23.09.2017
ԵՊՀ ԹԻՄԸ ԿՐԿԻՆ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ Է ՄԻՋԲՈՒՀԱԿԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ
Սեպտեմբերի 22-ին և 23-ին տեղի ունեցավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) կողմից կազմակերպված դատախաղ-մրցույթի բանավոր փուլը:

Իր տեսակով եզակի, տարածաշրջանում նախադեպը չունեցող, քրեական իրավունքի և քրեական դատավարության հիմնախնդիրներին նվիրված դատախաղ-մրցույթն անց է կացվում 2016-2017 ուսումնական տարվանից:

Ինչպես նախորդ, այս տարի նույնպես մրցույթն անց է կացվել 2 փուլով՝ գրավոր, որի ընթացքում ուսանողներն առաջադրված խնդրի վերաբերյալ հայտնում են իրենց փաստարկված դիրքորոշումները՝ մեղադրող և պաշտպանող կողմերի տեսանկյուններից, և բանավոր, որի ընթացքում միմյանց հետ մրցում են գրավոր փուլը հաղթահարած և առավելագույն միավորներ հավաքած 6 թիմերի ներկայացուցիչները:

Այս տարի մրցույթին մասնակցելու հայտ էին ներկայացրել ՀՀ բուհերի 8 և Արցախի պետական համալսարանի 2 թիմեր: Գրավոր փուլը հաջողությամբ հաղթահարել էին հետևյալ թիմերը՝

1. «Երևանի պետական համալսարանի 1»,
2. «Երևանի պետական համալսարանի 2»,
3. Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «Modus Vivendi»,
4. Արցախի պետական համալսարանի,
5. Գավառի պետական համալսարանի «Գեղամա»,
6. Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Lex Dominus»:

Սեպտեմբերի 22-ին՝ «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցային համալիրում տեղի ունեցած միջբուհական դատախաղ-մրցույթի բանավոր փուլի բացման հանդիսավոր արարողության ժամանակ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ողջունելով ներկաներին և հաջողություն մաղթելով մասնակիցներին, ուրախությամբ փաստեց, որ դատախաղ-մրցույթն արդեն ավանդական է դառնում. «Նախորդ տարի ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ջանքերով հիմք դրվեց միջբուհական դատախաղին: Սա իսկապես իր տեսակով բացառիկ մրցույթ է, որը տեսական գիտելիքները գործնականում կիրառելու և դրսևորելու հնարավորություն է տալիս: Ես հույս ունեմ, որ առաջիկայում իրավական այլ ոլորտներում ևս կկազմակերպվեն նմանօրինակ միջոցառումներ»:

Իր ողջույնի խոսքն ասաց նաև ՀՀ-ում Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը, ով ներկայացրեց նաև հիմնադրամի նպատակը. «Հիմնադրամն իրականացնում է արդարադատության բարելավմանն ուղղված ծրագրեր, կատարում խորհրդատվություններ օրենսդրական փոփոխությունների ժամանակ, ինչպես նաև կազմակերպում է վերապատրաստումներ դատավորների, դատախազների և փաստաբանների համար: Հայաստանում այն գործում է ավելի քան 6 տարի՝ երկու երկրների արդարադատության նախարարությունների միջև կնքված համաձայնագրի շրջանակում»:

Այնուհետև հիմնադրամի անմիջական գործընկեր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Աննա Մարգարյանը մասնակիցներին բացատրեց մրցույթի կանոնները. «Ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր փուլի կիսաեզրափակիչ խաղերում յուրաքանչյուր թիմ հանդես է գալու 2 անգամ, մի խաղում՝ որպես պաշտպանող, մյուսում՝ որպես մեղադրող կողմ: Կիսաեզրափակիչ խաղերի արդյունքներով առավելագույն միավորներ վաստակած 2 թիմերը միմյանց հետ կմրցեն հաղթողի գավաթը նվաճելու համար: Յուրաքանչյուր խաղի համար կհատկացվի 1 ժամ, որից 20-ական րոպեներ կտրվեն կողմերից յուրաքանչյուրին՝ դիրքորոշումն արտահայտելու, իսկ մնացած 20 րոպեն կտրվի ռեպլիկների, միմյանց և ժյուրիի կողմից տրված հարցերին պատասխանելու համար: Մրցակից թիմերը կորոշվեն վիճակահանությամբ»:

