Ներկաներին ողջունեց ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ով էլ Փայլանին մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործում ունեցած նշանակալի ավանդի համար հանձնեց ԵՊՀ ռեկտորատի որոշմամբ շնորհված ԵՊՀ ոսկե մեդալը:
Որպես պատգամավոր՝ Փայլանն առաջին անգամ էր Հայաստանում: Տպավորությունները վառ էին. «Պատգամավոր ըլլալեն առաջ քանի մը անգամ Հայաստան էի: Շատ ուրախ եմ, որ այս անգամ Հայաստանը ավելի ուժով տեսա: Շատ հպարտ եմ և շատ ուրախ եմ ասոր համար: Այսպես ուժով և ժիր երիտասարդներ երբ որ կը տեսնամ, Հայաստանի, մեր ապագայի մասին հույսով կը լցվիմ»:
Արևելագիտության ֆակուլտետի նախաձեռնած հանդիպման ընթացքում Կարո Փայլանը հանդես եկավ կարճ ելույթով ու պատասխանեց ուսանողների հարցերին: Ներկաներն անդրադարձան տարբեր խնդիրների՝ Թուրքիայի ներքաղաքական կյանքից մինչև Ցեղասպանության ճանաչում ու Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դիրքորոշում: Տարբեր հարցերի լուծման գործում Փայլանը կարևորեց ժողովրդավարության հաստատման անհրաժեշտությունը:
«Մինակ ժողովրդավար Թուրքիա մը կրնա առերեսվել Ցեղասպանության հետ, մինակ ժողովրդավար Թուրքիա մը կրնա բանալ սահման: Բայց հիմա, դժբախտաբար, ուժը ազգայնականներու ձեռքն է: Սակայն Թուրքիա ժողովրդավար թուրքեր ու քուրդեր կան և շատ են: Մինակ ժողովրդավար Թուրքիա մը կրնա կապ ունենալ Հայաստանի հետ»,- փաստեց բանախոսը:
«Կարո Փայլանը հետաքրքիր մի ուղեգիծ է թողել Թուրքիայի նորագույն շրջանի և հայ համայնքի պատմության մեջ, քանի որ Հայաստանի անկախացումից հետո նա առաջին հայն է, ով ընտրվում է Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր: Կարոն առանձնանում է այն խիզախ համոզմամբ, որ իր համար ազգային փոքրամասնությունների, ընդհանրապես խտրականությունների դեմ պայքարը, ըստ էության, իր քաղաքական հավատամքն է»,- նշեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը:
Հ.Գ.: Կարո Փայլանն արմատներով Մալաթիայից է: Նա ավարտել է Ստամբուլի համալսարանի բիզնեսի կառավարման ֆակուլտետը: Երկար տարիներ աշխատել է հայկական դպրոցում։ Քրդամետ ժողովուրդների դեմոկրատական կուսակցությամբ 2015 թ. 3 հայերի հետ անցել է Թուրքիայի խորհրդարան։
Թամարա Գասպարյան