06.10.2017
ՈՒԳԸ-Ն ԱՐԴԵՆ 70 ՏԱՐԵԿԱՆ Է
Հոկտեմբերի 2-6-ը ԵՊՀ-ում անցկացվեց ՈՒԳԸ միջազգային 4-րդ գիտաժողովը, որը նվիրված էր կառույցի հիմնադրման 70-ամյակին:

Ներկաներին և գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ՈՒԳԸ նախագահ Մհեր Հակոբյանը, ով նշեց, որ 2017 թ.-ին լրանում է ԵՊՀ ՈՒԳԸ հիմնադրման 70-ամյա հոբելյանը, և հենց այդ իրադարձությանն է նվիրված 4-րդ տարեկան գիտական միջազգային նստաշրջանը:

«ԵՊՀ ՈՒԳԸ-ն հիմնադրվել է 1947 թ.-ին և Հայաստանում գործող ամենահին երիտասարդական, ավելի կոնկրետ՝ ուսանողական կազմակերպությունն է, որի նախկին անդամներից շատերն այսօր ճանաչված մարդիկ են, ղեկավարներ, պրոֆեսորներ: Իր գործունեության 70 տարիների ընթացքում ՈՒԳԸ-ն ներգրավել է հազարավոր երիտասարդների, կազմակերպել հարյուրավոր գիտաժողովներ՝ դառնալով երիտասարդական գիտական ներուժի կենտրոնացման հարթակ»,- հավելեց ՈՒԳԸ նախագահը:

Անդրադառնալով երիտասարդների շրջանում գիտական հետաքրքրությունների աճին՝ Մհեր Հակոբյանը փաստեց, որ 2014 թ.-ից ՈՒԳԸ-ն կազմակերպել է պարբերական, ամենամյա հաճախականությամբ գիտաժողովներ, սակայն այս գիտաժողովն առանձնանում է մասնակիցների աշխարհագրությամբ և նշանակալիությամբ, քանի որ զեկուցումներով հանդես են գալու շուրջ 350 մասնակիցներ 14 երկրների 39 ուսումնական ու գիտահետազոտական հաստատություններից, ինչը գիտաժողովը դարձնում է տարվա գլխավոր և ամենամեծ երիտասարդական գիտական իրադարձությունը:

ՈՒԳԸ նախագահը հույս հայտնեց, որ գիտաժողովը տարբեր գիտական հարցեր քննարկելու և դրանց շուրջ բանավիճելու հիանալի հնարավորություն կտա բոլոր մասնակիցներին, ինչպես նաև արտերկրում սովորող հայ ուսանողների համար հայրենիք վերադառնալու ևս մեկ լավ առիթ է դարձել:

Մասնակիցներին ռեկտոր Արամ Սիմոնյանի և ռեկտորատի անունից ողջույնի խոսք հղեց 1998-2001 թթ. ԵՊՀ ՈՒԳԸ նախագահ, այժմ ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը. «Որպես նախկին ՈՒԳԸ-ական՝ հպարտությամբ և ուրախությամբ եմ ողջունում բոլորիդ: Ուսանողական կառույցը, այս տարի տոնելով իր հիմնադրման 70-ամյակը, տարվա մի շարք կարևորագույն միջոցառումներ նվիրելու է հենց այդ հոբելյանին: Դրանց շարքում պետք է առանձնացնել ՈՒԳԸ տարեկան գիտական նստաշրջանը, որը Հայաստանում ամենամեծ թվով մասնակիցներ ունեցող երիտասարդական գիտական կոնֆերանսն է, և հուրախություն մեզ՝ այս տարի այն ունի նաև հանրապետական ու միջազգային լայն ընդգրկում. ունենք մեծաթիվ մասնակիցներ ինչպես ՀՀ գրեթե բոլոր կրթագիտական հաստատություններից և Արցախից, այնպես էլ արտերկրից: Մաղթում եմ ձեզ բեղմնավոր աշխատանք, հետաքրքիր քննարկումներ բաժանմունքներում և նոր հաջողություններ ձեր գիտական գործունեության մեջ»:

Բարի երթ մաղթելով գիտաժողովի աշխատանքներին՝ պարոն Մարկոսյանը մի պահ մտովի հիշեց այն օրերը, երբ տոնում էին ՈՒԳԸ-ի վերահիմնադրման 20-ամյա հոբելյանը, քանի որ 90-ական թթ. սկզբին կառույցը դադարեցրել էր իր գործունեությունը. «Կարծես մեկ ակնթարթ է անցել այդ օրվանից»:

Հոկտեմբերի 6-ին էլ՝ գիտաժողովի փակման հանդիսավոր արարողության օրը, ներկա էին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ՀՀ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը, ԵՊՀ պրոռեկտորները, ֆակուլտետների դեկաններ, փոխդեկաններ, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:

Ներկաներին ողջունեցին Ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Կարինե Սիմոնյանը և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Գառնիկ Առաքելյանը. «Իր գոյության տարիների ընթացքում ՈՒԳԸ-ն նպաստել է և շարունակում է նպաստել ուսանողների գիտական, ստեղծագործական ու հոգևոր զարգացմանը: Յուրաքանչյուր ուսումնական տարում ՈՒԳԸ-ն անցկացնում է բազմաթիվ միջազգային, հանրապետական, համահամալսարանական և ֆակուլտետային գիտաժողովներ՝ ներգրավելով հարյուրավոր հետազոտողների և դառնալով Հայաստանի ու արտասահմանի երիտասարդական գիտական ներուժի միավորման ուրույն հարթակ: ՈՒԳԸ 70-ամյակը կառույցի անցած ճանապարհը վերաարժևորելու ու նոր զարգացումների հիմք դնելու հիանալի առիթ է»:

Անցած 70 տարիների ընթացքում ՈՒԳԸ անդամ են եղել ավելի քան 7.500 ուսանող ու ասպիրանտ, իսկ ներկայումս կառույցին անդամակցում է շուրջ 400 սովորող: Շատերը, որ այսօր ոլորտի առաջատար մասնագետներ են, դեպի գիտություն իրենց ուղին սկսել են հենց ՈՒԳԸ-ից, այսինքն՝ կառույցը դարձել է բազմաթիվ ուսանողների կյանքի ուղեկիցն ու գիտական հաջողությունների առաջնային հարթակը:

Ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, շնորհակալություն հայտնելով գիտաժողովի ընթացքում հնչած զեկուցումների գիտական ղեկավարներին, խոսեց ՈՒԳԸ-ի՝ վերջին տարիների գործունեության մշտական աճի ու ձեռքբերումների, մասնավորապես տարեկան գիտական նստաշրջանների, ԲՈՀ-ի կողմից ՈՒԳԸ գիտական հոդվածների ժողովածուների ճանաչելիության մասին, շեշտեց, որ վերջին երկու տարիներին էապես աճել է ուսանողական գիտական ամառային դպրոցների, արտագնա սեմինարների և գիտական ճամբարների տեսակարար կշիռը, որոնք իրականացվում են համապատասխան ոլորտում գործող ձեռնարկությունների և կազմակերպությունների հետ:

Պրոռեկտորը կարևորեց արդի պայմաններում ուսանողին և երիտասարդ գիտնականին գիտական աշխատանք կատարելու, պատշաճ գրելու համար անհրաժեշտ հմտություններ սովորեցնելը՝ ընդգծելով այդ գործում Ուսանողական գիտական ընկերության դերն ու նշանակությունը:

«ՈՒԳԸ 70-ամյակը մեզ համար լավ առիթ է հետադարձ հայացք նետելու, գնահատելու համար մեր կատարած աշխատանքը և նախանշելու առաջիկա ծրագրերը: Այսօր մենք կարող ենք փաստել, որ անցած 70 տարիների ընթացքում ՈՒԳԸ-ն ունեցել է մեծ ներդրում, բազմաթիվ անվանի գիտնականներ անցել են ՈՒԳԸ-ի ճանապարհով, և մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում բոլոր սերունդների ՈՒԳԸ-ականներին»,- եզրափակեց պարոն Մարկոսյանը:

ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը նույնպես բարձր գնահատեց ՈՒԳԸ-ի ծավալած 70-ամյա գործունեությունը՝ նշելով, որ շատ ոգևորիչ է նմանաբնույթ գիտաժողով կազմակերպելը. «ԿԳՆ-ն մշակում է օրենքի նոր նախագիծ, որում կարևոր տեղ է հատկացվում գիտություն-բուհ-տնտեսություն եռանկյունուն, իսկ գիտական ընկերությունը կարևոր դեր կարող է ունենալ այդտեղ: Եթե այդ եռանկյունին ճիշտ է կայանում, ապա երկրի առջև ծառացած բոլոր մարտահրավերներն իրենց ճիշտ լուծումներն են գտնում, քանի որ գիտությունն այն կարևոր ոլորտն է, որը նորարարություն է ապահովում տնտեսության զարգացման համար, իսկ կրթությունը, գիտելիքներ տալուց բացի, նաև քաղաքացի է պատրաստում: Խոսքս ուզում եմ ավարտել հետևյալ ձևով. կցանկանամ, որ ձեր կողմից արվող ապագա գյուտերը երբեք հարձակվողական զենք չպատրաստեն, այլ միայն խոցեն այն զրահները, որոնք հարձակվողական բնույթի են՝ ուղղված մեր դեմ»:

ՈՒԳԸ նախագահ Մհեր Հակոբյանը, ամփոփելով ՈՒԳԸ 4-րդ միջազգային գիտաժողովի աշխատանքները, կատարած մեծածավալ աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց ՈՒԳԸ թիմին, ԵՊՀ ռեկտորատին՝ գիտաժողովի կազմակերպմանը մեծապես աջակցելու համար, ֆակուլտետների ղեկավարությանը՝ մասնագիտական աջակցության համար, Մշակույթի կենտրոնին՝ մշակութային մասը կազմակերպելու համար, ինչպես նաև բոլոր մասնակիցներին՝ հետաքրքրություն ցուցաբերելու համար:

«Գիտաժողովն ավելի քան 100 ՈՒԳԸ-ականների նվիրված աշխատանքի և վճռականության արդյունքն է: Գիտաժողովի նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս մեկ տարի առաջ, և մենք ունեցել ենք ավելի քան 500 հայտ 4 աշխարհամասերից, ինչն աննախադեպ ցուցանիշ էր մեզ համար: Նախորդող 5 օրերը խիստ կարևոր էին կառույցի պատմության համար: 17 մասնագիտական բաժանմունքներում հնչեցին շուրջ 350 զեկուցումներ, տեղի ունեցան գիտական թեժ բանավեճեր, որոնք գիտաժողովը դարձրին երկխոսության հիանալի հարթակ, որտեղ երիտասարդները հանդես եկան նորարարական գաղափարներով ու դրսևորեցին գիտական մեծ ներուժ: Մեր գիտաժողովը նշանակալի դարձավ նաև 14 երկրներից ժամանած հյուրերով, որոնց ակտիվ մասնակցությունն ու հետաքրքիր զեկուցումներն ավելի արգասաբեր դարձրին գիտաժողովի աշխատանքները»,- նշեց կառույցի այժմյան ղեկավարը:

ՈՒԳԸ նախագահը փաստեց, որ 70 տարիների ընթացքում տարբեր մասնագիտություն ունեցած 35 նախագահները նպաստել են կառույցի զարգացմանն ու ընդլայնմանը՝ դրսևորելով տարբեր մոտեցումներ, սակայն ՈՒԳԸ գաղափարախոսության հիմքում միշտ էլ եղել է ուսանողների և երիտասարդների շրջանում գիտության նկատմամբ հետաքրքրության ու հոգևոր արժեքների խթանումը. «Հուսով ենք, որ ապագայում ծավալած գործունեության արդյունքում ՈՒԳԸ-ն կդառնա Հայաստանի կենտրոնական գիտական կառույցը և համեմատելի կլինի ոչ միայն ուսանողական կազմակերպությունների հետ»:

Մհեր Հակոբյանը հույս հայտնեց նաև, որ գիտաժողովը դրական հետք կթողնի մասնակիցների գիտական գործունեության վրա, և գիտաժողովի ընթացքում ձևավորված հարաբերությունները Հայաստանը կդարձնեն հետագա գիտական միջոցառումների կազմակերպման վայր:

Տարբեր բաժանմունքներում լավագույն զեկուցումների հեղինակներին խրախուսական մրցանակներ (մասնագիտական գրքեր և պատվոգրեր) հանձնեցին ԵՊՀ ՈՒԳԸ նախկին նախագահները: Հաղորդավարները հնչեցրին նաև անցած 70 տարիների ընթացքում կառույցը ղեկավարած անձանց անունները:

Միջոցառման ընթացքում երաժշտական ու պարային գեղեցիկ և ուրույն կատարումներով հանդես եկան ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները:


Հասմիկ Ասլանյան