Աննա Մարգարյանը ներկայացրեց նաև գնահատման կարգը՝ փաստելով, որ յուրաքանչյուր թիմի կտրվի առավելագույնը 100 միավոր. «40 միավոր կտրվի օրենսդրության իմացության և այն կիրառելու կարողության, 30 միավոր՝ վերլուծական տրամաբանության և իրավական քննադատական մտածողության, իսկ մյուս 30 միավորը՝ փաստարկները համոզիչ ներկայացնելու և մտքերը գրագետ շարադրելու համար»:

Մեզ հետ զրույցում Գագիկ Ղազինյանը տեղեկացրեց նաև, որ թիմերին առաջադրված գործը դեռևս ընթացքի մեջ է գտնվում և միանշանակ որևէ լուծում չունի. «Իրական դեպք է, որի պայմանները որոշակիորեն փոխված են: Երկու փուլերում էլ նույն գործն է լինելու, պարզապես եզրափակչում մեկ էպիզոդ ևս կավելացվի: Ընտրել ենք հենց այդ դեպքը, քանի որ այն ուսանողներին ստեղծագործաբար մոտենալու և խնդիրը տարբեր ասպեկտներից դիտարկելու հնարավորություն կտա»:

Դատախաղ-մրցույթի ժյուրիի կազմում էին ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի նախագահ Սերժիկ Ավետիսյանը (ժյուրիի նախագահ), ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ռուբեն Հակոբյանը, ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական գործերով պալատի դատավոր Համլետ Ասատրյանը, Բրեմենի փաստաբանների պալատի նախկին նախագահ Էրիխ Յոսթերը:

Բանավոր փուլի կիսաեզրափակիչ խաղերի արդյունքներով առավելագույն միավորներ վաստակեցին և սեպտեմբերի 23-ին տեղի ունեցած եզրափակիչ փուլում իրենց ուժերը չափեցին «Երևանի պետական համալսարանի 2» և Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «Modus Vivendi» թիմերը:

Խաղի ավարտից հետո տեղի ունեցավ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Սերգեյ Ղազինյանը և ՀՀ դատավորների միության գործադիր տնօրեն Վահե Ենգիբարյանը:

Ժյուրիի նախագահ Սերժիկ Ավետիսյանը, ամփոփելով դատախաղ-մրցույթը, նշեց, որ մեծապես տպավորված և հիացած է. «Ես ուրախ եմ, որ ունենք այսպիսի փայլուն երիտասարդություն: Հավատացած եմ, որ մեր ոլորտը մեծ ապագա ունի: Կարևորում եմ նաև այն փաստը, որ մենք երկուստեք ունեցանք ձեռքբերումներ: Շնորհակալություն կազմակերպիչներին նմանօրինակ միջոցառում կազմակերպելու համար»:

Գագիկ Ղազինյանն էլ, ամփոփելով միջոցառումը, կարևորեց հատկապես ուսանողների շփումը միմյանց հետ, ինչպես նաև Արցախի պետական համալսարանի թիմի մասնակցությունը. «Մենք իրականացրինք մեր առջև դրված բոլոր նպատակները: Հուսով եմ, որ բոլորը գոհ են: Բոլորս էլ հաղթել ենք այսօր»:

Ինչպես և նախորդ տարի անցկացված մրցույթին, այս տարի ևս մասնակից թիմերին հանձնվեցին պատվոգրեր և պարգևներ: Միջոցառման կազմակերպիչների կողմից բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր և հուշանվերներ: Գրավոր փուլում լավագույն պաշտպանական դիրքորոշման համար պարգևատրվեց «ԵՊՀ 1» թիմը, լավագույն մեղադրական դիրքորոշման համար՝ «ԵՊՀ 2» թիմը:

ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումների նշանակությունը կարևորելու և դրանք լավագույնս կիրառելու համար մրցանակ ստացավ ԱրՊՀ թիմը: «Լավագույն հռետոր» մրցանակին արժանացավ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի «Modus Vivendi» թիմի ներկայացուցիչ Ռոզա Ամիրովան: «Լավագույն պաշտպանական ճառ» անվանակարգում հաղթող ճանաչվեց «ԵՊՀ 2» թիմի ներկայացուցիչ Տաթև Սողոյանը, իսկ «Լավագույն մեղադրական ճառ» անվանակարգում՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Lex Dominus» թիմի անդամ Ներսես Զեյնալյանը: Առավել յուրօրինակ և հետևողական դիրքորոշում արտահայտելու համար պարգևատրվեց Գավառի պետական համալսարանի «Գեղամա» թիմը:

