- Ծննդյան թիվը և վայրը…
- Երևան, 1980 թվական:
- Ծնողները…
- Ծնողներս գիտնականներ են ֆիզիկայի ու կենսաբանության բնագավառներում: Հայրիկիս անունը Ռոբերտ է, մայրիկիս անունը՝ Սուսաննա: Արդեն շուրջ 20 տարի չեն աշխատում, նրանք այն սերնդից են, որոնց հասուն երիտասարդությունը եղավ 1970-ականների վերջին և 80-ականների սկզբին շատ յուրահատուկ՝ խորհրդային գիտական մտավորականության միջավայրում: Հիմա էլ իմ երեխաների տատիկ-պապիկն են:
- Կրթությունը…
- Կրթությունս շատ խառն է: Երկու դպրոցում եմ սովորել. նախ՝ համար 119 ֆրանսիական դպրոցում, երկրորդը «Քվանտ» վարժարանն էր: Հետո ընդունվեցի ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ: Այն ժամանակ սիրահարված էի ֆիզիկային, թեպետ դպրոցում՝ մինչև «Քվանտը», ֆորմալ կրթությունն այնքան էլ չեմ սիրել: Մինչև հիմա էլ ֆիզիկան իմ խաղաղ տարիների գագաթն է: Երբ բակալավրիատն ավարտեցի, մագիստրատուրա գնալուց առաջ իմացա, որ կա մթնոլորտի ֆիզիկա, այստեղից-այնտեղից փախցրած տեղեկություններ կարդացի: Ինձ ասացին, որ համալսարանում ֆիզիկական աշխարհագրության բաժին կա, որը զբաղվում է մոտավորապես նրանով, ինչով ես հետաքրքրվում եմ: Գնացի այնտեղ, հետո ցանկացա ասպիրանտուրա գնալ, բայց ասպիրանտական տեղի խնդիր առաջացավ, սակայն, բարեբախտաբար, ընդունվեցի Սոցիոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտուրա և տեսա, որ այդտեղ էլ գլուխդ «չի ժանգոտվում»: Հետագայում էլ պարզվեց, որ իմ՝ գլուխ աշխատեցնելու նախորդ միջավայրերից դա ամենաբարդն է:
- Աշխատանքային փորձը…
- 2003 թ.-ից սկսել եմ աշխատել Սոցիոլոգիայի ֆակուլտետում: Հենց սկզբից դասավանդել եմ: Չհաշված մի քանի մանր-մունր ծրագրեր՝ աշխատել եմ միայն Սոցիոլոգիայի ֆակուլտետում: Նույնիսկ եթե աշխատել էլ եմ ուրիշ տեղ, ապա միայն որպես ֆակուլտետի ներկայացուցիչ:
- Ձեր երկրորդ կեսը…
- Նախ չեմ սիրում այդ արտահայտությունը, անտրամաբանական է: Դրա համար կասեմ «իմ կինը»: Նա Արմինեն է, ում հետ ծանոթացել եմ Աշխարհագրության ֆակուլտետում սովորելիս: Ընդհանուր դասեր ունեինք, որ միասին էինք նստում, նույն տեսակի ոգևորություններ, ըմբոստություններ, նույն տեսակի դժգոհություններ ունեինք աշխարհից և այլն: Եվ այդպես սկսեցինք հանդիպել, հետո ամուսնացանք: Հիմա նա աշխատում է իր մասնագիտությամբ, ոլորտի լավագույն մասնագետներից մեկն է, հրաշալի մարդ, շատ համբերատար ու շատ սիրուն:
- Ձեր զավակները…
- Երկու տղաներ՝ Արեգն ու Ռոբը… Մեծը շուտով կլինի 4.5 տարեկան, փոքրն էլ՝ 1.5-ից մի քիչ ավելի:
- Փոքր ժամանակ ի՞նչ եք երազել դառնալ:
