14.10.2017
ԺԵՇՈՒՎԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
Հոկտեմբերի 11-14-ը ԵՊՀ պատվիրակությունը Լեհաստանի Ժեշուվի համալսարանում էր:

Պատվիրակության այցի նպատակը ԵՊՀ-ի և Ժեշուվի համալսարանի միջև համագործակցության պայմանագրի կնքումն էր և մասնակցությունը «Կովկաս. պատմություն, փոփոխություններ» խորագրով 6-րդ միջազգային գիտական կոնֆերանսին: Համաժողովին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Ադրբեջանի պատվիրակությունները:

Այցի առաջին օրը ԵՊՀ պատվիրակությունը հանդիպել է Ժեշուվի համալսարանի ռեկտորի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գործակցության շրջանակները և վերահաստատել հարաբերությունների խորացմանն ուղղված պատրաստակամությունը: Պատվիրակությունը հանդիպել է նաև Բնական գիտությունների և մաթեմատիկայի ամբիոնի դեկանի ու փոխդեկանի հետ: Կողմերը պայմանավորվել են քննարկել մաթեմատիկայի ոլորտում երկակի դիպլոմով մագիստրոսական ծրագիր մշակելու հարցը:

ԵՊՀ պատվիրակությունը ղեկավարում էր գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը: Պատվիրակության կազմում էին ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ Վահրամ Պետրոսյանը և ՈՒԳԸ նախագահ Մհեր Հակոբյանը:

Կոնֆերանսին բացման խոսքով հանդես եկան Լեհաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը և ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանը:

ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը մեզ հետ զրույցում կարևորեց համագործակցության հաստատումը Ժեշուվի համալսարանի հետ: Նա հանդես է եկել «ՀՀ կառավարման ձևի փոփոխությունը նախագահականից խորհրդարանականի» թեմայով զեկուցմամբ. «Աշխատանքում ներկայացված են ՀՀ կառավարման ձևի հետ տեղի ունեցող փոխակերպումները 1991 թ.-ից մինչև մեր օրերը՝ սահմանադրական նորմերի և պրակտիկ քաղաքականության իրականացման շրջանակներում»:

Պատվիրակության անդամ Վահրամ Պետրոսյանն էլ հանդես է եկել «Կովկասյան ինտեգրման գաղափարը և ձախողման պատճառները» թեմայով զեկուցմամբ ու «Քուրդիստանի հանրաքվեն և Հարավային Կովկասի պետությունների դիրքորոշումը» թեմայով դասախոսությամբ. «Բացման դասախոսությունս առնչվում էր քրդական խնդրին: Քանի որ Ժեշուվի համալսարանին կից գործում է Պատմության ինստիտուտը, և այնտեղից փորձագետներ էին հրավիրված, այդ պատճառով դասախոսությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց: Այս իմաստով հնչեցին բավականին հետաքրքիր հարցադրումներ»:

Համագործակցության շրջանակում Վահրամ Պետրոսյանը կարևորեց ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի հետ իրականացվող ծրագրերը. «Ունենք արդեն նախնական համաձայնություններ և համատեղ աշխատանքի ծրագիրը»:

Ի դեպ, Վահրամ Պետրոսյանն ընդգրկվել է Լեհաստանում լույս տեսնող «Կովկաս» ամսագրի խմբագրական խորհրդի կազմում: Ըստ նրա՝ դա կհեշտացնի հայ հեղինակների մասնակցությունը կատարվող աշխատանքներին:

ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության նախագահ Մհեր Հակոբյանի զեկուցումն էլ «Եվրոպականացման կիրառելիությունը Արևելյան գործընկերության տարածաշրջանում (Հայաստանի օրինակով)» թեմայով էր. «Ուսումնասիրել էի, թե Եվրամիությունը ինչ գործիքներով է փորձում եվրոպականացնել հետխորհրդային 6 երկրները, որոնք ներառված են Արևելյան գործընկերությունում, և այդ գործընթացը Հայաստանում ինչպես է արվել և ինչ արդյունքներ է տվել»:

Մհեր Հակոբյանը հանդիպել է Ժեշուվի համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահի հետ և քննարկել համագործակցության հեռանկարները:

Ժեշուվի համալսարանի հետ կնքված համագործակցության պայմանագրի շրջանակում էլ նախատեսվում են համագործակցություն կրթական, գիտական ոլորտներում, համատեղ միջոցառումների անցկացում, ուսանողների, դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացում, գիտական դրամաշնորհային ծրագրերին մասնակցություն:


Սլավա Բադալյան