Պրոֆեսիոնալ ժյուրիի որոշմամբ՝ միջբուհական դատախաղում հաղթող ճանաչվեց «Երևանի պետական համալսարանի» 2 թիմը:

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից էլ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը մրցանակներ հանձնեց հաղթող թիմի մարզիչներին:

ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն էլ մեծապես կարևորեց նմանօրինակ միջոցառման անցկացումը և ԵՊՀ ռեկտորատի անունից շնորհակալություն հայտնեց ինչպես դատախաղի կազմակերպիչներին, այնպես էլ ժյուրիի անդամներին:
«Շնորհակալություն, որ ձեր զբաղված աշխատանքային գրաֆիկից ժամանակ եք հատկացրել և մասնակցել այս միջոցառմանը: Ձեր մասնակցությունը և ձեր կողմից տրված գնահատականները շատ կարևոր են մեր ուսանողների համար»,- ասաց Ռուբեն Մարկոսյանը և նրանց հանձնեց ԵՊՀ հրատարակչության կողմից վերջին տարիներին տպագրված գրքեր:

Մեզ հետ զրույցում ԱրՊՀ թիմի ներկայացուցիչ Ռոմա Երիցյանը, ով երկրորդ անգամ էր մասնակցում մրցույթին, փաստեց, որ միջոցառումն ավելի կատարյալ է դարձել. «Մենք նույնպես ավելի համարձակ ենք դարձել ու կատարելագործվել: Ճիշտ է, ակնկալում էի այս անգամ հաղթանակով վերադառնալ կամ գոնե խաղալ եզրափակչում, բայց չեմ ընկճվում, հուսով եմ՝ մյուս անգամ կստացվի: Հիանալի էր նաև այն, որ այս անգամ հրավիրվել էին ժյուրիի նոր անդամներ»:

Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Lex Dominus» թիմի անդամ Ներսես Զեյնալյանն էլ առաջին անգամ էր մասնակցում դատախաղին և մեծապես տպավորված էր. «Հետաքրքիր ձևաչափ է, որի շնորհիվ տարբեր բուհերի ուսանողներ հնարավորություն ունեն ցուցադրելու և համեմատելու իրենց գիտելիքները: Ինձ համար կարևոր էր նաև այն, որ ապագա իրավաբաններիս համար ստեղծված էր հարթակ, որն օգնեց ճանաչել ու ընկերանալ միմյանց հետ, ինչն էլ ապագայում կօգնի միասնաբար պայքարել անօրինությունների դեմ»:

Մրցույթին արդեն երկրորդ անգամ պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում հանդես եկող գերմանացի փորձագետ, Բրեմենի փաստաբանների պալատի նախկին նախագահ Էրիխ Յոսթերը եզրափակչից հետո մեզ հետ զրույցում ասաց, որ դատախաղ-մրցույթի ձևաչափը հիանալի է. «Ինձ դուր է գալիս, թե ինչպես են ուսանողներն իրենց դրսևորում: Նրանք մեծ տեղ են տալիս ապացույցների փաստարկմանը և դա անում են շատ ավելի խորը ձևով, քան մենք սովոր ենք Գերմանիայում»:

Գերմանացի փորձագետի հավաստմամբ՝ ի տարբերություն նախորդ տարվա՝ այս անգամ առաջադրված խնդիրն ակնհայտորեն ավելի բարդ էր. «Պետք է փաստեմ, որ բոլոր թիմերն էլ խնդրի յուրօրինակ և հետաքրքիր լուծումներ էին գտել»:

Էրիխ Յոսթերն անդրադարձավ նաև երկու երկրների քրեական իրավունքի տարբերություններին՝ նշելով, որ հայաստանյան քրեական իրավունքի որոշ դրույթներին է ծանոթ միայն. «Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ անձի անձեռնմխելիությունն այստեղ այնքան էլ մեծ դեր չի խաղում: Այստեղ մարմնական վնասի առնչությամբ որոշ հանգամանքներ այնքան էլ առաջնային պլան չեն մղվել, ինչպես Գերմանիայում»:

Մրցույթի ավարտին Գագիկ Ղազինյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ միջոցառումը շարունակական կլինի, իսկ Միջազգային համագործակցության գերմանական հիմնադրամի հետ համագործակցությունը՝ արդյունավետ:


Քնար Միսակյան

Տարվա այլ հրապարակումներ