01.09.2017
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԳԻՏԵԼԻՔԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐԸ
Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես Մայր բուհը սեպտեմբերի 1-ին գրկաբաց դիմավորեց իր նոր ու հին համալսարանականներին: Այդ օրը ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում առաջին կուրսեցիների համար կազմակերպվել էին միջոցառումներ և հանդիպումներ դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ, ովքեր նորընծա համալսարանականներին ծանոթացրին ուսումնական գործընթացին, ուսանողական կյանքի առանձնահատկություններին և Մայր բուհի առաքելությանը՝ լուսավորել դեպի մեծ կյանք տանող ճանապարհը:

Տոնական՝ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ շնորհավորական խոսք է հղել նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Ուղերձում մասնավորապես ասված է. «Սեպտեմբերի 1-ը մեծ տոն է բոլորիս համար, տարբեր տարիների համալսարանականների՝ թե՛ պրոֆեսորադասախոսական կազմի և թե՛ ուսանողների համար: Տոն է, որովհետև նախ մենք ընդունում ենք առաջին կուրսեցիներին, համալսարանականների շարքերը գալիս են համալրելու երեկվա դպրոցականները, համալսարանական ուսանողության նոր սերունդը, որի հետ մենք մշտապես մեծ հույսեր ենք կապում…

Ես նախևառաջ մեր ուսանողությանն ուզում եմ ցանկանալ նպատակասլացություն, որպեսզի ստանալով բավարար չափով գիտելիքներ, ձեռք բերելով հմտություններ և կարողություններ՝ համալսարանն ավարտելուց հետո կարողանան տնօրինել իրենց ճակատագիրը, հարմարավետ ապրելակերպ ապահովեն, փնտրեն ու գտնեն լավ աշխատանք, իրենց մասնագիտական ունակությունները ներդնեն՝ ապացուցելով հասարակությանը, գործատուին, իրենք իրենց, որ համալսարանում անցկացրած տարիներն իզուր չեն եղել:

Եվ, անշուշտ, ուզում եմ ցանկանալ մեր ուսանողությանը, որ ոչ մի րոպե չկորցնեն համալսարանում, ամբողջովին տրվեն կրթվելու հիրավի մեծ ու պատասխանատու գործին, որովհետև այդ տարիներն այլևս չեն կրկնվելու…

Հորդորում եմ մեր ուսանողներին, որ համալսարանում անցկացրած տարիներն օգտագործեն՝ ոչ միայն հարստացնելով իրենց մասնագիտական գիտելիքները, այլև դառնան լավ քաղաքացի, հասարակությանը պիտանի մարդ, մեկը, ով ոչ միայն իր կյանքի, այլև երկրի ու ժողովրդի հետագա գոյատևման, զարգացման համար պատասխանատվությունն է իր ուսերին վերցնելու:

Շնորհավորելով բոլոր համալսարանականներին՝ ուզում եմ նորից շեշտել, որ համալսարանում սովորելը մեծ պատիվ է, երջանկություն, որ համալսարանական լինելը նշանակում է լինել մեր կյանքի առաջամարտիկ, հասարակության, ժողովրդի ու մեր երկրի ամենազարգացած և ամենաբանիմաց մարդկանց շարքում»:


Քնար Միսակյան


Էդվարդ Նալբանդյան. «Լավ մասնագետ դառնալու համար նախևառաջ պետք է սիրել հայրենիքը»

Սեպտեմբերի 1-ին, ավանդույթի համաձայն, ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հյուրն էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով ողջույնի խոսքում շեշտեց, որ երիտասարդների հետ հանդիպումները կարևոր ու անհրաժեշտ է համարում:


Հանդիպմանը ներկա էին նաև ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ու Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանը:

«Նոր ուսումնական տարվա կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր ուսանողներին, մասնավորապես առաջին կուրսեցիներին: Բոլորին մաղթում եմ ձեռքբերումներով ու հաջողություններով լի տարի»,- ասաց ռեկտորը և ուսանողներին հորդորեց նախարարի հետ հանդիպման ընթացքում առավել ակտիվ լինել:

