, նշեց, որ մեկ ամիս շարունակ նրանք կհարստացնեն իրենց գիտելիքները Հայաստանի լավագույն բուհում. «Այստեղ՝ այս հրաշագեղ համալսարանում, որի շրջանավարտն եմ նաև ես, դասավանդել և դասավանդում են Հայաստանի լավագույն մասնագետները, որոնց ունկնդիրները կլինեք նաև դուք: Ես լիահույս եմ, որ ձեր ստացած գիտելիքները կօգնեն ձեզ ձեր կյանքում, որպեսզի կատարեք ձեր ամենասրբազան պարտականությունը՝ հայ մնալ և աշխատել հայրենիքի համար»:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, համալսարանի ողջ կոլեկտիվի անունից ողջունելով ծրագրի մասնակիցներին, իր ուրախությունը հայտնեց, որ արդեն 5-րդ տարին է, ինչ գործում է դպրոցը. «Հիշում եմ, երբ տիկին նախարարի և հանրապետության նախագահի հետ քննարկեցինք և ստեղծեցինք այս ամառային դպրոցը: Իհարկե, դժվարությունները շատ էին, և մենք էլ տեսնում էինք դրանք, բայց նաև լիահույս էինք, որ դպրոցը գործելու է, ծառայելու է իր նպատակին: Գիտեինք, քանի որ համոզված էինք, որ մեզ օգնելու էին Սփյուռքի մեր գործընկերները: Այս դպրոցի իրականացումը Մայր բուհի համար առանձնակի նշանակություն ունի, և բոլորս մեծ պատասխանատվությամբ ենք մոտենալու այս գործին»:

Տեղեկացնենք, որ «Սփյուռք» ամառային դպրոցում անցկացվեցին դասընթացներ հինգ ուղղություններով՝ հայոց լեզվի արագացված ուսուցում (հուլիսի 2-29), հայոց լեզվի ուսուցիչների և կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում (հուլիսի 2-29), երիտասարդ լրագրողների վերապատրաստում (հուլիսի 2-15), ազգային երգի խմբավարների և պարուսույցների վարպետության դասընթացներ (հուլիսի 2-15), երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների դասընթացներ (հուլիսի 2-15):

Բացի ծրագրված տեսական ու գործնական դասերից՝ կազմակերպվեցին նաև մշակութային միջոցառումներ, այցելություններ Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, հանդիպումներ պետական, հասարակական, մշակութային գործիչների և հոգևոր այրերի հետ:

Նշենք նաև, որ տեղի ունեցած բացման հանդիսավոր արարողությանը հաջորդեց համերգային ծրագիրը, որը կազմակերպվել էր ԵՊՀ մշակույթի կենտրոնի կողմից:


Քնար Միսակյան