23.06.2017
ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՑՔՈՒՄ ՄԻԿՐՈ- ԵՎ ՆԱՆՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ՈԼՈՐՏԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԷԻՆ
Հունիսի 23-ին ԵՊՀ-ում մեկնարկեց «Կիսահաղորդչային միկրո- և նանոէլեկտրոնիկա» խորագրով միջազգային 11-րդ երկօրյա գիտաժողովը:

ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի, ՀՀ ԳԱԱ-ի, «Սինոփսիս Արմենիա» ընկերության և «Բարվա» ինովացիոն կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառմանը մասնակցում էին հայաստանյան մի շարք բուհերի և գիտական կենտրոնների մասնագետներ, ինչպես նաև հյուրեր արտերկրից՝ Իտալիայից և Ռուսաստանի Դաշնությունից:

Գիտաժողովին մասնակցում էին նաև ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը, ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի դեկան Խաչատուր Ներկարարյանը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Էդվարդ Ղազարյանը և «Բարվա» ինովացիոն կենտրոնի ղեկավար Արամ Վարդանյանը:

Բացման խոսք ասաց ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ, ակադեմիկոս Վլադիմիր Հարությունյանը՝ կարևորելով Մայր բուհում գիտաժողովի անցկացումն ու միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

«Գիտաժողովի անցկացումը բարի ավանդույթ է դարձել, ինչը վկայում է, որ համագործակցությունն ու գործնական կապերն ամրապնդվում են: Ոլորտը բազմաշերտ է և բավականին արդիական: Այսօր առանց նանոտեխնոլոգիաների անհնար է զարգացում և առաջխաղացում պատկերացնել»,- նշեց ակադեմիկոսը:

Արամ Վարդանյանն էլ բարձր գնահատեց արտասահմանյան գիտական կենտրոնների հետ հայ մասնագետների փոխգործակցությունը. «Ողջունելի է այն հայ մասնագետների ջանքերը, ովքեր, հաղթահարելով բոլոր դժվարությունները, կազմակերպում են ոլորտում առկա զարգացումներն ամփոփող այս գիտաժողովը: Այսօր գիտության մեջ կարևոր դեր է խաղում գիտական պրոդուկտը, այսինքն՝ այն, ինչը ստանում ենք գիտական բանավեճերի և հետազոտությունների արդյունքում: Եվ հենց այդ պրոդուկտի առևտրայնացումն է, որ թույլ է տալիս զարգացնել գիտական միտքը»:

Կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի պրոֆեսոր Ֆերդինանտ Գասպարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միջազգային գիտաժողովն առաջին անգամ կազմակերպվել է 1997 թ.-ին. այդ դժվար տարիներին երիտասարդ գիտնականներին բուհում և ընդհանրապես հանրապետությունում պահելու խնդիր կար:

«Երիտասարդ հետազոտողներին գիտական ասպարեզ ներգրավելու նպատակով մենք նախաձեռնեցինք գիտաժողովների մի շարք, որը հետագայում ավանդույթ դարձավ: Սկզբում դրանք կազմակերպվում էին ազգային մակարդակով, այնուհետև սկսեցինք հրավիրել նաև միջազգային (ԱՄՆ, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա, Սլովակիա, Սլովենիա, Իրան, Ռուսաստան, Ուկրաինա, Չինաստան, Թայվան և այլն) փորձագետներին ու մասնագետներին՝ ապահովելով փորձի փոխանակումն ու միջազգային կապերի ամրապնդումը»,- պատմում է պրոֆեսոր Գասպարյանը և հավելում, որ մասնագետները հանդիպումներից ակնկալում են ակտիվ քննարկումներ ու գիտական բանավեճեր, որոնց արդյունքում էլ ծնվում են նոր գաղափարներ:

Տամբովի պետական տեխնիկական համալսարանի ներկայացուցիչ Ելենա Բուրակովան, ով առաջին անգամ էր Հայաստանում և արդեն իսկ հասցրել էր լինել հայկական պատմամշակութային մի շարք տեսարժան վայրերում, նշում է, որ տպավորված է հայ ժողովրդի ջերմ և հյուրընկալ վերաբերմունքից. «Առաջին անգամ եմ Հայաստան այցելում, շատ գեղեցիկ և հյուրընկալ մարդիկ են հայերը: Ինչ վերաբերում է գիտաժողովին, ապա պետք է նշեմ, որ հայկական ներուժի մասին տեղյակ եմ և ուրախ եմ, որ ինձ միջազգային գիտաժողովին մասնակցելու, ոլորտի նորարարություններին ծանոթանալու հնարավորություն է ընձեռվել»:

Իտալիայի Բրեսքիայի համալսարանի հայազգի պրոֆեսոր Վարդան Գալստյանը նախ ներկայացրեց այն գիտական լաբորատորիան և դրա աշխատանքային հիմնական ուղղությունները: Մասնավորապես պրոֆեսորը տեսապատկերների միջոցով խոսեց լաբորատորիայում նախագծվող և մշակվող տվիչների (սենսոր) առանձնահատկությունների և փորձարկումների մասին:

Երկօրյա գիտաժողովի ընթացքում ոլորտի մասնագետներն անդրադարձան կիսահաղորդիչ սարքերի, միկրո- և նանոէլեկտրոնիկայի տեխնոլոգիական խնդիրներին, քննարկեցին սենսորներին, ֆոտոընդունիչներին, արեգնակային էլեմենտներին վերաբերող աշխատանքներն ու ներկայացրին վերջին տարիներին կատարված հետազոտությունների ու փորձերի արդյունքները:


Վարդուհի Զաքարյան