28.09.2017
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ԲՈԼՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԵՎ ՓՈՒԼԱՅԻՆ ԲՆՈՒՅԹ ԵՆ ԿՐՈՒՄ»
2017-2018 ուստարում ընդհանուր կրթական համակարգում առկա էր 20.575 տեղ, որից 18.405-ը նախատեսված էր միասնական քննությունների, իսկ մնացած 2.170 տեղը՝ ներքին քննությունների համար:

Մայր բուհում ընդունելությունն ընթացել է բնականոն հունով. միասնական քննությունների շրջանակում ԵՊՀ է ընդունվել ընդհանուր դիմորդների ավելի քան 30 տոկոսը՝ 2.602 դիմորդ:

Համեմատության համար նշենք, որ ոչ մի պետական բուհ չի հաղթահարել նույնիսկ 1.000 ուսանողի շեմը: ԵՊՀ-ին ընդունելության բարձր ցուցանիշներով հաջորդում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը՝ 851 դիմորդ, 3-րդ տեղում 837 դիմորդ ցուցանիշով Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն է:

Հավելենք, որ ոչ պետական բուհ է ընդունվել 31 դիմորդ՝ նախատեսված 3.200 տեղի համար:

«Կարելի է ասել, որ բոլոր օրինաչափությունները պահպանվում են, և ոչ մի արտասովոր բան չի գրանցվել: Տարեցտարի նվազում է շրջանավարտների թիվը, և այդ տեսանկյունից շատ ավելի լուրջ քննարկման կարիք ունի 2018 թ.-ի ընդունելությունը, քանի որ դպրոցներն ունենալու են 10.000 շրջանավարտ, հետևաբար դիմորդների թիվը չի գերազանցի 5.000-ը: Դա նշանակում է, որ կրկնակի պակասելու է և՛ շրջանավարտների, և՛, բնականաբար, դիմորդների թիվը»,- նշում է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը:

Դիմորդների թվի որոշակի պակասը ԵՊՀ պրոռեկտորը պայմանավորում է նաև Հայաստանում գործող արտասահմանյան մասնակցությամբ բուհերի՝ Հայ-ռուսական (Սլավոնական), Հայաստանում ֆրանսիական, Հայաստանի ամերիկյան (բակալավրիատի ընդունելություն) համալսարանների և Մոսկվայի պետական համալսարանի հայաստանյան մասնաճյուղի գործունեությամբ. «Անկասկած, մրցակցությունը լավ բան է, սակայն այն պետք է լինի հավասար մրցակցային պայմաններում: Սակայն, օրինակ, Հայաստանի ամերիկյան համալսարանն ամբողջ տարվա ընթացքում իրականացնում է ընդունելություն, որի ժամկետները սահմանափակ չեն, իսկ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան կամ Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ կարելի է ընդունվել նախապատրաստական դասընթացներն ավարտելուց հետո: Նշենք նաև, որ վերը նշված բոլոր բուհերում, ինչպես նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանում միասնական քննություններին մասնակցելը պարտադիր չէ: Այսինքն՝ ընդունելության միասնական դաշտ չկա, ինչն էլ բարդացնում է իրավիճակը»:

Ինչ վերաբերում է ընդունելության անցողիկ միավորների իջեցմանը և դիմորդի գիտելիքների մակարդակի վրա դրա ազդեցությանը, ապա պարոն Գրիգորյանը վստահեցնում է, որ յուրաքանչյուր տարի բուհի ղեկավարությունը հետևում է դիմորդների ցուցանիշներին: Պետհամալսարան ընդունված դիմորդների միջինացված մրցութային գնահատականը ներկայումս կազմում է 14-15 միավոր, ինչը, ըստ պրոռեկտորի, բավականին բարձր ցուցանիշ է:

«Ընդունելության անցողիկ միավորների փոփոխությունը բնականոն գործընթաց է, քանի որ կան ֆակուլտետներ, օրինակ՝ Քիմիայի ֆակուլտետը, որտեղ տարեցտարի ընդունելության ընդհանուր վիճակը վատանում է: Հայաստանն այսօր չունի քիմիական արդյունաբերություն, ինչն էլ հանգեցնում է քիմիկոսների պահանջարկի նվազմանը: Սակայն մենք դասական համալսարան ենք և պարտավոր ենք քիմիկոսներ պատրաստել, հակառակ դեպքում բնագավառի զարգացման դեպքում մասնագետների պակաս կլինի: Հավելեմ նաև, որ ոչ մի այլ բուհ տվյալ մասնագիտությամբ մասնագետ չի պատրաստում»,- փաստում է պրոռեկտորը և ավելացնում, որ տվյալ ֆակուլտետների ուսանողների համար մշակվում են առավել կիրառական ուղղություններ ուսումնասիրող մասնագիտացումներ:

Անդրադառնալով վարձավճարների բարձրացման խնդրին՝ ԵՊՀ պրոռեկտորը ներկայացրեց վերջին 10-11 տարվա ընթացքում գրանցված տվյալները. պետության կողմից մեկ ուսանողի ֆինանսավորման չափը 11 տարի առաջ ԵՊՀ-ում եղել է 154.410 դրամ, այժմ այն կազմում է 648.430 դրամ, այսինքն՝ այդ թիվն աճել է 4.2 անգամ: Ուսման վարձը 11 տարի առաջ պետհամալսարանում միջինը եղել է 303.200 դրամ, իսկ ավարտված ուսումնական տարում՝ 438.900 դրամ (միջինացված թվերով աճը կազմել է 45 տոկոս): Վերջին 11 տարում վարձավճարները բարձրացվել են 3 անգամ: Նույն ժամանակահատվածում ԵՊՀ-ում զեղչերի համար նախատեսված գումարը՝ 250 մլն, աճել է 60 տոկոսով՝ կազմելով մոտ 400 մլն:

«Այսինքն՝ այն խոսակցությունները, որ ամեն տարի բուհը բարձրացնում է վարձերի չափը, չի համապատասխանում իրականությանը: ԵՊՀ այն ֆակուլտետները, որոնց վարձավճարներն ամենաբարձրն են բուհում, թափուր տեղերի խնդիր չունեն: Պետք է նշել, որ շատ ավելի բարձր վարձավճարներով բուհեր են գործում մեր հանրապետությունում, որոնց վարձը հատում է 1 մլն-ի սահմանը: Օրինակ՝ Հայաստանի ամերիկյան համալսարանում կամ Մոսկվայի պետական համալսարանի հայաստանյան մասնաճյուղում առկա է մինչև 1.800.000 ուսման վարձ»,- ընդգծեց ԵՊՀ պրոռեկտորը:

Ալեքսանդր Գրիգորյանը հավելեց նաև, որ ամեն դեպքում տագնապի առիթ չկա, քանի որ բոլոր խնդիրները ժամանակավոր ու փուլային բնույթ են կրում:

Տարվա այլ հրապարակումներ