19.10.2017
«ԱԿՏԻՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԻՎ ԿԱՐՈՂ ԵՆՔ ՆՊԱՍՏԵԼ ՄԵՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆԸ»
Հոկտեմբերի 19-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Կրթության հիմնահարցերը 21-րդ դարում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը՝ նվիրված ԵՊՀ մանկավարժության ամբիոնի 96-ամյակին:

ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի (ԵՊՀ գիտխորհրդի՝ հուլիսի 6-ի որոշմամբ՝ Մանկավարժության ամբիոնն առանձնացել է ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետից և մտել նորաստեղծ կենտրոնի կազմի մեջ) կողմից կազմակերպված գիտաժողովի նպատակն էր մեկտեղել տարբեր երկրների գիտնականներին ու մանկավարժներին՝ քննարկելու, վերլուծելու կրթության ու մանկավարժության ոլորտում առկա հիմնահարցերը:

Միջազգային գիտաժողովին մասնակցում էին կրթական ոլորտի մասնագետներ և փորձագետներ Հայաստանից, Նիդեռլանդներից, Ավստրիայից, Գերմանիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից և Վրաստանից: Ներկա էին նաև ՀՀ-ում գիտաժողովի մասնակից երկրների դեսպանատների, ՀՀ ԳԱԱ, Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի (DAAD), ինչպես նաև հայաստանյան մի շարք բուհերի ներկայացուցիչներ:

Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողության սկզբում ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն Նազիկ Հարությունյանը ողջունեց և հաջողություն մաղթեց գիտաժողովի մասնակիցներին. «Այսօր հավաքվել ենք, որպեսզի քննարկենք կրթությանն ու գիտությանն առնչվող տարբեր խնդիրներ և հիմնահարցեր: Գիտաժողովի ընթացքում կծանոթանանք նաև ներկա գիտնականների ձեռքբերումներին և կիրականացնենք փորձի փոխանակում: Մենք վստահ ենք, որ այս գիտաժողովը հետագա համագործակցության խթան կդառնա, և կարծում ենք, որ ակտիվ համագործակցության շնորհիվ կարող ենք նպաստել մեր երկրների գիտության ու կրթության զարգացմանը»:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն էլ նշեց, որ գիտաժողովն ընդգրկում է շատ լայն թեմա. «21-րդ դարի կրթության հիմնահարցերը, պահանջներն ու զարգացման ուղիներն անսահման մեծ ընդգրկում ունեն: Բոլորս էլ հասկանում ենք, որ ապրում ենք մեծ թափով զարգացող աշխարհում, այն ժամանակներում, երբ իրականանում է տեխնոլոգիական արդեն 4-րդ հեղափոխությունը, որի արդյունքները մեզ դեռ այնքան էլ հասկանալի չեն: Մենք ապրում ենք նորարարական փոփոխությունների դարաշրջանում, որտեղ իր ուրույն տեղն ունի նաև կրթությունը: 21-րդ դարի կրթությունն այն հիմնաքարն է, որի շնորհիվ յուրաքանչյուր ազգ, յուրաքանչյուր երկիր ու յուրաքանչյուր հասարակություն ձգտում են իրենց տեղը զբաղեցնել 21-րդ դարի բոլոր երկրների ու ազգերի միջև: Հայաստանը նույնպես հասկանում է, որ կրթությունն է սահմանում երկրի ապագան»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը. «Մեզ համար մանկավարժությունը հոմանիշ է մարդակերտումի, որովհետև հավատացած ենք, որ մանկավարժի առաքելությունը երկրի վրա ինչ-որ առումով սերտորեն կապված է նաև հոգևորականի առաքելության հետ՝ կերտելու, պատրաստելու, մարդուն իր աստվածային պատկերի մասին հիշեցնելու առումով: Այսօր մանկավարժը կոչված է ոչ միայն գիտելիք փոխանցելու, այլև կրթված և դաստիարակված պատանի ու երիտասարդ ճանապարհելու դեպի հասարակություն»:

ՀՀ-ում Վրաստանի դեսպանատան ավագ խորհրդական Նինո Աբցիաուրին, շնորհավորելով ԵՊՀ մանկավարժության ամբիոնի 96-ամյակի կապակցությամբ, գիտաժողովի մասնակիցներին նույնպես հաջողություն մաղթեց. «Նազիկ Հարությունյանի կողմից տարածաշրջանային բազմաթիվ գիտաժողովներ են կազմակերպվել, և ես համոզված եմ, որ միջազգային այս գիտաժողովն էլ շատ լավ կանցնի և շատ հիմնահարցերի պատասխաններ կտա: Մենք ողջունում ենք այս համագործակցությունը: Հայաստանում լավ գիտեն, որ լավագույն ներդրումը գիտության և կրթության մեջ արված ներդրումն է»:

Բացման հանդիսավոր արարողությանը հաջորդեց գիտաժողովի լիագումար նիստը, որի ընթացքում զեկուցումներով հանդես եկան ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ալեքսանդր Գրիգորյանը, Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն Նազիկ Հարությունյանը, Ռուսաստանը, Նիդեռլանդները և Գերմանիան ներկայացնող մասնակիցները: Այնուհետև գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին առանձին բաժանմունքներում:

Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դոցենտ Գարուն Բաբայանը գիտաժողովին ներկայացրեց «Զորամասերում քրիստոնեական դաստիարակությունը հայ զինվորների շրջանում» թեմայով զեկուցումը՝ փաստելով, որ ՀՀ-ում օրենսդրությունը չի ընդդիմանում, այլ ընդհակառակը՝ նպաստում է Հայ առաքելական եկեղեցու համերաշխությանը, կրոնական այլ հավատքի հավատացյալների ազատ կամքի դրսևորմանը. «Այդ առումով զորամասերում իրականացվում է քրիստոնեական դաստիարակություն, որի նպատակները բազմազան են և բազմաբնույթ, բայց և խիստ արդիական, քանի որ մեր օրերում աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, կրոնական քողի տակ մղվող պատերազմները, բռնությունները, ահաբեկչությունները պահանջում են զգուշավորություն և օբյեկտիվ վերաբերմունք նման վնասարար, հակամարդկային, հակակրոնական երևույթների նկատմամբ»:

Ըստ Գարուն Բաբայանի՝ հոգևոր սպասավորներից պահանջվում է կարևորել տարբեր ծեսերի, ծիսակատարությունների կազմակերպումն ու անցկացումը, մկրտվելը, քրիստոնեական տոների անցկացման գործում զինվորների ներգրավումը, զրույցներ վարել զինվորների հետ (անհատական կամ խմբակային)՝ նրանց պատմելով հայ եկեղեցու անցած ուղու, տարբեր ժամանակներում մղված պատերազմներում հոգևորականների մասնակցության, նրանց իրագործած սխրանքների, հայրենիքին նվիրված լինելու, ուրիշներին օրինակ ծառայելու մասին, զինվորների շրջանում բացատրական աշխատանք տանել հայրենիքին ծառայելու, պատասխանատվության, զինվորի մարդասիրության, այլ ազգերի և կրոնների նկատմամբ հարգանքի դրսևորման, կրոնական աղանդների և աղանդավորների գործունեության վերաբերյալ և այլն:

Գիտաժողովում Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանը ներկայացնող մասնակից Լուսիկ Ղուկասյանն էլ հանդես եկավ «Սոցիալ-մանկավարժական ծառայությունների դերը ընտանիքի աջակցության գործընթացում» թեմայով զեկուցմամբ՝ ընդգծելով, որ այսօր հասարակական կյանքի տարբեր ոլորտներում ընթացող փոփոխությունների, ճգնաժամային զարգացումների պարագայում շատ հաճախ է փոփոխվում ընտանիքի կարգավիճակը. «Փլուզվում են ընտանիքի կենսագործունեության արդյունավետ ձևերը, չեն գործում հարմարման մեխանիզմները, տեղի են ունենում բախումներ, անխուսափելի են դառնում դերային համակարգում փոփոխությունները, խնդիրներն ու դժվարությունները: Խափանվում է ընտանիքի կենսագործունեության բնականոն ընթացքը, մեծանում են վնասը երեխաների կյանքում, ինչպես նաև սոցիալ-մանկավարժական խնդիրների առաջացման հավանականությունը երեխաների մոտ, ընտանիքում, դպրոցում և այլ սոցիալական ինստիտուտներում: Այսպիսի պայմաններում ընտանիքին աջակցության ցուցաբերման հիմնախնդիրը հրատապ և արդիական է դառնում սոցիալ-մանկավարժական հնարավոր ծառայությունների կազմակերպման, պարզաբանման, տարբեր տեխնոլոգիաների կիրառման հիմնավորման տեսանկյունից»:

Ըստ բանախոսի՝ սոցիալ-մանկավարժական ուղղվածությամբ ծառայությունների շարքում կարելի է առանձնացնել հետևյալ խնդիրները. ստեղծել ընտանիքին աջակցող համալիր օգնության համակարգ, որտեղ կտրամադրվեն նյութական օգնություն, սոցիալ-իրավական, սոցիալ-բժշկական, սոցիալ-կենցաղային ծառայություններ, իրականացնել սոցիալ-մանկավարժական, սոցիալ-հոգեբանական խորհրդատվական աշխատանքներ, իրականացնել անհատական, խմբային, սոցիալ-կրթական աշխատանքներ, շտկողական միջամտություններ և այլն:

Այդ ամենից զատ՝ բանախոսը, հաշվի առնելով Հայաստանում սոցիալապես անապահով, ռիսկի խմբի և դժվարին իրավիճակներում հայտնված ընտանիքների համար գոյություն ունեցող ծառայությունների առկայությունը, առաջարկեց նաև այնպիսի բարեփոխումներ իրականացնել, որոնց հիմքը լինի երեխաների և ընտանիքի պաշտպանությունը. «Այս առումով պետք է ստեղծել կառույցներ, ենթակառույցներ, որոնք դեռևս չեն գործել մեր երկրում: Կարելի է կազմավորել ոլորտային կառուցվածքներ և նպատակային գործող ծառայություններ, որոնք կգործեն մշակված ռազմավարության շրջանակում»:

Գիտաժողովի ավարտին Նազիկ Հարությունյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ միջոցառման շրջանակում ոլորտի մասնագետների սերտ համագործակցությունն ու գիտական կապերի ընդլայնումն էապես կբարձրացնեն հիմնահարցերի լուծման ուղղությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետությունը:

Տեղեկացնենք նաև, որ գիտաժողովի բոլոր զեկուցումներն արդեն լույս են տեսել «Կրթության հիմնահարցերը 21-րդ դարում» միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածուում:

Քնար Միսակյան