26.09.2017
ՌՈՒԲԵՆ ՄԱՐՈՒՔՅԱՆ. «…ԿԱՐԵՎՈՐ ԵՆ ՆԱԵՎ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ, ՄԻՋԱՎԱՅՐԸ, ՈՐՈՆՔ ԱՐԴԵՆ ԼԻՈՎԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ԱՆՎԱՆԸ…»
ԵՊՀ ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոնի վերակառուցված մասնաշենքը 2016 թվականի վերջին հանձնվեց շահագործման: Նոր տեսքով և կահավորանքով մարզահամալիրում ԵՊՀ ուսանողներն անցկացնում են ֆիզդաստիարակության պարապմունքները: Բացի դրանից՝ համալիրում իրենց մարզումներն են իրականացնում մարզական խմբակների սաները:

Ուսանողները «Ֆիզդաստիարակություն» առարկան անցնում են 2 ուսումնական տարի: Սակայն համահամալսարանական ամբիոնում գործում են նաև մարզական խմբակներ` բասկետբոլ, վոլեյբոլ, բռնցքամարտ, ֆուտբոլ, աթլետիզմ, շախմատ, սեղանի թենիս, ձեռքի գնդակ և այլն: Այդ խմբակներին ուսանողները կարող են անդամագրվել, մասնակցել մարզումներին, անգամ եթե սովորում են բարձր կուրսերում:

Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի այս տարվա շրջանավարտ Ռուբեն Մարուքյանն առաջին կուրսից հաճախել է ձեռքի գնդակի (Handball) մարզումներին: Նա հիշում է, որ ուսումնառության առաջին երկու տարիներին մարզադահլիճը գտնվում էր անմխիթար պայմաններում: 4-րդ կուրսում մարզումներն արդեն սկսել են անցկացնել նոր, վերանորոգված մարզահամալիրում:

«Տարբերությունը շատ մեծ է, որովհետև առաջ դահլիճն էլ լավ վիճակում չէր: Ճիշտ է, պարապել լինում էր, սակայն թափված, պոկված փայտեր կային, երևում էին պատերի քանդված, կիսով չափ վերանորոգված հատվածները: Անգամ հանդերձարանում մարզվելուց հետո լողանալու հարմարություն չկար,- հիշում է Ռուբեն Մարուքյանը և անցում կատարում առկա պայմաններին,- հիմա մարզադահլիճը հիմնովին վերանորոգված է՝ սկսած հանդերձարաններից, որոնք ունեն առանձին լվացարաններ, փոխված կոյուղի, նոր սանհանգույցներ, ցնցուղներ՝ ապահովված տաք և սառը ջրով: Հանգիստ կարելի է գալ, մարզվել, հետո ցայվել և մաքուր գնալ տուն: Կարևոր են նաև մարզադահլիճի լուսավորությունը, միջավայրը, որոնք արդեն լիովին համապատասխանում են Մայր բուհի անվանը»:

Ձեռքի գնդակի սպորտային կատարելագործման խմբակի մարզիչը և ղեկավարը միջազգային կարգի մրցավար Արսեն Մխիթարյանն է: Նա նշում է, որ շատերը մինչ դահլիճի վերանորոգումը, հաշվի առնելով վատ, անհարմար պայմանները, հրաժարվում էին հաճախել ոչ միայն խմբակի պարապմունքներին, այլև դասերին էին դժկամությամբ գալիս:

«Չնայած մեզնից էլ է կախված ուսանողների ներգրավումը մարզումներին, բայց դահլիճը ևս իր դերն ունի: Այսօր ԵՊՀ մարզադահլիճը համապատասխանում է միջազգային չափանիշներին,- նշում է Արսեն Մխիթարյանը և հավելում, որ միջազգային մրցումներ անցկացնելու համար կա միայն մեկ բացթողում,- մեր միակ խնդիրն այն է, որ դահլիճում չունենք հանդերձարաններ: Ուսանողները դուրս են գալիս մարզահամալիրից, գնում շենքի հակառակ կողմի հանդերձարան, փոխվում և վերադառնում: Հիմա այդպես ենք անում, բայց ձմռանը դժվար կլինի»:

Ձեռքի գնդակի ԵՊՀ թիմը շուտով մասնակցելու է հերթական մրցումներին՝ Հանրապետական ուսանողական մարզական խաղերին: ԵՊՀ պատմության ֆակուլտետի արվեստաբանության բաժնի 4-րդ կուրսի ուսանող Վահե Դավթյանը պատմում է, որ առաջին կուրսում անդամագրվել է ձեռքի գնդակի խմբակին: Երկրորդ կուրսի առաջին կիսամյակն ավարտելուց հետո անցել է պարտադիր զինծառայության: 2016 թվականին՝ զորացրվելուց հետո, վերադարձել է արդեն վերանորոգված մարզահամալիր:

«Խմբակում այսօր ունեմ ընկերներ տարբեր կուրսերից: Առաջին կուրսեցիներին այսօր մենք ենք փորձում ամեն ինչ սովորեցնել այնպես, ինչպես մեզ՝ տարիներ առաջ մեր ավագ ընկերները: Օգնում ենք ոչ միայն խաղային առումով, այլև ընկերական շրջապատում, թիմային մթնոլորտ ենք ստեղծում»,-ասում է Վահե Դավթյանը: Ըստ նրա՝ ձեռքի գնդակ խաղալիս ամենակարևոր նախապայմաններից է թիմային խաղ վարելու հմտությունը, քանի որ թիմային խաղը մարզիկների շրջանում սերմանում է փոխօգնության և ընկերասիրության գաղափարները: Մարզական տեսանկյունից ձեռքի գնդակի պարապմունքներին հաճախելը զարգացնում է ճկունությունը, արագաշարժությունը, ճարպկությունը, արագ կողմնորոշվելու, մտածելու ունակությունը:

Մեր զրուցակիցները համակարծիք էին, որ մարզադահլիճի կարևոր փոփոխություններից է նաև էլեկտրականության, լուսավորման համակարգերի, օդափոխության ապահովումը: Ձմռան ցուրտ եղանակին մարզադահլիճում ջերմաստիճանը մեղմ տաք է, իսկ ամռան շոգին՝ հով և նպաստավոր՝ թե՛ «Ֆիզդաստիարակություն» առարկայի շրջանակում, թե՛ մարզական խմբակներում արդյունավետ մարզումներ անցկացնելու համար:

Միլենա Մկրտչյան

Տարվա այլ հրապարակումներ