19.09.2017
ԵՐԴՎԵՑԻՆ, ՈՐ ԲԱՐՁՐ ԵՆ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ՈՒՍԱՆՈՂԻ ԲԱՐՁՐ ԿՈՉՈՒՄԸ
Սեպտեմբերի 19-ին Մայր բուհի կենտրոնական մասնաշենքի բակում տեղի ունեցավ ԵՊՀ մեծարման և առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը, որն այս տարի նվիրված էր Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին:

Հայոց անկախ պետականության կայացման ամենազորեղ կռվաններից մեկն ազգային բանակի ստեղծումն է եղել՝ մեր դարավոր երազանքի մարմնացումն ու մեր աղոթքի արձագանքը: Այն մեր ժողովրդի հավաքական կամքի, ուժի, նվիրվածության, հայրենասիրության արգասիքն է:

Մեր բանակը կայացել, էլ ավելի զորացել ու այսօր մեր ազգային պետության անվտանգության և անկախության պահպանման գլխավոր երաշխիքն է դարձել՝ շնորհիվ բոլորիս: Ըստ այդմ՝ զինված ուժերի ստեղծումն ու կայացումը տոն են բոլորիս համար, և պատահական չէ, որ առաջին կուրսեցիների՝ դեպի Մայր բուհ հանդիսավոր մուտքը նվիրված էր հենց մեր բանակին:

Ինչպես ամեն տարի, այս անգամ նույնպես հանդիսավոր արարողությունը կազմակերպել և օրը տոնական ու հիշարժան էին դարձրել ԵՊՀ ռեկտորատը, Մշակույթի կենտրոնը և ուսանողական կառույցները:

Միջոցառման սկզբում ՀՀ և ԵՊՀ դրոշները բարձրացնելու համար բեմ հրավիրվեցին Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող, Արցախյան քառօրյա պատերազմի ժամանակ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի արժանացած Ռաֆայել Հովհաննիսյանը, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, ԵՊՀ-ի կողմից Արցախի Հանրապետությունում կազմակերպված «Ուսանողական ռազմական բանակում-2017»-ի հաղթող Գևորգ Արշակյանը, Իրավագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող, Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում կայացած միջազգային քրեական իրավունքի դատախաղի կիսաեզրափակիչ փուլին մասնակցած ԵՊՀ թիմի անդամ Հարություն Հովհաննիսյանն ու Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող, ԱՄՆ-ում կայացած «ASM-ICPC» ծրագրավորման հեղինակավոր մրցույթի Հարավային Կովկասի հաղթող և եզրափակչի մասնակից ԵՊՀ թիմի անդամ Ալբերտ Սահակյանը:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ողջունելով և շնորհավորելով Մայր բուհի նորեկներին, ասաց, որ երեկոն ավելի ջերմ է, քանզի այն նվիրված է Հայոց բանակին. «Մենք հպարտ ենք, որ ունենք ուժեղ բանակ ու առավել հպարտ և ուրախ ենք, որ ԵՊՀ ուսանողները հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը կատարում են անմնացորդ, բարձր պատասխանատվությամբ: Տարիների ու ամիսների ընթացքում ԵՊՀ ուսանողներն ապացուցել են, որ նրանք, հիրավի, մեր ժողովրդի ու երկրի պաշտպաններն են: Սիրելի՛ համալսարանականներ, առաջին կուրսեցու մուտքը համալսարան միշտ էլ հուզիչ է, առանձնահատուկ ոչ միայն իրենց, այլև բոլորիս համար: Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, համոզված եմ, որ բարձր կպահեք Մայր բուհի պատիվը, չեք մոռանա ձեր Մայր օջախը»:

Առաջին կուրսեցիների հանդիսավոր մուտքը շնորհավորեց նաև ԵՊՀ ՈՒԽ նախագահ Արմեն Խաչիկյանը, ով առաջին կուրսեցիներին հագեցած և հետաքրքիր ուսանողական տարիներ մաղթեց. «Գիտելիքի ստացման ճանապարհին բազմաթիվ խոչընդոտների եք հանդիպելու, սակայն միայն դրանք հաղթահարելով՝ կարող ենք հասնել ցանկալի արդյունքի: Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, լա՛վ սովորեք, դարձե՛ք լավ մասնագետներ և արժանի քաղաքացիներ՝ դրանով ապահովելով մեր երկրի զարգացումն ու հզորացումը»:

Այս տարի երդման տեքստը կարդալու պատասխանատվությունն ու պատիվն ընձեռված էին Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Վարդուհի Տոնոյանին և Պատմության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Տիգրան Բարսեղյանին:

Եվ նրանք երդվեցին… Երդվեցին, որ բարձր են պահելու ԵՊՀ ուսանողի վեհ կոչումը, որ արժանի են լինելու այդ կոչմանը, որ վառ են պահելու մաշտոցյան իմաստասիրաց կանթեղը, որ սիրելու են իրենց կրթության դարբնոցն ու գիտության ուղիներին լույս սփռող նվիրյալ դասախոսներին… Երդվեցին, երդվեցին, երդվեցին, ու նրանց երդումը համալսարանի լուսավոր գալիքի հավատն ու երաշխիքը, հույսն ու ապավենը դարձավ:

Համերգի ընթացքում կատարումներով հանդես եկան ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները և Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նվագախումբն ու երգչախումբը: Առաջին կուրսեցիներին շնորհավորելու էին եկել նաև հայտնի ու սիրված երգիչ Արսեն Սաֆարյանը և «Էմփիրեյ» ռոք խումբը: Շնորհավորելու էր եկել նաև ԱՄՆ-ից ժամանած ԵՊՀ շրջանավարտ Թագուհի Արզումանյանը, ով ներկայացրեց հատված Գևորգ Էմինի «Մենք ենք» ստեղծագործությունից:

Միջոցառման ընթացքում յուրօրինակ համարով հանդես եկան նաև ԵՊՀ «Ապառաժ» լեռնագնացության ակումբի անդամները, ովքեր ԵՊՀ տանիքից իջեցրին Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության և ԵՊՀ դրոշները:

Միջոցառման ավարտին հանդիսավարները շնորհակալություն հայտնեցին ԵՊՀ ռեկտորատին՝ հանձին ռեկտոր Արամ Սիմոնյանի, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգյսանի անվան ռազմական համալսարանին՝ հանձին ղեկավար, գեներալ-մայոր Արմեն Ղահրամանյանի, միջոցառման գաղափարի հեղինակ և ռեժիսոր, ԵՊՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Կարինե Դավթյանին և Հայաստանի երիտասարդական հիմնադրամին՝ միջոցառման իրականացմանն աջակցություն ցուցաբերելու համար:


Քնար Միսակյան

Տարվա այլ հրապարակումներ