13.09.2017
ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ՆԻՍՏԸ ՆՎԻՐՎԱԾ ԷՐ ԵՊՀ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԻՆ
Սեպտեմբերի 13-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ 2017-2018 ուստարվա գիտակրթական գործունեությանն առնչվող խնդիրներին նվիրված խորհրդակցություն, որը ղեկավարում էր ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Խորհրդակցությանը, որին մասնակցում էին ԵՊՀ բոլոր ֆակուլտետների դեկանները, ամբիոնների վարիչները, գիտակրթական, վարչական ստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները, ելույթ ունեցան Արամ Սիմոնյանը և պրոռեկտորները:

ԵՊՀ ռեկտորը ներկայացրեց այն սկզբունքները, որոնք առանցքային նշանակություն ունեն բուհի զարգացման համար՝ համադրելով դրանք միջազգային փորձի հետ:

«Նորարարական և արդիական ուղղությունների վրա շեշտադրում կատարելով՝ հարկ է առանցքային ուշադրություն դարձնել բուհում ինովացիոն և ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիաների ստեղծմանը: Կրթական համակարգում պետք է ներմուծել ժամանակի պահանջներին համապատասխանող և արտասահմանում լայն կիրառություն ունեցող կարճաժամկետ դասընթացների, առցանց կրթական ծրագրերի մշակույթը՝ չանտեսելով աշխատուժի որակի բարձրացման, ինչպես նաև թիրախային ֆինանսավորման հարցերը»,- նշեց Արամ Սիմոնյանը:

Ռեկտորը խոսեց նաև համալսարանի՝ տնտեսության սեկտորի հետ համագործակցության ակտիվացման, ուսանողների համար հանրակացարանային պայմանների ստեղծման, կրթական գործընթացի կազմակերպման և արդյունավետ կառավարման մասին՝ նախանշելով հիմնական հեռանկարային գիտակրթական այն ուղղությունները, որոնց ներդրումը ԵՊՀ կրթական համակարգում ժամանակի պահանջ է:

Անդրադառնալով միջազգային և տեղական գիտական հարթակներում ԵՊՀ վարկանիշի ձևավորման գործընթացի վրա ազդող սուբյեկտիվ և օբյեկտիվ պայմաններին՝ ռեկտորը նշեց. «Բուհի ռեյտինգավորմամբ զբաղվող կազմակերպությունները տարբեր մոտեցումներ ունեն, որոնց վրա կենտրոնանալն իմաստ չունի: Մի բան հստակ է՝ ԵՊՀ-ն իր փոքր բյուջեով միջազգային գիտակրթական բնագավառում ու տարածաշրջանում այսօրվա դրությամբ մեծ հեղինակություն է վայելում և առաջատարը համարվում նաև հայաստանյան բուհերի շրջանում»:

ԵՊՀ պրոռեկտորներն էլ ներկայացրին գործունեության իրենց ոլորտներում առկա խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև զարգացման նոր դինամիկա ապահովելու հնարավոր հեռանկարները:

Ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը մասնավորապես անդրադարձավ ընդունելության գործընթացին, համալսարանում գործող գնահատման համակարգին և պրոֆեսորադասախոսական կազմին առնչվող խնդիրներին:

«ԵՊՀ-ն շարունակում է մնալ առաջատարը հանրապետությունում՝ մեծ հեղինակություն վայելելով նաև տարածաշրջանում: Սակայն տարածաշրջանային որոշ բուհեր պետական նպատակային ֆինանսավորման և հատուկ քաղաքականության շնորհիվ այսօր միջազգային վարկանիշային ցանկում բարելավել են իրենց ցուցանիշները՝ առաջ անցնելով ԵՊՀ-ից»,- շեշտեց պրոռեկտորը:

Գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը խոսեց ոչ միայն բուհի գիտական քաղաքականության, այլև զարգացման ընդհանուր հեռանկարային ուղղությունների մասին՝ առաջարկելով ենթակառուցվածքները փոփոխության ենթարկել, բարեփոխումներ իրականացնել կադրային քաղաքականության, ընդունելության գործընթացներում և բուհում գործող գնահատման համակարգում:

Ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն էլ ներկայացրեց արտաքին և ներքին հաղորդակցությանն առնչվող խնդիրներն ու դրանց ազդեցությունը ԵՊՀ-ի վարկանիշի ձևավորման վրա:

«Համալսարանականներն ու շրջանավարտները հանրային հաղորդակցության բնագավառում նույնպես պետք է ակտիվ դերակատարություն ունենան բուհի հեղինակության բարձրացման, ձեռքբերումների հանրայնացման և վարկանիշի ձևավորման գործում»,- նշեց Ռուբեն Մարկոսյանը և հավելեց, որ ԵՊՀ պորտալի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բուհի վեբկայքում քիչ են միջազգային գիտական հանրությանը հետաքրքրող նյութերը, ինչն էլ հանգեցնում է օտարերկրյա այցելուների թվի նվազմանը:

Ելույթներից հետո ակտիվ քննարկում ծավալվեց, որի շրջանակում համալսարանականներն անդրադարձան ֆակուլտետների միջև բաշխվող պետական բազային ֆինանսավորման իրականացմանը, կրթական տարբեր կառույցների միջև ոչ փոխկապակցված աշխատանքային գործընթացներում բարեփոխումների անհրաժեշտությանը, բուհական համակարգում տիրող ոչ առողջ մրցակցային դաշտին, հենակետային վարժարան կամ քոլեջ ունենալու խնդրին, մասնագիտությունների ցանկը վերանայելուն և այն ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխանեցնելուն, ինչպես նաև պետական ֆինանսավորմանը, վարձավճարների բարձրացմանն ու դրանց միջոցով բյուջեի ձևավորմանը վերաբերող մի շարք հարցերի:

Մասնավորապես ֆակուլտետների դեկաններն ընդգծեցին, որ բուհի ուսերին ծանրացած խնդիրներն ազգային բնույթ ունեն, և դրանց պետք է լուծում տալ ոչ միայն բուհի, այլև երկրի ղեկավարության մակարդակով:

«Այն հանգամանքը, որ, օրինակ, ֆիզիկայի բնագավառում անկում է նկատվում, ոչ միայն համալսարանի, այլև ամբողջ երկրի խնդիրն է, և այդ նույն խնդրի արձագանքն ու քայլերը նույնպես պետք է պետական մակարդակով արվեն: Ատոմակայան կամ հանքարդյունաբերություն ունեցող երկրում չի կարող չլինել ֆիզիկոսի, մաթեմատիկոսի կամ երկրաբանի պահանջ»,- հավելեց Արամ Սիմոնյանը:

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը ողջունեց ընդլայնված նիստ անցկացնելու գաղափարը և խոսեց հասարակության, ինչպես նաև պետական այրերի շրջանակում մտավորականի և գիտնականի հանդեպ անտարբեր ու անհարգալից վերաբերմունքի մասին:

«ԵՊՀ-ն պետական բուհ է, և պետությունը պարտավոր է աջակցել մեզ որակյալ կրթություն ապահովելու գործում: Պետական միջոցները, որոնք բուհի բյուջեի մի փոքր մասն են կազմում, բավարար չեն ուսանողին միջազգային մակարդակին համապատասխան կրթություն տալու համար: Մասնավոր սեկտորը նույնպես անտարբեր վերաբերմունք է ցուցաբերում, երբ, օրինակ, անխնա շահագործում է ընդերքը՝ հրաժարվելով մասնագետի՝ երկրաբանի ծառայությունից, էլ չեմ խոսում լավ երկրաբան պատրաստելու գործում բուհին աջակցելուց: Այս հարցում նույնպես երկրի իշխանությունը մեղքի իր բաժինն ունի»,- ընդգծեց Մարատ Գրիգորյանը:

Նշենք նաև, որ խորհրդակցության մասնակիցները համաձայնության եկան նմանաբնույթ հանդիպումներն ավելի պարբերական դարձնելու և կրթական ոլորտի արդի մարտահրավերները, ինչպես նաև Մայր բուհի առջև ծառացած խնդիրներն ուստարվա ընթացքում գոնե մեկ անգամ քննարկելու հարցում:

Տարվա այլ հրապարակումներ