15.09.2017
Ն. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ՄԱՆԿԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԲԱՑՈՒՄԸ ՄԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏԱՆՔԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆ Է»
2017 թ.-ի հուլիսի 6-ին կայացած ԵՊՀ գիտխորհրդի նիստի օրակարգային հարցերից մեկը ԵՊՀ-ում Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի ստեղծումն էր: Ռեկտորի՝ 2017 թ.-ի հուլիսի 19-ի հրամանի համաձայն՝ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի «Մանկավարժության ամբիոն» կառուցվածքային ստորաբաժանումը վերակազմավորման եղանակով վերակազմակերպվեց «ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն» կառուցվածքային ստորաբաժանման:

Նորաստեղծ կենտրոնի ու դրա գործունեության մասին «Երևանի համալսարան» թերթի աշխատակից Հասմիկ Ասլանյանը զրուցել է կենտրոնի տնօրեն, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Նազիկ Հարությունյանի հետ:


- Տիկի՛ն Հարությունյան, անցյալ տարի նշվեց Մանկավարժության ամբիոնի 95-ամյակը: Մի փոքր անդրադառնանք ամբիոնի անցած ուղուն:

- Մանկավարժության ամբիոնը ԵՊՀ հնագույն ամբիոններից է. այն հիմնադրվել է 1921 թ.-ին: Նույն թվականին էլ հիմնադրվել է Մանկավարժության ֆակուլտետը, որը գործել է 3 տարի, այնուհետև՝ 1923 թ.-ից մինչև 2017 թ. հուլիս ամիսը, Մանկավարժության ամբիոնը եղել է Հայ բանասիրության ֆակուլտետի կազմում: Ամբիոնի հիմնական առաքելությունը հանրակրթական դպրոցների համար ուսուցիչներ պատրաստելն է, և 1921 թ.-ից մինչև 2007-2008 թթ. Մանկավարժության ամբիոնը շարունակել է իր այդ առաքելությունը. որպես սպասարկող ամբիոն՝ օգնել է ԵՊՀ 12 ֆակուլտետներին՝ մասնագիտական որակավորումից բացի՝ տալով նաև մանկավարժի որակավորում: Մինչև 1998 թ.-ը մեր ամբիոնը եղել է սպասարկող ամբիոն, մանկավարժություն ենք դասավանդել ԵՊՀ 12 ֆակուլտետներում և կազմակերպել ենք մանկավարժական պրակտիկա, այսինքն՝ չենք ունեցել կրթական ծրագրեր: 1998 թ.-ին համալսարանում և ընդհանրապես Հայաստանում առաջին անգամ Մանկավարժության ամբիոնում բացվեց նոր մագիստրոսական ծրագիր՝ «Կրթության կազմակերպում», որը պատրաստում է գործող վարչական կադրեր: Ծրագիրը 1998 թ.-ից մինչև 2004 թ.-ը մեկ մասնագիտացում ուներ՝ «Հանրակրթության կառավարում», իսկ 2004 թ.-ին ավելացավ նաև «Բարձրագույն կրթության կառավարումը»: 2010-2011 թթ. ունեցանք երկրորդ կրթական ծրագիրն արդեն բակալավրիատում՝ «Սոցիալական մանկավարժություն»: Իհարկե, նախքան այդ ծրագրի բացումը մասնագիտության պահանջվածությանն ուղղված լայն ուսումնասիրություններ էինք կատարել: Այս ամենը նշանակում է, որ մեր ամբիոնը սպասարկող ամբիոնից դարձավ թողարկող: Ինչ վերաբերում է մեր գիտահետազոտական գործունեությանը, ապա պետք է նշեմ, որ ամբիոնի գոյության 95 տարիների ընթացքում հսկայական գիտական աշխատություններ են գրվել, որոնք հրատարակվել են ոչ միայն Հայաստանում, այլև միջազգային ամսագրերում: Ամբիոնի դասախոսական կազմը նաև ակտիվորեն մասնակցում է միջազգային գիտաժողովների, այսինքն՝ մենք ակտիվորեն համագործակցում ենք ոչ միայն Հայաստանի բոլոր բուհերի հետ, այլև միջպետական միջբուհական համագործակցություն ենք ծավալում:

- ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ և ռեկտորի հրամանով՝ համալսարանում ստեղծվել է նոր՝ ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն: Տիկի՛ն Հարությունյան, ո՞րն էր այդպիսի կենտրոն ստեղծելու նպատակը:

- Նախևառաջ կենտրոն բացելու ամենամեծ նպատակը մանկավարժություն գիտության և կրթության զարգացումն է և՛ համալսարանում, և՛ հանրապետությունում, գիտակրթական արդյունավետ գործունեություն իրականացնելը, որակյալ կադրեր պատրաստելը: Եվ երկրորդ՝ քանի որ 2007 թ.-ին ՀՀ Կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն՝ յուրաքանչյուր բուհ պետք է միայն մեկ որակավորում շնորհի: Դա լուրջ խնդիր էր Մայր բուհի համար, քանի որ մեր շրջանավարտների մեծ մասը՝ մոտ 60-70%-ը, մարզերից է, և ուսումնառությունն ավարտելուց հետո ինքնաիրացվում է հիմնականում հանրակրթական դպրոցներում: ԵՊՀ-ն՝ որպես հատուկ կարգավիճակ ունեցող Մայր բուհ, դիմեց ԿԳ նախարարությանը, և համալսարանի համար արվեց բացառություն. նրան տրվեց մասնագիտական և մանկավարժի որակավորում շնորհելու հնարավորություն: Դրա համար ԵՊՀ-ն պետք է ներկայացներ որակավորում շնորհելու նոր համակարգ: Եվ ահա մշակվեց մանկավարժի որակավորման շնորհման նոր համակարգ, որը կոչվում է «240 կրեդիտ + 30 կրեդիտ» մանկավարժական կրթաբլոկ: Եվ այդ նոր համակարգը պատշաճ կազմակերպելու ու վերահսկելու գործառույթների իրականացումը ևս դարձավ գործոն կենտրոն բացելու համար:

- Ո՞րն է այդ նոր կրթաբլոկի էությունը:

- Մանկավարժների որակավորման տրամադրման նոր համակարգը գործում է 2017-2018 ուստարվանից: Այն ենթադրում է 6 կիսամյականոց առանձին մոդուլի կազմակերպում, որպեսզի ուսանողները համապատասխան քանակությամբ կրեդիտներ ունենան և ստանան այդ որակավորումը: Սահմանվեց նաև ԵՊՀ բակալավրիատի շրջանավարտներին մանկավարժի որակավորում շնորհելու կարգը, որը կոչվում է «240 կրեդիտ + 30 կրեդիտ» համակարգ, որի համաձայն՝ մանկավարժի որակավորում ստացող ուսանողների համար նախատեսվում է 30 կրեդիտ ծավալով մանկավարժական լրացուցիչ կրթաբլոկ, որը ներառում է 6 մոդուլ՝ 4 բաղադրիչով՝ կրթական (4 դասընթաց), հետազոտական (կուրսային աշխատանք), մանկավարժական պրակտիկա և ամփոփիչ ավարտական քննություն:
ԿԳ նախարարությունը հաստատել է ԵՊՀ այն ֆակուլտետների ցանկը, որոնք դիմել են մանկավարժի որակավորում ստանալու համար. բացի Տնտեսագիտության և կառավարման, Իրավագիտության, Միջազգային հարաբերությունների, Սոցիոլոգիայի, Արևելագիտության, Ժուռնալիստիկայի, ֆակուլտետներից և Հոգեբանություն բաժնից՝ մյուս ֆակուլտետներում տրվելու է երկու՝ մասնագիտական և մանկավարժի որակավորում:

- Ինչպե՞ս կարող են ուսանողները տեղեկանալ և մասնակցել կազմակերպվող դասընթացներին: Պարտադի՞ր են արդյոք այդ դասընթացները:

- Մանկավարժի որակավորում ստանալու համար կազմակերպվող դասընթացներին ուսանողները մասնակցում են կամավորության սկզբունքով: Դրա համար ուսանողները բակալավրիատի 1-ին կուրսի 2-րդ կիսամյակում պետք է գրանցվեն մանկավարժական կրթաբլոկի ծրագրում` մինչև տվյալ ուսումնական տարվա ապրիլի 1-ը դիմում ներկայացնելով ֆակուլտետի դեկանատ: Դիմում ներկայացրած ուսանողների հետ մեկ ամսվա ընթացքում կնքվում է պայմանագիր: Մանկավարժական կրթաբլոկով ծրագրի ուսումնառությունը կազմակերպվում է 3-8-րդ կիսամյակներում: Մանկավարժական կրթաբլոկի դասընթացները կազմակերպվում են վճարովի հիմունքներով: Վճարումը կատարվում է յուրաքանչյուր կիսամյակ` տվյալ կիսամյակի կրեդիտների քանակին համապատասխան:

- Նշեցիք, որ այդ դասընթացները վճարովի են: Արդյո՞ք դրանք լրացուցիչ ֆինանսական դժվարություններ չեն ստեղծի ուսանողների համար:
-
Իհարկե, դա գուցե դժվար լինի ուսանողներից շատերի համար, սակայն պետք է նշեմ, որ նրանք միանվագ չեն վճարում, այլ յուրաքանչյուր կիսամյակ յուրաքանչյուր դասընթացի կրեդիտներին համապատասխան: Այն ուսանողները, որոնք բակալավրիատում չեն ընտրի մանկավարժի որակավորման կրթաբլոկը, ավարտելուց հետո դարձյալ կարող են այդ խնդրին լուծում տալ՝ սովորելով մեր կենտրոնի «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» մագիստրոսական ծրագրում: Կան պետական և ոչ պետական բուհեր, որտեղ մանկավարժի որակավորում չեն տալիս, և այդ փաստն ուսումնառության ավարտից հետո հաճախ խնդիրներ է ստեղծում շրջանավարտների համար: ԿԳՆ-ի որոշմամբ էլ՝ 2018 թ.-ից սկսած՝ մանկավարժի որակավորում չունեցող մասնագետներն այլևս չեն կարողանա աշխատել հանրակրթական դպրոցներում: Մենք ունեցել ենք նախադեպը, երբ մանկավարժի որակավորում չունեցող շրջանավարտը (ոչ միայն ԵՊՀ-ից, այլև այլ բուհերից), համապատասխան մասնագիտությամբ աշխատանք չգտնելով, դիմել է մեզ՝ մանկավարժի որակավորում ստանալու համար: Այդ պատճառով անցյալ տարի մենք որոշեցինք բացել երկրորդ մագիստրոսական ծրագիրը՝ «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա», որն արդեն երկրորդ տարին է, ինչ գործում է հեռակա ուսուցմամբ: Ուսման տևողությունը 1,5 տարի է, և կարող են դիմել այն մասնագետները, ովքեր բակալավրիատն ավարտել են, սակայն չունեն մանկավարժի որակավորում: Մագիստրոսական այդ ծրագիրը շատ կարևոր է, քանի որ այն ուսանողները, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն անցել մանկավարժական լրացուցիչ կրթաբլոկը, սակայն հետագայում բախվել են աշխատանք գտնելու խնդրին, կարող են այսուհետ դիմել մեր մագիստրոսական ծրագրին՝ լրացուցիչ կրթություն և մանկավարժի որակավորում ստանալու համար:

- Ուսումնական գործունեությունից բացի՝ ուրիշ ի՞նչ գործունեություն է իրականացնելու նորաստեղծ կենտրոնը:

- Կենտրոնի հիմնական գործառույթը շարունակում է մնալ կրթական գործունեությունը՝ բակալավրիատում և մագիստրատուրայում մասնագիտական կրթական ծրագրեր կազմակերպելով, ինչպես նաև այլ ֆակուլտետներում մանկավարժի որակավորման կրթաբլոկի կազմակերպումը և վերահսկումը, որի արդյունքում տրվում է մանկավարժի որակավորում: Քանի որ կենտրոնն արդեն անկախ կառույց է, դրա ներսում ձևավորել ենք ենթակառույցներ՝ Ուսխորհուրդ, ՈՒԳԸ, Արհմիություն, Մրցութային հանձնաժողով, Մեթոդ հանձնաժողով, Որակի ապահովման հանձնաժողով, շուտով կձևավորենք նաև Կենտրոնի խորհուրդը: Մեր կենտրոնը դեկանատի գործունեություն է իրականացնում: Կենտրոնում գործում է ԲՈՀ-ի գիտական աստիճաններ շնորհող մանկավարժության 065 մասնագիտական խորհուրդը: Կենտրոնում սովորում են 11 ասպիրանտներ ու հայցորդներ Հայաստանից, Իրանից և Կիպրոսից: Հավելեմ, որ կենտրոնը բացվել է Մանկավարժության ամբիոնի հիման վրա, Մանկավարժության ամբիոնն էլ մտնում է կենտրոնի կազմի մեջ:

Կենտրոնի բացումը մեր աշխատանքի ու գործունեության նկատմամբ վստահության և գնահատանքի վկայությունն է, ինչն էլ մեզ պարտավորեցնում է բոլոր աշխատանքները կատարել մեծ պատասխանատվությամբ և որակով:

Տարվա այլ հրապարակումներ