- Ամեն ինչ: Ու ասեմ, որ այդ երազանքները միգուցե հիմա պասիվացել են, բայց պարապ ժամանակ մեկ էլ արթնանում են: Մանկական չկատարված, «խաղալիք» երազանքներն ամբողջ կյանքում էլ մնում են: Մինչև վերջին դասարանները երազում էի բժիշկ դառնալ, երկընտրանքն էլ հենց դրա ու ֆիզիկայի միջև էր: Սակայն այդ բյուրեղյա երազանքը մինչև հիմա էլ կա իմ մեջ: Փոքր ժամանակ շատ էի սիրում ինքնաթիռներ, դրանց մասին գրքեր, հատուկենտ մոդելներ ունեի: Դա «խաղալիք» երազանք էր: Առաջինը բժիշկն էր, երկրորդը՝ ֆիզիկոսը և… ճարտարագիտությունը: Ճարտարագիտության վերաբերյալ հույսերս չեմ կորցրել. հիմա միտք ունեմ խորացնել գիտելիքներս ճարտարապետության սոցիոլոգիայի մեջ, որը շա՜տ հետաքրքիր է:
- Ամենաթանկ խորհուրդը, որ երբևէ ստացել եք:
- Ես համոզված եմ, որ այդ կենսական նշանակության խորհուրդներն առասպելական ինչ-որ բան են: Մի՞թե որևէ մեկը կարող է տալ մի խորհուրդ, որը կվերցնես ու ամբողջ կյանքում դրանով կապրես: Ամեն մեկն իր փորձը հավաքում է իր ցավով ու արյամբ. արդյո՞ք դա կարող է ուրիշին էլ վերաբերվել: Մի խոսքով՝ կյանքն ինչ-որ մեխանիզմներով այնպես է անում, որ ինքդ քո աներևույթ խորհրդատուն դառնաս:
- Ի՞նչ երբեք չեք անի:
- «Երբեք»-ը շատ ինքնավստահ բառ է: Կարող եմ ասել՝ ինչ չէի ուզենա անել. չէի ցանկանա մարդկանց հուսախաբ անել, դավաճանել, նեղացնել…
- Ինչի՞ց եք վախենում:
- Չէի ասի վախենալ, բայց չեմ սիրում միայնություն:
- Ինչի՞ համար եք ափսոսում:
- Սովորաբար ափսոսում ես, եթե ինչ-որ բան չունես, չի ստացվել, կուզենայիր, որ լինի: Սակայն, երբ մտածում ես՝ ինչու չի ստացվել… Իմ պարագայում շատ բան չի ստացվել, որովհետև չեմ ուզել, որ ստացվի: Դրա համար, սակայն, պետք չէ ափսոսալ. դա չի ստացվել, փոխարենն ուրիշն է ստացվել: Ափսոս է, որ կարող էիր ավելի շատ սիրել, բայց չես սիրել:
- Զգացողություն, որ կուզենայիք ապրել:
- Ինձ համար բոլոր լավ զգացողություններն ապրել եմ: Ես ամեն ինչի խաղաղն եմ սիրում, այդ թվում՝ զգացողությունների:
- Սիրած գիրքը…
- Սիրած բաներին երբեք շատ ձեռք չեմ տալիս, որովհետև մաշվում են, քրքրվում: Գիրքը, որ փոքր ժամանակվանից սիրում եմ, կարդացել եմ մյուս գրքերից շատ, առջևից, հետևից, Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանն» է, բայց պարզ է, որ միայն դա չէ: Սիրած գրքեր շատ ունեմ. դա այն գրականությունն է, որի բովանդակությունը հումանիզմն է, մարդն է:
- Կարդացած վերջին գիրքը…
- Ես միշտ զուգահեռաբար մի քանի գիրք եմ կարդում: Սիրահարված կարդացող չեմ, բայց կարդում եմ շատ, կարդում եմ գլխավորապես մասնագիտական գրականություն, գեղարվեստականի ժամանակ չի մնում:
- Տարվա սիրած եղանակը…
- Բոլոր եղանակներին էլ սիրելու բան կա: Երևանում աշնանը տարօրինակ լռություն է լինում. ա՛յ, դա եմ սիրում:
- Սիրած մարզաձևը…
- Սիրում եմ ուժային մարզաձևեր՝ ծանրամարտ, բռնցքամարտ, բազկամարտ: Ֆուտբոլ տանել չեմ կարողանում: Զբաղվել եմ սուսերամարտով, վազքով, հաջողություններ եմ ունեցել:
- Սիրած տոնը…