Էդվարդ Նալբանդյանը երկարաշունչ դասախոսության փոխարեն նախընտրեց պատասխանել ուսանողներին հուզող հարցերին:

Երիտասարդների հնչեցրած հարցերը հիմնականում վերաբերում էին ԼՂ հակամարտությանը, բանակցային գործընթացին, միջազգային ատյաններում իրականացվող դիվանագիտական գործընթացներին և, իհարկե, լավ մասնագետ դառնալու գաղտնիքներին:

«Լավ դիվանագետ և ընդհանրապես լավ մասնագետ դառնալու համար նախևառաջ պետք է սիրել հայրենիքը, հակառակ դեպքում դատապարտված ես ձախողման: Հենց հայրենիքիդ ու ժողովրդիդ հանդեպ տածած սիրուց ու պատասխանատվությունից է սկսում լավ դիվանագետ դառնալու ճանապարհը»,- ընդգծեց նախարարը:

Անդրադառնալով Արցախյան հակամարտությանը՝ Էդվարդ Նալբանդյանը մանրամասնեց բանակցային գործընթացի ներկա փուլը, անդրադարձավ միջազգային կառույցների հետ տարվող աշխատանքներին ու հակամարտությունը հանգուցալուծելու գործընթացում դրանց ազդեցությանը:

«Հայաստանը շարունակելու է ակտիվ համագործակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ՝ հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորելու համար»,- հավելեց Էդվարդ Նալբանդյանը:
Արտգործնախարարը ներկայացրեց նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հիմնախնդիրների ու դրանց լուծումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները:


Վարդուհի Զաքարյան


ԵՊՀ-ում կրթություն ստանալը շատ պատվաբեր է


Սեպտեմբերի 1-ին Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը նույնպես գրկաբաց ընդունեց առաջին կուրսեցիներին:


Ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, Գիտելիքի և դպրության օրվա առթիվ շնորհավորելով առաջին կուրսեցիներին, ներկայացրեց ֆակուլտետի երեք մասնագիտությունները, ֆակուլտետում տրվող կրթության առավելությունները, խոսեց նաև նոր ներդրված մագիստրոսական ծրագրից՝ «Տվյալների գիտությունը բիզնեսում»:

«Ես շատ ուրախ եմ, որ այսօրվա մրցակցային պայմաններում, երբ տնտեսագետներ, ֆինանսիստներ ու կառավարիչներ պատրաստում են հանրապետության բազմաթիվ ուսումնական հաստատություններում՝ և՛ պետական, և՛ մասնավոր, դուք ձեր կրթական հանգրվանը գտել եք մեզ մոտ՝ ձեր կրթությունը վստահելով հենց Մայր բուհին»,- նշեց պարոն Սարգսյանը:

Դեկանը հպարտությամբ փաստեց, որ ֆակուլտետի շրջանավարտները մեծ հաջողություններ են ունենում և համբավ ձեռք բերում նաև արտերկրում՝ ոչ միայն ուսումնառությունը շարունակելով, այլև աշխատելով միջազգային հայտնի կառույցներում ու պետական մարմիններում:

Առաջին կուրսեցիներին ողջունելու էր եկել նաև ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոս Վարդան Բոստանջյանը, ով, բարի երթ մաղթելով առաջին կուրսեցիներին, հորդորեց նրանց, որ օգտագործեն իրենց տրված բացառիկ հնարավորությունը, քանի որ ԵՊՀ-ում կրթություն ստանալն իսկապես շատ պատվաբեր է:

Բանախոսն ուսանողներին վստահեցրեց, որ ՀՀ պետական կառավարման համակարգում աշխատող երիտասարդ զանգվածի մեծ մասն ավարտել է հենց ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը. «Սրանք ոչ թե զուտ խոսքեր են, այլ վիճակագրական տվյալներ ու փաստեր»:

Ապագա տնտեսագետներին ողջունեց նաև ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Իրինա Վարդանյանը, ով նորեկներին հորդորեց, որ բարձր պահեն Մայր բուհի ուսանող լինելու կոչումն ու պատիվը, ինչպես նաև ուսանողական տարիներն արդյունավետորեն օգտագործեն ոչ միայն գիտելիքներ ձեռք բերելու, այլև մարդկային կապիտալը հարստացնելու և փորձի փոխանակման առումով:

Կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ Կառլեն Խաչատրյանն էլ, իր հերթին բարի գալուստ մաղթելով նորեկներին, խորհուրդ տվեց, որ նրանք ուսանողական տարիներն օգտագործեն ոչ միայն գիտելիքի պաշար հավաքելու, այլև ակտիվ ուսանողական կյանքով ապրելու համար, ինչը սոցիալական կապիտալ ստեղծելու հիանալի հնարավորություն է ընձեռում. «Դուք ընդունվել եք հարուստ ավանդույթներ ունեցող մի ֆակուլտետ և այդ ավանդույթների ու արժեքների կրողն եք դառնում, շատ ուրախ կլինեմ, եթե դուք նույնպես նոր ավանդույթներ ձևավորեք»:


Հասմիկ Ասլանյան


Բարի գալուստ հետաքրքիր ու դժվարին մասնագիտություն


Ավանդույթի համաձայն՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այս տարի՝ սեպտեմբերի 1-ին, նույնպես կազմակերպել էր միջոցառում՝ նվիրված առաջին կուրսեցիներին:


Առաջին կուրսեցիներին դիմավորելու և նոր ուսումնական տարվա մեկնարկն առավել տոնական ու գեղեցիկ դարձնելու համար կազմակերպված միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, ամբիոնների վարիչները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

Նաղաշ Մարտիրոսյանը, շնորհավորելով և ողջունելով առաջին կուրսեցիներին, նրանց հաջողություն և նպատակասլացություն մաղթեց. «Այսօր դարձյալ տոն է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում: Ուզում եմ, որ մեզնից յուրաքանչյուրն իր ներկայությամբ, իր տրամադրությամբ, իր գեղեցիկ երազանքներով այս տոնն իսկապես տոն դարձնի, որը միշտ շարունակություն պետք է ունենա»:

Առաջին կուրսեցիներին շնորհավորելու էր եկել նաև Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն, վաստակավոր լրագրող և ֆակուլտետի բարեկամ Մարկ Գրիգորյանը, ով նշեց, որ այդ օրը խորհրդանշականորեն համընկնում է Հայաստանում առաջին անգամ հեռարձակված ռադիոթողարկման հետ. «Ես ձեզ մոտ եկա անմիջապես ուղիղ եթերի ավարտից հետո: Մենք հարևան շենքերում ենք գտնվում, և ես մեծ ցանկություն ունեմ, որ ձեր ուսման տարիներին և հետո այդ հարևան շենքը ձեզ համար տուն դառնա: Այսօր ես շատ ուրախ եմ, որ ողջունում եմ ձեզ ու ասում՝ հարգելի՛ գործընկերներ, բարի գալուստ մասնագիտություն»:

Ողջույնի խոսք ասաց նաև Ժուռնալիստիկայի ֆակուլտետի նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը. «Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, ձեր հայացքներում տեսնում եմ, որ պատրաստակամ եք մասնագիտական նոր գիտելիքներ ստանալու, ժուռնալիստիկայի աշխարհ մուտք գործելու և այդ աշխարհում ձեր տեղը գտնելու առումով: Մենք պատրաստ ենք օգնել ձեզ և միշտ ձեր կողքին կլինենք»:

Միջոցառման ընթացքում Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները նաև հարցազրույցներ էին կազմակերպել ուսումնառությունն արդեն ավարտած հայտնի հեռուստադեմքերի՝ «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» ծրագրի մեկնաբան Քրիստինե Ալագուլյանի, Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» ծրագրի մեկնաբան Լարա Առաքելյանի, Հայաստանի հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանի և «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» ծրագրի հեղինակ և վարող Դավիթ Սարգսյանի հետ: Վերջիններս ապագա լրագրողների հետ կիսվեցին իրենց փորձով ու հուշերով:


Քնար Միսակյան

Տարվա այլ հրապարակումներ