07.10.2017
ԵՊՀ ՀՐԱՁԻԳՆԵՐԻ ԹԻՄԸ ՆՎԱՃԵԼ Է ՉԵՄՊԻՈՆԻ ՏԻՏՂՈՍԸ
Հանրապետական 18-րդ ուսանողական խաղերի մեկնարկը տրվել է 2017 թվականի մարտ ամսին: Խաղերն անցկացվում են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բուհերի ու դրանց մասնաճյուղերի ուսանողների միջև՝ 10 մարզաձևերով:

Նոր ուսումնական տարում՝ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին, Հանրապետական ուսանողական մարզական խաղերի շրջանակում կայացել են կրոսավազքի, լողի, հրաձգության, ֆուտզալի և ձեռքի գնդակի մրցումները: Որոշ խաղերի ԵՊՀ ուսանողները չեն մասնակցել:

Սեպտեմբերի 20-ին կրոսավազքի՝ 800 մետր վազքատարածության ստուգատեսին 60 մասնակիցների շարքում առաջին հորիզոնականը զբաղեցրել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ Բալաբեկ Հարությունյանը (նշենք, որ Բ. Հարությունյանը հոկտեմբերի 15-ին Երևանում անցկացված կիսամարաթոնի 5 կմ վազքատարածությունում, որին մասնակցում էին 400 մասնակիցներ 30 երկրներից, զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը):

Սեպտեմբերի 30-ին՝ լողի անհատական մրցումների ժամանակ, ԵՊՀ ուսանողները ևս գոհացուցիչ արդյունքներ են արձանագրել:


ԵՊՀ հրաձիգ ուսանողները վերահաստատում են առաջատարի դիրքերը

Հոկտեմբերի 7-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցում (ՄՊՄԴ-ում) տեղի է ունեցել հրաձգության մրցույթը: Արդեն երկրորդ տարին է՝ ԵՊՀ ուսանողները ՀՀ ուսանողական մարզական խաղերում լավագույն արդյունքներն են գրանցում:

Հրաձգության մրցույթն անցկացվել է երկու եղանակով՝ անհատական և թիմային: Յուրաքանչյուր թիմում ընդգրկված են եղել երեք մարզիկներ՝ երկու հրաձիգ և մեկ հրաձգուհի: Թիմային առաջնության արդյունքները որոշվել են թիմի երեք անդամների վաստակած միավորների առավելագույն գումարով:

Հրաձգության մրցույթում ԵՊՀ-ն ներկայացրել են Ռուս բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Էմմա Միքայելյանը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժնի 4-րդ կուրսի ուսանող Հայկ Հունանյանը և Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում բաժնի 4-րդ կուրսի ուսանող Տելեմակ Թադևոսյանը:

ԵՊՀ ուսանողուհի Էմմա Միքայելյանը հրաձգության հանդեպ հետաքրքրություն ունեցել է դեռ մանկության տարիներից: Նրա հայրիկն Արցախյան պատերազմի տարիներին դիպուկահար է եղել. ինչպես ասում է ապագա բանասերը, հրաձգության հանդեպ սերը ժառանգաբար է փոխանցվել իրեն:

ԵՊՀ մարզական խմբակներում հրաձգության մարզումներին ուսանողները մասնակցում են շաբաթական 3 անգամ, կրակում են օդամղիչ զենքերով: Սակայն մրցույթի ժամանակ հրաձիգները, ըստ մրցաշարի կանոնակարգի, պետք է կրակեն 5.6 մմ տրամաչափի «Մարգուլին» տեսակի ատրճանակից: Այդ իսկ պատճառով մինչ մրցումները հրաձգության խմբակի մարզիչ Վլադիմիր Ավագիմյանցը ուսանողների հետ մի քանի պարապմունք անցկացնում է այլ հրաձգարանում, որտեղ նրանք ուսանողական ստուգատեսին լիարժեք նախապատրաստվելու, զենքի նրբությունները, տեխնիկան հասկանալու հնարավորություն են ունենում:

«2015 թվականին Ուսանողական խաղերում գրավեցինք երկրորդ տեղը և ինքներս մեզ խոստացանք, որ ամեն ինչ կանենք հաջորդ տարի՝ 2016 թ.-ին հաղթելու համար: Նպատակ ունեինք, ցանկությունն էլ շատ մեծ էր, այդ պատճառով էլ նվաճեցինք գավաթը»,- նշում է Էմմա Միքայելյանը և հավելում, որ այս տարի իրենք համակված էին հաղթողի տիտղոսը պահպանելու և վերահաստատելու մեծ ձգտմամբ, ինչը իրականություն դարձրին:

Ապագա դիվանագետ, միջազգայնագետ Հայկ Հունանյանը Հանրապետական ուսանողական մարզական նախորդ խաղերի ժամանակ հրաձիգների թիմում փոխարինել էր իր ընկերներից մեկին: Փոխարինեց մեկ անգամ, սակայն մնաց ԵՊՀ թիմում և արդեն մի քանի անգամ գրանցել է բարձր արդյունքներ:

«Ամենակարևորը մարզիչի խորհուրդներին հետևելն է: Եթե չլսես, չհասկանաս և չհիշես այդ խորհուրդներն ու դիտողությունները, ոչինչ չի ստացվի: Երբ մրցման ժամանակ հետևում էի մյուս հրաձիգներին, տեսնում էի նրանց սխալները, հիշում բոլոր այն դիտողությունները, որ անում էր մեր մարզիչը: Ուզում էի, որ մյուս մասնակիցներն էլ այդ նույն սխալները չկրկնեին»,- ասում է Հայկ Հունանյանը:

Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Տելեմակ Թադևոսյանը պատմում է, որ անգամ դպրոցական տարիներին մասնակցել է կրակային մարզումներին, 2-3 անգամ համայնքի կողմից կազմակերպված մրցումներին, ստացել է պատվոգրեր և շնորհակալագրեր: Ընդունվելով ԵՊՀ՝ մարզական խմբակում շարունակել է զբաղվել հրաձգությամբ: Համալսարանականը Հանրապետական ուսանողական մարզական խաղերին մասնակցել արդեն երեք անգամ՝ 2015 թվականից սկսած:

«Առաջին անգամ 2-րդ տեղն եմ զբաղեցրել՝ կրակելով ատրճանակից: Հետո թիմակիցներով խոստացանք, որ հաջորդ տարի ոսկին ենք նվաճելու և հավատարիմ մնալով մեր խոստմանը՝ հաղթեցինք: Այս տարի պահեցինք մեր ոսկին: Պետք է աշխատենք, ամեն ինչ անենք, որ Մայր բուհի պատիվը միշտ բարձր պահենք»,- ասում է Տելեմակ Թադևոսյանը:

Հրաձգության մրցման ժամանակ որոշիչը և կարևորը ձգանը սեղմելու պահն է: Ինչպես փաստում են հրաձիգ ուսանողները, այդ պահին ոչ մի բանի մասին չեն մտածում: Տելեմակ Թադևոսյանը պատմում է. «Վերջին պահին անգամ չես մտածում 10-ին կրակելու մասին: Պետք է մտքերդ հավաքես, մի պահ մոռանաս ամեն բան և հիշես ընդամենը մի քանի կարևորագույն կանոն շնչառության և կրակելու դիրքի մասին: Ձեռքդ պետք է չդողա, որ վարժ և հանգիստ կրակես»:

Համալսարանականը կարևորում է նաև երիտասարդների շրջանում հրաձգության տարածումն ու զարգացումը. «Մենք ապրում ենք ո՛չ խաղաղություն, ո՛չ պատերազմող երկրում: Դա պարտավորեցնող է հայ երիտասարդների համար, և մենք պարտավոր ենք զբաղվել հրաձգությամբ: Այժմ ԵՊՀ մարզական համալիրի՝ նոր վերանորոգված մարզադահլիճում բոլոր ուսանողները կարող են յուրացնել հրաձգության համար անհրաժեշտ հմտությունները: Մեր ժամանակներում արդեն աղջիկներն էլ են կրակում, ինչը շատ ողջունելի է և ոգեշնչող»:

Մեզ հետ զրույցում ԵՊՀ ֆիզդաստիարակության և սպորտի ամբիոնի դասախոս, մարզիչ Վլադիմիր Ավագիմյանցը նշեց, որ թեև արդեն մի քանի տարի է, ինչ հրաձգություն մարզաձևում ԵՊՀ ուսանողները կարողանում են հավուր պատշաճի ներկայանալ, այնուամենայնիվ հաղթանակ տոնելը հրաձգության թիմի ուսանողների համար երբեք չի եղել առաջնային խնդիր:

«Մրցման ժամանակ առաջնային խնդիրը գործողությունների ճիշտ կատարումն է: Հաղթանակն էլ գալիս է դրա հետ: Եթե դու կրակագծում մտածում ես քո գործողությունների մասին՝ ճիշտ կանգնած ես, ճիշտ նշանառություն ես կատարում, ձգանը ճիշտ ես սեղմում, կարգավորում ես շնչառությունդ, ապա արդյունքը միշտ էլ դրական է լինում: Պայքարի ընթացքն է հենց արժևորում հաղթանակի բերկրանքը: Միջազգային օլիմպիական կոմիտեի հիմնադիր Պիեռ դը Կուբերտենն ասում էր. «Կարևորը պայքարն է, այլ ոչ թե հաղթանակի հրճվանքը»: Մենք այդ սկզբունքով ենք առաջնորդվում»,- շեշտեց Վլադիմիր Ավագիմյանցը:

ԵՊՀ հրաձիգների հաղթող թիմի անդամները պարգևատրվել են մեդալներով, համապատասխան կարգերի պատվոգրերով և գավաթով:

Տեղեկացնենք նաև, որ նոյեմբեր ամսին տեղի են ունենալու բասկետբոլ (տղաներ) և վոլեյբոլ (աղջիկներ) մարզաձևերի առաջնությունները:


Միլենա Մկրտչյան