- Տոներ սիրում եմ: Խնջույքներ շատ եմ սիրում, ծնունդս, հարազատներիս ծնունդներն եմ սիրում, Նոր տարին եմ շատ սիրում և Մայիսի 9-ը՝ որպես նշանակալի իմաստ ունեցող տոն:
- Սիրած երգը, երաժշտությունը…
- Արվեստի ձևերից ամենաշատը սիրում եմ երաժշտություն: Ցանկացած ոճում, եթե երգեցիկ երաժշտություն կա, սիրում եմ: Բարձր երգել եմ սիրում: Եվրոպական բարոկկո եմ սիրում: Ե՛վ ռոքը, և՛ ջազը հանճարեղ բաներ են, որոնք վայելում եմ՝ ըստ տրամադրության:
- Սիրած ուտեստը և հատկապես ո՞ւմ պատրաստածը…
- Ցանկացած ուտեստ՝ բանջարեղենամսային, ձկնային, որը լավ է պատրաստված, սիրում եմ: Նաև քաղցրակեր եմ:
- Ամենից շատ գործածվող արտահայտությունը Ձեր խոսքում…
- Ինձ շատ են ասում, որ իմ խոսելու ձևն է տարբերվում: Լավ, հումորով ուսանողները նույնիսկ հումորներ են անում դրա մասին, և եթե դա արվում է տեղին ու համով, շատ եմ ուրախանում:
- Նախընտրած հանգստի վայրը և ձևը…
- Ծովը: Հանգստի ակտիվ ձևերից զզվում եմ, հանգիստը պետք է լինի հանգիստ, բայց էմոցիոնալ որոշակի լարմամբ, որ գլուխս աշխատի:
- Սիրած քաղաքը…
- Շատ չեմ ճանապարհորդել, որ ընտրեմ ինչ-որ քաղաք: Երևանում կան որոշ վայրեր, որ շատ եմ սիրում:
- Սիրած ճարտարապետական կառույցը Հայաստանում և Հայաստանից դուրս…
- Սիրածս կառույցն այն է, որտեղ հարմարավետության զգացողություն կա: Էմոցիոնալ մակարդակում իմ մանկության թաղամասն եմ շատ սիրում՝ Կայարանը:
- Սիրած կենդանին…
- Կենդանիներ սիրում եմ: Կատու եմ սիրում (ժպտում է): Կատուն ինձ նման է. ծույլ է, սիրում է ուտել ու քնել, ոգևորությունը զուսպ է, կատաղության ժամանակ բոլորն իմանում են, որ կատաղել է…
- Ի՞նչ սեփականություն ունեք:
- Բնակարան ունեմ ԵՊՀ երիտասարդ մասնագետների շենքում:
- Նախընտրած փոխադրամիջոցը…
- Տաքսի: Եվ գնացք եմ սիրում՝ այն հին, խորհրդայինը:
- Նախընտրած հագուստի ոճը…
- Մեր ոլորտի «բանվորական» հագուստ՝ հարմար կոշիկներ, գրպաններով հագուստ, որ ձեռքերս ազատ լինեն:
- Վերջին ֆիլմը, որ դիտել եք:
- Կինո շատ սիրում եմ, բայց հազվադեպ եմ հատուկ նստում՝ ինչ-որ ֆիլմ դիտելու: Վերջինը եղել է Տորնատորեի «Baaria»-ն: Կինոն նայում եմ՝ սիմվոլիզմը կարդալով, սիրում եմ կինոն մասնատել…
- Եթե Աստծուն հարց տալու հնարավորություն ունենայիք, ի՞նչ կհարցնեիք:
- Աստծուն հանդիպելիս հարց չէի տա, որովհետև հարցով իրավիճակը կփչացնեի: Պարզապես ձեռքը կսեղմեի…
- Բոլոր ժամանակների նկարիչներից ո՞ւմ կնախընտրեիք, որ պատկերեր Ձեր դիմանկարը:
- Ով էլ նկարեր, լավ կլիներ… սակայն երևի իմպրեսիոնիստները:
- Ձեզ երջանիկ համարո՞ւմ եք:
- Ծիծաղելի կլինի, եթե որևէ մեկն ասի՝ այո՛: Երջանկությունը գոյանում է այն ժամանակ, երբ մի քանի բաղադրիչներ, իրարից անկախ, համընկնում են: Երջանկությունը կենսական պահերի մեջ է պետք գտնել:
Զրուցեց
Ծովինար Կարապետյանը